Լրահոս
Օրվա լրահոսը

Էրեբունիում պասիվ էին

Մայիս 26,2003 00:00

Էրեբունիում պասիվ էին Թիվ 18-ում պատգամավորության թեկնածու առաջադրված հանրապետական Գեւորգ Հակոբյանի թիմակիցների մոտ երեկ ակնհայտ խուճապ էր. ընտրողները չափազանց պասիվ էին, իսկ Գ. Հակոբյանի մրցակից Սուրեն Աբրահամյանի թիմակիցները փորձում էին հնարավորինս կանխել ակնհայտ լցոնման դեպքերը: Սպասվում էին լցոնումներ հանձնաժողովների հենց ներսում, ուստի մենք արձանագրել ենք տարբեր ժամերին ընտրության մասնակցած ընտրողների հաճախելիությունը տարբեր տեղամասերում: Շատերն այդ ընտրատարածքը համարում էին «կարմիր գոտի», քանի որ, ըստ հավաստի լուրերի, իշխանությունների համար ամենակարեւոր հանգամանքը Ս. Աբրահամյանի չընտրվելն էր՝ ցանկացած գնով: Ժամը 8:15-ին Ս. Աբրահամյանի նախընտրական շտաբն ստացել է առաջին ահազանգը. 04/10 ընտրատեղամասի կապույտ կնիքը թաց է եղել, եւ Ս. Աբրահամյանի վստահված անձի բողոքից հետո այն փոխարինել են կարմիր կնիքով: Համատարած բնույթ էր կրում «կարուսել» ասվածը: Թիվ 38 երթուղայինները, որոնց վրա փակցված էր Գ. Հակոբյանի լուսանկարը, երեկ աշխատում էին հօգուտ Գ. Հակոբյանի՝ ընտրատեղամասից ընտրատեղամաս տեղափոխելով նրա «ընտրողներին»: 03/97 տեղամասում ժամը 16:00-ին ոմն երիտասարդ փորձել է քվեարկել ուրիշի փոխարեն, սակայն մատյանում գրանցելուց հետո Ս. Աբրահամյանի վստահված անձ Գոհար Ավետիսյանը ստուգել է անձնագիրն ու աղմուկ բարձրացրել: Հանձնաժողովի մյուս անդամները նույնպես նկատել են: Հանձնաժողովի նախագահ Գրիգոր Մարտիրոսյանը չէր ցանկանում արձանագրել փաստը՝ պատճառաբանությամբ, թե «իմաստ չունի», եւ որ ինքն այդ պահին տեղում չի եղել եւ չի նկատել: Վերջում, իհարկե, փաստն արձանագրվել է: Նույն հանձնաժողովում արդեն ժամը 17:00-ին ոմն երիտասարդ է մտել, կնքված քվեաթերթիկը վերցրել ու փախել: Դարձյալ հանձնաժողովի նախագահը տեղում չի եղել: 03/96 «Արդարություն» դաշինքի վստահված անձ Մարիամ Կարմիրյանն ասաց, որ ընտրատեղամաս էին մտնում 18-25 տարեկան տղաներ, որոնք այդ տեղամասի ընտրողներ չէին, ու փորձում ընտրել: «Մեր միջամտությամբ նախագահը ոստիկաններ կանչեց, որոնք դուրս էին հրավիրում նրանց»,- պատմում էր Մ. Կարմիրյանը: Ի դեպ, մեր ներկայությամբ նույնպես նման փորձ եղավ. 04/15 տեղամասի ընտրողը ցանկանում էր ընտրել այդ տեղամասում: Արձանագրություն ներկայացրել է միայն Կարմիրյանը, իսկ հանձնաժողովի նախագահը բացատրում էր. «Ինչի՞ գրեմ արձանագրություն, եթե չի ընտրել, խախտում տեղի չի ունեցել»: 04/12 ընտրատեղամասում Ս. Աբրահամյանի վստահված անձն ասաց, որ 11:45-ին ոմն երիտասարդ ուրիշի անձնագրով ուզում էր ընտրել. «Հանձնաժողովի նախագահին ասացինք, նա արձանագրություն չկազմեց: Մենք արձանագրել ենք»: Ժամը 19:00-ին 04/12-ում 1442 ընտրողից մասնակցել էր ընդամենը 238-ը: Հանձնաժողովի նախագահը վստահեցրեց, որ եթե ընտրությունն ընթանա նույն պասիվությամբ, ապա ընտրողների թիվը մինչեւ ընտրությունների ավարտը թերեւս ավելանա 10-20-ով: Իսկ եթե ակտիվ հոսք լինի, ապա նա հավաստեց, որ 1 ժամվա ընթացքում իրենք կհասցնեն ընդունել եւս 100-120 հոգու, ոչ ավելի: Այն էլ՝ այն դեպքում, երբ հանձնաժողովի ողջ կազմը սպասարկի: Այսօր պարզ կդառնա, թե որքանով են իրենք իրենց գերազանցել: Ի դեպ, տեղամասերը փակվելուց հետո 03/96 եւ 0395 հանձնաժողովների նախագահների մոտ հանկարծ որոշել է «սրտամկանային պրիստուպներ» սկսել, որի պատճառով փորձել են հետաձգել հաշվարկման գործընթացը: Ս. Աբրահամյանի վստահված անձանց պնդմամբ, դա արվում էր դիտավորյալ, որպեսզի հասցնեն լցոնումներ կատարել: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել