Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՛չ քաղաքական գրպանահատությանը

Մայիս 06,2003 00:00

Ո՛չ քաղաքական գրպանահատությանը Ի տարբերություն նախագահի ընտրության, որտեղ մրցակիցներն իշխանությունն ու ընդդիմությունն էին, ԱԺ ընտրություններում հիմնական վեճը իշխանամետների եւ… իշխանամետների միջեւ է: Մեր այս պնդման ապացույցը ՀՅԴ քարոզչական խմբերից մեկի շաբաթավերջի հանդիպումներն էին: «Կինոյի տանը» եւ «Դերասանի տանը» ընտրողների հետ հանդիպեցին Արտաշես Թումանյանը, Աղվան Վարդանյանը եւ Ալվարդ Պետրոսյանը: Հատկապես վերջինս բավական բաց էր խոսում բոլոր թեմաներով եւ, մասնավորապես՝ նախագահի ընտրության ընթացքում դաշնակից կուսակցությունների մասին: Նախ՝ «Օրինաց երկրի» մասին. «Շատ զարմանալի բաներ են անում՝ կնունքներ եւ այլն: Այս թամաշան ինձ դուր չի գալիս: Եթե մենք պետք է զբաղվենք բարեսիրությամբ՝ ընտրությունից ընտրություն չպիտի զբաղվենք,- «Կինոյի տանն» ասաց տիկին Ալվարդը:- Մենք պետք է կարողանանք մեր ժողովրդին չվարժեցնել, չփչացնել այս բաներով»: Իսկ «Դերասանի տանը» մի միջադեպ պատմեց, որ վերաբերում էր արդեն «Հզոր Հայրենիքին». «Մի քանի օր առաջ ՀՕՄ էին զանգահարել եւ խնդրել, որ օգնենք՝ օլիմպիադա էր անցկացվում Սիամանթոյի անվան դպրոցում: Տնօրենն ասաց՝ դաշնակցական Սիամանթոյի անվան դպրոցն է, ՀՕՄ-ն էլ ՀՅԴ կառույցն է: Մերոնք էլ, բնականաբար օգնեցին… Միջոցառման ժամանակ պիտի ասվեր, թե այդ նվերները որտեղից են բաժանվել, քանի որ առնվազն Սփյուռքի առջեւ հաշվետու ենք՝ այնտեղից է գալիս այդ բարեսիրական օգնությունը: Բայց լրագրողներին չէին թողել ասել, որ ՀՕՄ-ն է նվերներ բաժանել: Փոխարենը հայտարարվեց, թե դպրոցը պաշտպանում է «Հզոր Հայրենիքին»: Ալվարդ Պետրոսյանը խոստացավ, թե հեռուստատեսությամբ առաջին իսկ ելույթի հնարավորության դեպքում ասելու է. «Շատ հետաքրքիր է՝ Ախալքալաքում հսկայական հիվանդանոց ենք բացում եւ Ջավախքի ջատագով «Հզոր Հայրենիքը» մի անգամ գոնե չի ասում, թե, ճիշտ է, Ջավախքի համար չգիտեմ՝ ինչ են անում, բայց Դաշնակցությունն ու ՀՕՄ-ն էլ են անում: Մենք կասեինք»: Թեման ամփոփեց. «Շատ վատ բան է քաղաքական գրպանահատությունը: Բոլոր միջոցներն օգտագործվում են մի ավելի քվե ստանալու համար»: Աղվան Վարդանյանը՝ չորոշակիացնելով, թե ում են վերաբերում իր ակնարկները, նշեց, թե ընտրության երկրորդ փուլում՝ «շատերը, զգալով իշխանության երերությունը, տեսնելով առաջին փուլում չկատարած աշխատանքի արդյունքը, սկսել էին տատանվել, երերալ, փորձում էին տարբեր դաշտերում խաղալ կամ, փորձում էին չերեւալ հասարակության առաջ, իրենց դիրքորոշումները չարտահայտել՝ հանկարծ թե կարող է վաղը ինչ-որ բան փոխվի» մինչդեռ՝ ՀՅԴ-ն խաղեր չտվեց ու չթաքնվեց՝ «տղամարդու նման կանգնեց եւ մինչեւ վերջ պաշտպանեց» Ռոբերտ Քոչարյանին: Թերեւս դարձյալ «ՕԵ»-ի՞ն նկատի ուներ, քանի որ ըստ լավատեղյակների՝ երկրորդ փուլից առաջ հեռուստաընկերությունները, մեղմ ասած, բարդություններ ունեին Արթուր Բաղդասարյանին եթեր հրավիրելու հարցում: Ի դեպ, նաեւ հանդիպման եկած ընտրողները չէին խնայում «ՕԵ»-ին. մեկն, ասենք, կշտամբեց ՀՅԴ-ին թույլ քարոզչության համար եւ նշեց, թե «ՕԵ»-ն, օրինակ, իրենից ոչինչ չի ներկայացնում, բայց ի՜նչ քարոզչություն է ծավալել»: Աղվան Վարդանյանը ակնարկներ արեց նաեւ ՀԺԱՄ-ի հասցեին եւ նշեց, թե երկար խոսում էին այն մասին, թե ԲԷՑ-երը չպիտի լինեն քաղաքական գործոն. «Գնալով մասնավորեցման՝ նաեւ խնդիր էր դրվում, որ այս համակարգը չի կարող ընտրությունների համար խնդիր դառնալ: Նախագահն ինքն այդպես էր մտածում, որ իրեն պետք չեն նման համակարգերը, որ ընտրություններին ծառայեն: Կարծես թե՝ ճիշտ ուղղություն էր, կարծես թե՝ ինչ-որ լուծումներ գտան, թեեւ արդյունավետությունը շատ կասկածելի է այսօր: Բայց հայտնվել ենք լրիվ հակառակ վիճակում: Այսօր մասնավոր ընկերությունն ի՛նքն է փորձում քաղաքական կյանքում դերակատար լինել, ազդել քաղաքական գործընթացների վրա, ինչն աննորմալ երեւույթ է»: Արտաշես Թումանյանը նշեց, թե Ռոբերտ Քոչարյանին պաշտպանելուց հետո՝ ՀՅԴ-ն նրան առաջարկում է լուրջ, համակարգային փոփոխություններ. «Կադրային փոփոխություններ կատարել, կառավարության նոր կազմ ունենալ, նոր սկզբունքներ, տնտեսական-սոցիալական քաղաքականության մեջ անել արմատական բարեփոխումներ», եւ այլն: Նա նաեւ մի կանխատեսում արեց, որն ամենայն հավանականությամբ՝ իրականանալու է. «Չեմ կարծում, թե այս ընտրությունների ընթացքում որեւէ կուսակցության հաջողվելու է ունենալ բացարձակ մեծամասնություն»: Սակայն հույս հայտնեց, որ «խոշոր խմբակցություններից ամենամեծը կարող էր լինել Դաշնակցությունը»: Էջի նյութերը՝ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031