Լրահոս
Օրվա լրահոսը

Ում է զարդարում համեստությունը

Մայիս 07,2003 00:00

Ում է զարդարում համեստությունը «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը հույս ուներ, որ այս ընտրարշավը կտարբերվեր նախագահականից: Սակայն ամրագրել է, որ այս անգամ մակարդակի բարձրացում, դժբախտաբար, չի նկատվում. «Կուսակցություններ կան, որ բուդ են բաժանում:8230Այս կուսակցությունների որակը երեւում է»: Ի տարբերություն վերջիններիս, «Ազգային համաձայնությունը» ապագայի կուսակցություն է: «Հիմա կարող եք ասել անհամեստ եմ, բայց համեստությունը զարդարում է կանանց մինչեւ 6 տարեկան, տղամարդկանց՝ մինչեւ 50 տարեկան: Մեր կուսակցությունը լուրջ գիտական հիմքեր ունի ոչ միայն Հայաստանի մասշտաբով, այլ ընդհանրապես: Ամբողջ կուսակցության գաղափարախոսության հենքը ոչ միայն լիբերալ-պահպանողականությունն է, այլ իրոք գիտական հիմնավորում ունի: Նախագահական ընտրությունների ժամանակ ինչ-որ մի մասը սատարում էր, մի մասը հայհոյում էր, հետո հայհոյողները միացան: Մենք ոչ հայհոյողներին ենք սատարում, ոչ սատարողներին ենք հայհոյում»: Պրն Հարությունյանը նաեւ դժվարանում է կանխատեսել, թե ինչ դասավորումներ կլինեն ԱԺ-ում, որովհետեւ վերադասավորումներն այս երկրում գաղափարական հենքի վրա չեն լինում: «Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելը նշանակում է, որ մեկը ներքեւից հայհոյում է, մյուսը վերեւից ասում է՝ ականջներդ կքաշեմ, եւ լուրջ չեն վերաբերվում: Պետությունն ուժեղ է ոչ միայն այն դեպքում, երբ օրենքներն են պահպանվում, այլ նաեւ բարոյական, ոչ պարտադիր համաձայնությունները: Միապետությունը հենվում է պատվի վրա, բռնապետությունը՝ վախի, իսկ ժողովրդավարությունը՝ առաքինության: Հղի կնոջը տրանսպորտում տեղ չտալու համար ոչ ոքի չեն դատում, բայց տեղ է տալիս, որովհետեւ այլապես ինքն իրեն լավ չի զգա: Ռուսոն ասում է՝ բնական ազատությունից քաղաքացիական ազատություն: Դա հենց այն է, որ ամեն մեկս կարող ենք անել այն, ինչ ուզում ենք, բայց ինչքան պետք է անի, դա ուրիշների հետ է կապված: Պատահական չէ, որ մեր ցուցակը 13 հոգի է, որովհետեւ գաղափարախոսություն տարածելու համար ի վերջո 1 եւ 12 հոգի են պետք: Էյնշտեյնին էլ ինչ-որ պահի շատ քիչ մարդ էր հավատում»: Արամ Հարությունյանն անդրադարձավ նաեւ իր անցյալի մասին լրագրողների անընդհատ հիշեցումներին. «Ես աճել եմ ու զարգացում եմ ապրել: Ես արմատներով ԱՄԿ-ից եմ, այդ մարդկանց հետ ճանապարհ եմ անցել, բայց անկախության շարժումն ավարտված է, ես աճել եմ, այնպես, ինչպես մարդ դպրոցն ավարտում է, ընդունվում է բուհ, եւ այլն, եւ այլն: Ես այդ ճանապարհն անցել եմ: Ես դպրոցի նույն խնդիրը հիմա կարող եմ ավելի լավ լուծել, բայց այն ժամանակ էլ սխալ չեմ լուծել: Ես եւ մերոնք: Այն մարդիկ, որ հիմնական կորիզն են: Ամեն մարդ պետք է պատասխան տա՝ ինչու է ինքն այսօր այստեղ, երեկ չէ մյուս օրն՝ այնտեղ: Պետք է հիմնավորի: Սեւակն ասում է՝ ես գործ ունեմ մարդու հետ, ոչ թե ամեն կարգի նրա արարքի հետ: Ինձ համար շատ կարեւոր է՝ մարդն այդ արժեքը կրո՞ւմ է, թե՞ ոչ: Մարդը, որ նախկին կոմունիստ է, մյուս օրը դառնում է ՀՀՇ-ական, երկրապահ՝ ընդ որում չբացատրելով, թե այդ անցումներն ինչու եղան: Չերչիլն 9 կուսակցություն է փոխել, բայց նա ամեն անգամ բացատրել է, ամեն անգամ ասել է, որ Անգլիայի շահերը պահանջում են, որ այսպես անեմ»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել