Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՈՉԱՐՅԱՆԸ ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆԻ ԱՌՋԵ՞Վ

Մայիս 03,2003 00:00

ՔՈՉԱՐՅԱՆԸ ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆԻ ԱՌՋԵ՞Վ Մարտի 31-ին ԵԽ ԽՎ լիագումար նիստին ՀՀ նախագահական ընտրություններում դիտորդական առաքելության ղեկավար լորդ Ռասել Ջոնսթոնի ներկայացրած զեկույցում /փաստաթուղթ 9742/ խորհուրդ էր տրված դիմել Եվրոդատարան: Մասնավորապես նշված էր (կետ 10). «Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի վավերացման արդյունքում, Արձանագրություն 1, հոդված 3-ի համաձայն, ընտրություններին առնչվող բողոքներն այժմ կարող են ներկայացվել Ստրասբուրգում գտնվող Մարդու իրավունքների եվրոպական դատարան»: Հիշատակված Արձանագրությունը 1952-ի մարտի 20-ին Փարիզում ընդունված փաստաթուղթ է, որի 3-րդ հոդվածը ունի հետեւյալ բովանդակությունը. «Ազատ ընտրությունների իրավունք Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են անցկացնել ազատ ընտրություններ՝ ողջամիտ պարբերականությամբ, գաղտնի քվեարկությամբ, այնպիսի պայմաններում, որոնք կապահովեն ժողովրդի կամքի ազատ արտահայտումն օրենսդիր իշխանություն ընտրելիս»: Պաշտոնական թարգմանության «օրենսդիր իշխանություն» բառակապակցությունը գործածված է իբրեւ 8220legislature8221-ի համարժեք: Այստեղից էլ միայն հայերեն տեքստին ծանոթ որոշ իրավաբանների մեջ առաջացել է թյուրիմացություն, թե լորդ Ջոնսթոնը ճիշտ չէ ՀՀ նախագահական ընտրությունների կապակցությամբ Եվրոդատարան դիմելու իր խորհրդի մեջ: Հայերեն տեքստից եզրակացվել է, թե բողոքարկվել կարող են միայն խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Մինչդեռ Քոչարյանին Եվրոդատարանի միանգամայն կանխատեսելի վճռից փրկել ցանկացողները ե՛ւ լեզվաբանական առումով, ե՛ւ նախադեպի գոյության տեսակետից բարեհոգի անտեղյակության մեջ են: Լեզվաբանական առումով 8220legislature8221-ն օրենսդրական, այն է՝ «համապարտադիր վարքի նորմեր սահմանելու» իրավասություն ունեցող մարմինն է: Համաձայն իրավագիտական բառարանների, դա կարող է լինել խորհրդարանը, տեղական ինքնակառավարման մարմինը, վերպետական կառույցը եւ այլն: Ի դեպ, հայերեն օրենսդիր իշխանություն արտահայտությունն էլ անգլերեն «legislative power»-ն է, ոչ 8220legislature8221-ը: Լեզվաբանությունից անցում կատարելով իրավաբանությանը՝ փաստ է, որ ՀՀ-ում օրենքներով չկարգավորվող հարցերը կարգավորվում են ՀՀ նախագահի հրամանագրերով: Եթե ուրիշ ոչինչ էլ չասվի՝ բավական է եւ այն, որ ՀՀ կառավարության գործունեությունը կարգավորող իրավական փաստաթուղթը ոչ թե ՀՀ օրենքն է, այլ ՀՀ նախագահի հրամանագիրը: Ավելին՝ ՀՀ Սահմանադրությունը նախագահին օժտել է նաեւ պրոմուլգացիայի /ստորագրությամբ օրինագծին օրենքի ուժ տալու եւ հրապարակելու/ մենաշնորհով: Մինչեւ 1995-ի Սահմանադրության ընդունումը «ՀՀ նախագահի մասին» օրենքը ներառում էր դրույթ, որով ԱԺ նախագահին որոշակի դեպքերում օրինագիծ ստորագրելու եւ հրապարակելու իրավունք էր վերապահված: 95-ի Սահմանադրությամբ այդ իրավասությունը վերացվել է, եւ ՀՀ նախագահը պրոմուլգացիայի իր մենաշնորհով դարձել է օրենսդիր իշխանության իրացման ուղղակի մասնակից: ՀՀ նախագահական ընտրությունների բողոքարկումը Եվրոդատարանին ընդդատյա գործ է նաեւ նախադեպի տեսակետից: Արձանագրություն 1, հոդված 3-րդ, այն է՝ «Ազատ ընտրությունների իրավունքին» առնչվող դատական գործերում, որոնք լսվել են Եվրոդատարանում, միանշանակորեն մեկնաբանված է, որ հոդվածը Կոնվենցիան վավերացրած Բարձր կողմերին պարտավորեցնում է «անցկացնել ազատ եւ արդար ընտրություններ»: Եվ՝ վերջ: Իռացիոնալ է կարծել, թե տեղական ինքնակառավարման մարմնի, Եվրախորհրդարանի կամ ազգային խորհրդարանների ընտրությունները Բարձր կողմը պարտավոր է անցկացնել ազատ եւ արդար, իսկ նախագահական ընտրությունները՝ անազատ եւ անարդար: Քանի որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի առաքելությունը, ըստ էության, Կոնվենցիայի 1-ին հոդվածի «Մարդու իրավունքները հարգելու պարտականության» հանդեպ վերահսկողությունն է, ապա ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության վերջնական զեկույցը Ռասել Ջոնսթոնի՝ Եվրոդատարանին դիմելու խորհուրդը գրեթե դարձրել է այլընտրանք չունեցող: Փաստված է, որ ՀՀ իշխանությունները չեն ապահովում ազատ եւ արդար ընտրությունների անցկացում՝ մասնավորապես, անպատժելի թողնելով ընտրախախտումներ իրականացրած անձանց: Ընդհուպ՝ քրեական հանցանքների աղերսվող ընտրախախտումներ: Նաեւ ակնարկված է, որ ՀՀ ՍԴ-ի կողմից նախագահական ընտրությունները անվավեր ճանաչելու տարբերակը Սահմանադրությամբ հստակ կարգավորված էլ չէ: Եթե ասվածին հավելենք ՍԴ վճռին ՀՀ իրավապահ մարմինների արձագանքը, ապա միանշանակ է, որ Հայաստանում ազատ եւ արդար ընտրությունների իրավունքի վերականգնման ներպետական միջոցները ոչ միայն ըստ ձեւի, այլեւ ըստ բովանդակության սպառված են, եւ միակ ուղին Եվրոդատարանն է: Եվրոդատարանում Ստեփան Դեմիրճյանի դիմումը ներկայացվում է առ այն, որ Հայաստանի 2003-ի նախագահական ընտրություններում խախտվել է Կոնվենցիայի Արձանագրություն 1 հոդված 3-րդով երաշխավորվող «Ազատ ընտրության իրավունքը»: Թե ինչ արդյունքներ են գրանցվել ընտրություններում, եւ ով է հաղթել, Եվրոդատարանի համար նշանակություն չունի: Այս ատյանը քննում է ոչ թե փաստական հանգամանքներ, այլ հաստատում է կամ չի հաստատում իրավունքի խախտումը: Ոչ մի մտածող անհատ չի կասկածի, որ Ստեփան Դեմիրճյանին հարկավոր է ընդամենը Եվրոդատարանին ներկայացնել ՀՀ ՍԴ որոշումը, դրա վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության եւ Արդարադատության խորհրդի հայտարարությունները, ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության վերջնական զեկույցը եւ ԵԽ ԽՎ-ում Ռասել Ջոնսթոնի զեկույցը: Աղաղակող օրինախախտումներով անցկացված ընտրություններում Կոնվենցիայի Արձանագրություն 1, հոդված 3-ի ոտնահարումը Եվրոդատարանը, իհարկե, քննության կառնի: Կասկածից վեր է նաեւ, որ ելնելով գործի բնույթից, այն քննության կառնվի հնարավորինս սեղմ ժամկետներում: Եվրոդատարանի կողմից՝ Կոնվենցիայի որեւէ հոդվածի ոտնահարում արձանագրելը պատասխանող պետությանը արժենում է տուգանք եւ իրավունքը վերականգնելու իմպերատիվ պահանջ: Տվյալ դեպքում, թերեւս, ՀՀ ՍԴ-ն հարկադրված կլինի վերականգնել «Ազատ ընտրության իրավունքը» Հայաստանում՝ 2003-ի մարտի 5-ի ընտրությունները ճանաչելով անվավեր: ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել