Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԵՔՀԵՄՆ ԱՄԵՆ ԻՆՉԻ ՀԱՄԱՁԱՅՆ Է

Մայիս 01,2003 00:00

ԲԵՔՀԵՄՆ ԱՄԵՆ ԻՆՉԻ ՀԱՄԱՁԱՅՆ Է Ֆուտբոլասերներն արդեն տեղյակ են, որ «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում կայացած Չեմպիոնների լիգայի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Ռեալ» հանդիպումից հետո, երբ դաշտի տերերը հաղթեցին 4։3 հաշվով, բայց երկու խաղերի արդյունքով դուրս մնացին հետագա պայքարից, անգլիացիների լեգենդար կիսապաշտպան Դեւիդ Բեքհեմն իր գործակալին հանձնարարել է բանակցություններ սկսել «Ռեալի» ղեկավարության հետ, իր՝ արքայական ակումբ տեղափոխվելու համար։ Արտասահմանյան լրատվամիջոցները, անդրադառնալով խնդրին, նշում են մի քանի հետաքրքիր մանրամասներ։ Մասնավորապես, Իսպանիայի «Ac» մարզական թերթը տեղեկացնում է, թե Բեքհեմը մտադիր է «Ռեալ» տեղափոխվել նույնիսկ այն դեպքում, երբ նրա եկամուտներն այստեղ զգալիորեն կնվազեն։ Թերթի տվյալներով, անգլիացի ֆուտբոլիստը համաձայն է արքայական ակումբում ստանալ այնքան աշխատավարձ, որքան Ռոնալդոն, Զիդանը, Ռաուլն ու Ֆիգուն՝ տարեկան 6 մլն եվրո։ Այսինքն, գործարքը կայանալու դեպքում Բեքհեմը Մադրիդում կստանա տարեկան 2 մլն եվրո պակաս։ «Ռեալի» ղեկավարության համար Բեքհեմի աշխատավարձը մյուս աստղերի ստացածի հետ հավասար լինելու հանգամանքն անչափ կարեւոր է, քանի որ ակումբի հաշվապահությունում կպահպանվի ստատուս քվոն, իսկ մյուս կողմից թիմում կպահպանվի բարոյական ոգին։ Ավելին, ըստ թերթի, Բեքհեմի գործակալ Թոնի Ստեֆենսի եւ «Ռեալի» ղեկավարության առաջին շփումների արդյունքով հայտնի է դարձել մեկ այլ մանրամասն, որին նույնպես Բեքհեմը համաձայնել է։ Դա բոլոր ֆուտբոլիստների համար այն պարտադիր պահանջն է, ըստ որի, յուրաքանչյուր ֆուտբոլիստ իր իմիջն օգտագործելով գովազդներում, պարտավոր է վաստակած գումարների 50%-ը փոխանցել ակումբի դրամարկղ։ Ինչ վերաբերում է տրանսֆերի արժեքին, թերթի ունեցած տեղեկություններով, «Ռեալ» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը Բեքհեմի համար մտադիր չէ վճարել 36 մլն եվրոյից ավելի։ Ընդ որում, ֆուտբոլիստին ձեռք բերելու գինը կարող է նվազել, եթե գործարքի մեջ հնարավոր լինի մտցնել նաեւ իսպանացի Ֆեռնանդո Մորիենտեսի, արգենտինացի Սանտյագո Սոլարիի կամ կամերունցի Ժերեմիի տրանսֆերը։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել