Լրահոս
Օրվա լրահոսը

Խակամադան մերոնցից է

Մայիս 22,2003 00:00

Խակամադան մերոնցից է Հայերը կօգնեն նրան վերընտրվել Պետդումայի պատգամավոր Երեկ Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության հրավերով Հայաստան ժամանած Իրինա Խակամադան (ՌԴ Պետդումայի փոխխոսնակ, «Աջ ուժերի դաշինք» կուսակցության համանախագահ) հանդիպեց Երեւանի պետհամալսարանի ուսանողության հետ։ Մինչ տիկին Խակամադային ներկայացնելը, ԵՊՀ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը հիացմունքով խոսեց «Գույք՝ պարտքի դիմաց» հայտնի համաձայնագրի ու, իր կարծիքով, դրա դրական հետեւանքների մասին։ Այնուհետեւ նշեց, որ ուշադիր հետեւում է ՌԴ-ում տեղի ունեցող գործընթացներին, ինչի արդյունքում եկել է այն եզրակացության, որ «տիկին Խակամադան շատ ակտիվ է, քաղաքական տնտեսագիտության դաշտում էլ՝ գիտուն։ Նա աջ ուժերի տեսակետները ներկայացնում է շատ համոզիչ ու հիմնավորված։ Այս կուսակցությունը միշտ բոլոր հարցերում մեզ պաշտպանում է։ Քանի որ աշնանն էլ ՌԴ-ում Պետդումայի ընտրություն է լինելու, մենք էլ կոչ կանենք, որ հայերը Ռուսաստանում սատարեն այն ուժերին, որոնք մեզ են սատարում»։ ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը ուսանողներին տեղեկացրեց, որ Ի. Խակամադան 1995թ. «Թայմս» ամսագրի հարցումներով ճանաչվել է դարի գործիչ, երկու անգամ էլ մեծամասնական կարգով նա ընտրվել է Պետդումայի պատգամավոր։ «Տիկին Խակամադան 2002-ին մասնակցել է ՀՌԱԿ համագումարին, դրա համար էլ 12,5%-ով հայուհի է»,- կատակեց Ռ. Միրզախանյանը։ Նա ասաց, որ Խակամադայի այցելությունը Հայաստան պայմանավորված է աջ ուժերի եւ ՀՌԱԿ-ի համագործակցությամբ ու գաղափարների ընդհանրությամբ։ «Ես մորս կողմից մասամբ հայուհի եմ, իսկ մյուս կողմից՝ ճապոնուհի։ Դրա համար էլ կրակն եմ ընկել իմ տաքարյունության պատճառով»,- կեսկատակ-կեսլուրջ ասաց Ի. Խակամադան։ Նա եւս հաստատեց, որ ռամկավարների ու «Աջ ուժերի դաշինքի» միջեւ համագործակցության համաձայնագիր կա, քանի որ նրանց մոտեցումները մի շարք հարցերի վերաբերյալ համընկնում են։ Ի. Խակամադան ԽՍՀՄ փլուզումը որակեց ողբերգություն, որի արդյունքում «հանրապետությունները կորցրել են իրենց ընդհանուր հայրենիքը, հետեւաբար՝ նաեւ դժվարություններին միասնականորեն դիմակայելու հնարավորությունները»։ Չնայած սրան, Ի. Խակամադայի կարծիքով, այսօր էլ նախկին խորհրդային հանրապետությունները «ուզենք, թե չուզենք, ճակատագրերով կապված են միմյանց»։ ՌԴ Պետդումայի փոխխոսնակը փաստեց, որ թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում ժողովրդի առաջ նույն խնդիրներն են ծառացած, որոնք գոնե փոքրիշատե պիտի փորձեն լուծել կուսակցությունները, փոխանակ պոպուլիզմով զբաղվելու։ Իր կուսակցությունն, օրինակ, կողմ է առողջ քննադատությանը, որի դեպքում ստեղծված այս կամ այն իրավիճակից դուրս գալու կոնկրետ ուղիներ են առաջարկվում։ «Աջ ուժերի դաշինքի» սկզբունքներից մեկն էլ առանց իշխանություններին խանգարելու սեփական ծրագրերի իրականացումն է։ Ի դեպ, Ռուսաստանում էլ իրենք են առաջինը սկսել ուսումնական հաստատությունների կոմպյուտերիզացումը։ Նա կարեւորեց իրենց երկրում հայկական սփյուռքի դերը եւ նրա նկատմամբ ՌԴ իշխանությունների լավ հարաբերությունների պահպանումը։ Ի. Խակամադան խոսեց նաեւ երիտասարդության խնդիրների՝ հատկապես կրթության ու աշխատանքի տեղավորման հարցերի, զինծառայության ժամկետի կրճատման շուրջ։ Հասցրեց «դժգոհել» ռուս երիտասարդներից, որ մի մեծ թերություն ունեն՝ անտարբեր են ընտրությունների նկատմամբ, հաճախ թերանում են քվեարկության գնալ։ Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել