Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅԴ ՈՒՂՏԸ ՁԵՐ ԴՌԱՆՆ ԷԼ ՉՈՔԵ՞Ց

Մայիս 26,2003 00:00

ԱՅԴ ՈՒՂՏԸ ՁԵՐ ԴՌԱՆՆ ԷԼ ՉՈՔԵ՞Ց Կարելի է ասել, որ բռնություններից բացի՝ բոլոր այն մեթոդները, որ կիրառվում էին նախագահի ընտրության ընթացքում ընդդիմության թեկնածուի դեմ, երեկ օգտագործվեցին Դաշնակցության եւ նրա թեկնածուների դեմ: Բումերանգ Նախագահի ընտրության ընթացքում հանձնաժողովներում ՀՅԴ ներկայացուցիչները եթե ոչ մասնակից, ապա առնվազն իրենց լռությամբ ու այդ կեղծիքներին չհակազդելով՝ հանցակից էին կատարվողին: Եվ դաշնակցական գործիչներն ինչ-որ առումով մեղմացնում էին կատարվածը՝ նշելով, թե խախտումները եղել են երկկողմանի: Երեկ այդ նույն մեթոդները, բումերանգի սկզբունքով, կիրառվեցին նաեւ ՀՅԴ-ի դեմ, իսկ հանրապետականներն ու հանձնաժողովների ղեկավարները կա՛մ պնդում էին, թե ոչինչ էլ չի պատահել, կա՛մ էլ՝ թե դաշնակցականներն էլ են արել խախտումներ: Ամբողջ օրվա ընթացքում ՀՅԴ նախընտրական շտաբը, դաշնակցական գործիչները, «Երկիր172 օnline»-ն ահազանգներ էին հնչեցնում ընտրական գործընթացի խեղաթյուրումների մասին։ Մեր հրապարակման մեջ մեջբերված փաստերի գերակշիռ մեծամասնությունը «Երկիր172օnline»-ից է: Օգտագործված կնիքներ ՀՅԴ նախընտրական շտաբից տեղեկացրել են, որ թիվ 12 ընտրատարածքի 0264 ընտրատեղամասում նախապես օգտագործվել է հանձնաժողովի կնիքը, ինչպես նաեւ՝ քվեաթերթիկների հաշվելու հետեւանքով պարզվել է, որ թերթիկները պակասել են։ ՀՅԴ ներկայացուցիչը կազմել է արձանագրություն։ Թիվ 30-ի մի ընտրատեղամասում եւս կնիքն օգտագործված է եղել, որի մասին նշվել է արձանագրության մեջ։ ՀՅԴ նախընտրական շտաբից տեղեկացրել են, որ Կապանի թիվ 40/861 զորամասում ծառայող 38 քաղաքացիներ միաժամանակ քվեարկել են ե՛ւ զինվորականների, ե՛ւ քաղաքացիական ցուցակով։ Առավոտյան բաց վիճակում են եղել կնիքները, ուստի ՀՅԴ ներկայացուցիչները պահանջել են փոխել թանաքի գույնը։ Լցոնումներ Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի թիվ 5 ընտրատարածքի 0103 ընտրատեղամասում ՀՀԿ ներկայացուցիչները փորձել էին 2 կապոց քվեաթերթիկներ լցոնել քվեատուփ: Դա նկատել եւ խոչընդոտել էր տեղամասային հանձնաժողովի ՀՅԴ ներկայացուցիչը: Սակայն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Լեւոն Օհանջանյանն անմիջապես հերքել է այդ տեղեկությունը: Բաց քվեարկություններ Այնթափի թիվ 22 ընտրատարածքի 0589 տեղամասում կատարվել է բաց քվեարկություն, եւ ՀՅԴ անդամը դադարեցրել է հանձնաժողովում իր աշխատանքը, դուրս եկել տեղամասից, «այլեւս միայնակ մնալով հանձնաժողովում եւ չկարողանալով կանխել խախտումները»։ Արմավիրի թիվ 30 ընտրատարածքում ՀՅԴ պաշտպանյալ պատգամավորության թեկնածու Արծվի Մինասյանը վկայել է, թե բաց քվեարկություն է ընթացել, որի կապակցությամբ կազմված արձանագրությունը հանձնաժողովի նախագահ Աբրահամ Հարությունյանը հրաժարվել է ստորագրել։ Թիվ 33 ընտրատարածքի ՀՅԴ նախընտրական շտաբից տեղեկացրել են, որ Ճամբարակի ընտրատեղամասում զինվորականները քվեարկել են հատուկ առանձնացված կանաչ գրիչով, որպեսզի հետո վերահսկվեն արդյունքները։ Ըստ շտաբի տեղեկատվության՝ նրանց հանձնարարված է քվեարկել ՀՀԿ օգտին։ ՀՅԴ վստահված անձը կազմել է արձանագրություն։ Թիվ 34 ընտրատարածքի 0572 ընտրատեղամասում նույնպես (Վարդենիսի թիվ 2 դպրոց) զինվորականները կատարել են բաց քվեարկություն՝ հօգուտ ՀՀԿ-ի։ ՀՅԴ ընտրատարածքային նախընտրական շտաբից տեղեկացրել են, որ տեղամասում ներկա ՀՅԴ վստահված անձանց դիմումները ոստիկանությանը մնացել են անպատասխան, եւ նրանք չեն ձեռնարկել որեւէ քայլ։ ՀՅԴ Լոռու մարզի նախընտրական շտաբից հայտնել են, որ թիվ 38 ընտրատարածքում՝ Ստեփանավանում եւ Վանաձորի Տարոն թաղամասում, իրավիճակն ապակայունացնելու փորձեր է արել «Օրինաց երկրի» առաջադրյալ Վռամ Գյուլզադյանը։ Նա մտել է ընտրատեղամասեր եւ խանգարել՝ փորձելով կազմակերպել բաց քվեարկություն՝ ճշտելու համար նախորդ օրն իր կողմից ընտրակաշառք բաժանելու արդյունավետությունը, եւ պարզելու՝ ո՛վ է գալիս, ինչպե՛ս քվեարկում։ Իրավապահները միջամտել եւ կանխել են Վռամ Գյուլզադյանի այդ գործողությունները։ Կոտայքի մարզի թիվ 44-ում ՀՅԴ առաջադրյալ թեկնածու Տարոն Տոնոյանի հաղորդած տեղեկությունների համաձայն՝ այդ ընտրատարածքի մի շարք տեղամասերում՝ Արզնի, Վերին Պտղնի եւ այլն, գրանցվել են բաց քվեարկություններ։ «Գյուղապետերը, որոնք հովանավորվում են «Օրինաց երկրից» թեկնածու առաջադրված Արամ Հարությունյանի կողմից՝ մտնում են ընտրատեղամասեր եւ խանգարում քվեարկությանը»,- նշել է Տարոն Տոնոյանը՝ հավելելով, որ կազմվել են արձանագրություններ, որոնք բացի հանձնաժողովների նախագահներից՝ ստորագրել են հանձնաժողովի բոլոր անդամները եւ վստահված անձինք։ Սկանդալաշատ Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում ՀՀԿ ներկայացուցչի կողմից փորձ էր արվել կազմակերպել բաց քվեարկություն, որին ընդդիմացել էին հանձնաժողովի ՀՅԴ ներկայացուցիչ անդամը եւ վստահված անձը։ Ըստ հավաստի աղբյուրների՝ բաց քվեարկությունը կազմակերպել է թեկնածուներից մեկը՝ ՀՀԿ անդամ Նահապետ Գեւորգյանը։ Այս առնչությամբ էլ տեղի ունեցավ ՀՅԴ-ի եւ ՀՀԿ-ի երեկվա թերեւս ամենաաղմկոտ բախումը: Արմավիր մեկնեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը։ Նա Երեւանում քվեարկելուց հետո լրագրողներին հայտնեց, թե ինչ է կատարվում Բամբակաշատում, իսկ հարցին՝ «Ինչպե՞ս եք պատրաստվում կանխել», պատասխանեց. «Ցանկացա՛ծ գնով»։ Մնացածն «Արմինֆոյին» հայտնել էր արդեն ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավար Գալուստ Սահակյանը, որը Վահան Հովհաննիսյանին հրապարակավ մեղադրեց ընտրությունների բնականոն ընթացքը խանգարելու փորձի մեջ: Գալուստ Սահակյանը հաղորդեց, որ իր տեղեկությունների համաձայն՝ երեք տասնյակ մարդկանց ուղեկցությամբ Վահան Հովհաննիսյանը ներխուժել է Բամբակաշատ եւ այնտեղ ծեծկռտոց սարքել, առաջացրել իրարանցում. «Այն հաջողվել է դադարեցնել լոկ տեղի ընտրահանձնաժողովի ղեկավարի միջամտությունից հետո, որը պահանջել էր, որպեսզի Վահան Հովհաննիսյանն իր կողմնակիցների հետ միասին հեռանա ընտրատեղամասի շենքից»: Ի դեպ, Գալուստ Սահակյանը նաեւ հաղորդել է, թե ՀՀԿ շտաբ տեղեկություններ են ստացվում ՀՅԴ-ի, «Օրինաց երկրի», ՄԱԿ-ի եւ ուրիշների կողմից ընտրողների ձայների կաշառման դեպքերի մասին: Սպառնալիքներ Ըստ ՀՅԴ նախընտրական շտաբի՝ Արարատի 22 ընտրատարածքի թեկնածու Հենրիկ (Ջոնիկ) Աբրահամյանը խանգարել է քվեարկության ընթացքին՝ սպառնալով ընտրական հանձնաժողովների անդամներին ու վստահված անձանց, ինչպես նաեւ՝ կազմակերպում «կարուսել»: Այդ ընտրատարածքում ՀՅԴ ներկայացուցիչը ստիպված էր բոյկոտել հանձնաժողովի աշխատանքը: Արարատի ՀՅԴ նախընտրական շտաբից Անդրանիկ Ներսիսյանը հաղորդել է, որ Հենրիկ Աբրահամյանն իր հաղթանակն ապահովելու նպատակով ձեռնամուխ է եղել անօրինականությունների Այնթափի 22/0587 եւ Արեւաբույրի 22/0589 տեղամասերում։ Հանձնաժողովների նախագահների եւ վստահված անձանց աչքի առաջ փորձում էին խանգարել քվեարկությունը եւ սպառնալ ներկաներին։ Հարցին, թե արդյոք մյուս կուսակցությունների վստահված անձինք չե՞ն փորձում ընդդիմանալ, Անդրանիկ Ներսիսյանը պատասխանել է, որ եթե Դաշնակցության ներկայացուցիչները չեն կարողանում, ապա մյուսները բնավ չեն կարող. «Եվ այս ամենը կատարվում է ոստիկանության եւ ազգային անվտանգության աշխատակիցների աչքի առաջ, որոնք, հովանավորվելով Հովիկ Աբրահամյանի կողմից, օրինականությունը վերականգնելու ուղղությամբ որեւէ միջամտություն չեն անում»։ ՀՅԴ-ն պատրաստվում է բողոքարկել այս ընտրատեղամասում ընտրության արդյունքները։ Թիվ 30 ընտրատարածքում ՀՅԴ առաջադրյալ թեկնածու Արծվի Մինասյանը նաեւ հայտնել է, որ Մրգաշատ գյուղի 0831 ընտրատեղամասում գյուղապետն իր համախոհների հետ մտնում է ընտրատեղամաս եւ հօգուտ Հանրապետականի թեկնածուի՝ սպառնում հանձնաժողովի անդամներին։ «Առայժմ միայն ՀՅԴ ներկայացուցիչներն են փորձում կանխել այդ անօրինականությունները, իսկ մյուս կուսակցությունների վստահված անձանց կողմից նկատվում է անտարբերություն, ինչը խոսում է ինչ172որ պայմանավորվածության մասին»,172 նշել է Արծվի Մինասյանը։ Այլ խախտումներ Թեեւ օրենքով երեկ արգելված էր քարոզչություն կատարելը, սակայն արձանագրվել են բացահայտ քարոզչության դեպքեր։ Քանաքեռի թիվ 10 շենքի բնակիչներից մեկը ՀՅԴ նախընտրական շտաբին տեղեկացրել էր, որ 10։30-ի սահմաններում մի խումբ անչափահասներ նշյալ շենքի բնակիչներին են բաժանել «Օրինաց երկրի» նախընտրական բուկլետները։ Երեւանի թիվ 4 ընտրատարածքի 0089 տեղամասում ժամը 13172ի սահմաններում արվել էր կրկնակի քվեարկության փորձ։ Ոմն Ալբերտ Արշակյան՝ Կոլյա Ամիրյանի անձնագրով ներկայացել էր քվեարկության, եւ փորձել ստանալ քվեաթերթիկներ։ Քվեաթերթիկները նրան հանձնելու պահին հանձնաժողովի անդամներից մեկը հիշել էր, որ այս անձն արդեն կատարել է ընտրություն, եւ կանխել անօրինական քվեարկությունը։ Ընտրատարածքի ՀՅԴ նախընտրական շտաբից «Երկիր172օnline»-ին հաղորդել են, թե հանձնաժողովի անդամների տվյալներով՝ հիշյալ անձն այդ ընտրատարածքում առաջադրված թեկնածու Վահագն Գրիգորյանի ենթաշտաբներից մեկի անդամ է։ Իսկ պատգամավորության թեկնածու Տարոն Տոնոյանը նաեւ պատմել է, որ մայիսի 24-ին քվեաթերթիկները հաշվելու ժամանակ հանձնաժողովներից մեկի ՀՅԴ անդամին Բյուրեղավանի ոստիկանապետը կանչել է ոստիկանություն։ Քվեաթերթիկները հաշվել են Բյուրեղավանի գյուղապետարանում՝ գյուղապետի մասնակցությամբ։ Իսկ երբ անհիմն կանչից հետո ՀՅԴ ներկայացուցիչը վերադարձել է՝ քվեաթերթիկների հաշվարկն ավարտված է եղել։ Նաեւ նշենք, որ ՀՅԴ նախընտրական շտաբի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ Երեւանի 5-րդ ընտրատարածքի թիվ 181 մանկապարտեզում տեղակայված ընտրատեղամասերից մեկում ՀՀԿ ներկայացուցիչները գողացել էին համամասնական քվեաթերթիկների բլանկների երկու կույտ: ՀՅԴ վստահված անձը փորձել էր կանխել միջադեպը, դրա հետեւանքով սկսվել էր ծեծկռտուք եւ ՀՀԿ ներկայացուցիչներին հաջողվել էր դուրս բերել քվեաթերթիկները: Միջադեպի առնչությամբ կազմվել է համապատասխան արձանագրություն: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. Ավելորդ է թերեւս նշել, որ ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ հայտարարեց, թե իրենց ներկայացուցիչների կողմից թույլ տրված կոպիտ խախտումների մասին ՀՅԴ գործիչների պնդումները «չեն համապատասխանում իրականությանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել