Լրահոս
Օրվա լրահոսը

Թեկնածուները գերադասում են թաքնված գովազդը

Մայիս 27,2003 00:00

Թեկնածուները գերադասում են թաքնված գովազդը Երեկ Երեւանի մամուլի ակումբը ներկայացրեց Հայաստանի ԶԼՄ-ներում ՀՀ ԱԺ 2003թ. ընտրությունների նախընտրական քարոզչության լուսաբանման մոնիտորինգի արդյունքների վերաբերյալ նախնական հաշվետվությունը։ Մոնիտորինգի նպատակն էր պարզել լրատվամիջոցներում ընտրարշավի լուսաբանման օբյեկտիվության, ինչպես նաեւ կուսակցությունների ու անհատների՝ ԶԼՄ-ների գովազդային հնարավորություններն օգտագործելու շահագրգռության աստիճանը։ Նախ, մոնիտորինգից դուրս մի նկատառում. ԵՄԱ-ն գրանցել է, որ մեծամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող թեկնածուները շատ քիչ են օգտվել ԶԼՄ-ների գովազդային հնարավորություններից։ «Սա մի քանի խորհրդածությունների տեղիք է տալիս. ա) նախընտրական հիմնադրամի՝ օրենքով նախատեսված չափը փոքր է գովազդային ակտիվ արշավ իրականացնելու համար, բ) թեկնածուները ԶԼՄ-ներով քարոզչությունից ավելի գերադասում են այլ եղանակներ, գ) նրանք, ովքեր օգտագործում են ԶԼՄ-ները, այդ անում են ավելի շատ թաքնված գովազդի ձեւով»։ Իսկ ՀՀ նախագահի ընտրությունների համեմատ դրական քայլ էր ԶԼՄ-ներով նախընտրական քարոզչության կարգի վերաբերյալ ՀՀ ԿԸՀ-ի ընդունած որոշումը. կարգը հնարավորինս համապատասխանեցված էր ՀՀ օրենսդրությանը եւ միջազգային չափանիշներին։ Սակայն թերացում պետք է համարել այն, որ կարգը արդարադատության նախարարությունում գրանցվեց միայն ապրիլի 21-ին։ ՀՀ նախագահի ընտրությունների համեմատությամբ, եւս մի դրական քայլ. այս անգամ Հանրային հեռուստատեսությունը դրսեւորել է ընտրությունները լուսաբանելու հավասարակշռություն, ձգտելով առավելություն չտալ կուսակցություններից եւ դաշինքներից որեւէ մեկին։ Նույնը կարելի է ասել նաեւ Հանրային ռադիոյի մասին։ Իսկ ռադիոյի վճարովի եթերից օգտվել է միայն ՀՅԴ-ն՝ մեկ անգամ։ Սա թույլ է տալիս մտածել, որ կուսակցությունները ռադիոն ազդեցիկ լրատվամիջոց չեն համարում եւ գերադասում են մասնավոր հեռուստաընկերությունների ավելի թանկ գովազդը։ Կուսակցությունները եւ դաշինքները, պարզվում է, ազդեցիկ չեն համարում նաեւ պետական թերթերը։ Այսպես՝ նրանց մի մասը չի օգտագործել նույնիսկ «ՀՀ»-ում իրեն հատկացված անվճար գովազդային տարածքը։ Փոխարենը, գերադասել են, թեկուզ սահմանափակ ծավալով, վճարովի գովազդ տեղադրել որոշ մասնավոր թերթերում։ Եղան թերթեր էլ («Օրրան», «Հայոց Աշխարհ», «Նովոյե վրեմյա», «Այբ-Ֆե»), որոնք ընդհանրապես համամասնական ընտրակարգով մասնակցող կուսակցություններից ու դաշինքներից գովազդ չստացան։ Թեպետ ԵՄԱ-ն չի դիտարկել թերթերի խմբագրական լուսաբանումը (որակական մոնիտորինգ չի իրականացվել), սակայն հարկ է համարում նշել, որ թերթերում եղել են ակնհայտ գովազդային կամ քարոզչական նյութեր՝ առանց համապատասխան նշումների։ Օրինակ, ՀԺԱՄ կուսակցության նախընտրական նյութը «Հայաստանի Հանրապետություն» թերթում շարունակաբար տպագրվել է իբրեւ գովազդ (կուսակցությանը հատկացված անվճար եւ վճարովի ծավալի չափով), իսկ «Հայոց աշխարհում»՝ առանց որեւէ նշումի։ Եղել են առանձին դեպքեր, երբ հաղորդումներն ուղեկցվել են առանց համապատասխան լուսագրի։ Օրինակ, ԱԼՄ-ի քարոզչական հաղորդումները ուղեկցվում էին «Նախընտրական քաղաքական հաղորդում» կամ պարզապես «Քաղաքական հաղորդում» լուսագրով, ինչը չի համապատասխանում օրենքի պահանջին եւ շփոթության մեջ է գցում հեռուստադիտողին։ Մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ համազգային երկու մասնավոր հեռուստաալիքներ՝ «Պրոմեթեւսը» եւ «Արմենիան», իրենց լրատվական եւ վերլուծական ծրագրերում առավել շատ ժամանակ հատկացրել են այն կուսակցություններին, որոնց ընդունված է համարել իշխանամետ (նախագահամետ)։ Սրանցից էականորեն տարբերվում է «Շանթը», որը առավելություն տվել է միայն ՀՀԿ-ին, իսկ մնացածին անդրադարձել է հավասարաչափ։ ԱԼՄ եւ «Կենտրոն» հեռուստաընկերությունների լուսաբանումների համեմատությունից տեսնում ենք, որ թեպետ երկուսի սեփականատերերն էլ (Տիգրան Կարապետյան եւ Գուրգեն Արսենյան) մասնակցում էին ընտրություններին, սակայն, եթե «Կենտրոնի» լուսաբանումներում Գ. Արսենյանի ղեկավարած ՄԱԿ-ը առավելություն չի ունեցել, ապա Տ. Կարապետյանն իր հեռուստաընկերության եթերն ամբողջությամբ օգտագործում էր սեփական կուսակցության քարոզարշավի նպատակներով։ Ավելին, նա ամեն օր եթերում էր՝ իբրեւ հաղորդավար։ Երեւանի մամուլի ակումբը իր ուսումնասիրություններում ուշադրություն է դարձրել նաեւ մասնագիտական էթիկայի նորմերին։ Այսպես, մի քանի թեկնածուներ անընդհատ երեւում էին եթերում իբրեւ լրատվական կամ հեղինակային հաղորդումներ վարողներ։ Ճիշտ է, սա օրենքով եւ ԿԸՀ ընդունած քարոզչության կարգով արգելված չէ, սակայն մասնագիտական էթիկայի տեսակետից անընդունելի է, «որովհետեւ լրագրողի մասնագիտության առավելությունն օգտագործվում է սեփական քաղաքական նպատակների համար»։ Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել