Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծարեցին պատմաբանին

Մայիս 28,2003 00:00

Մեծարեցին պատմաբանին Երեկ ՀՀ գիտությունների Ազգային ակադեմիայում հայտնի պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանի ծննդյան 70 եւ գիտամանկավարժական-հասարակական գործունեության 50-ամյա հոբելյաններին նվիրված միջոցառում էր։ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Կալիֆոռնիայի (Լոս Անջելեսի) համալսարանի արդի հայոց պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռ. Հովհաննիսյանն իր ելույթի ժամանակ նշեց, որ առաջին անգամ հայրենիքում եղել է 44 տարի առաջ՝ 1959թ.։ Այն ժամանակ, երբ խորհրդային մարդը «որոշ անվստահություն» է ունեցել սփյուռքահայի հանդեպ։ Սակայն, ըստ պատմաբանի, դա չի խանգարել իրեն, որպեսզի ինքը հետո 40 անգամ այցելի Հայաստան եւ նախաձեռնի հայ ժողովրդի Առաջին հանրապետության մասին 5-հատորյա աշխատությունը։ Երեքուկես տարի բացակայելուց հետո, անվանի հայագետը հայրենիք է եկել մայիսի 28-ը՝ պետականության տոնը ազգակիցների հետ նշելու։ Շնորհավորելով հոբելյարին, ԳԱԱ փոխնախագահ Վլադիմիր Բարխուդարյանը զուգահեռներ անցկացրեց Ռ. Հովհաննիսյանի եւ խորհրդային պատմաբանների միջեւ, նշելով, որ վերջիններս չէին կարող մեր Առաջին հանրապետության պատմությունը ներկայացնել ինչպես հարկն է. «Ռ. Հովհաննիսյանը 40 տարիների ընթացքում հետեւողականորեն պայքարել է, որպեսզի աշխարհի խոշոր պետություններին ապացուցի, որ փոքր հայ ժողովրդի նկատմամբ մեծ եղեռն է եղել»։ Վ. Բարխուդարյանի ներկայացմամբ, պատմաբանի «Հայերի ողջակիզում» գիրքը լույս է տեսել 1980թ., «Անդրադարձ հայոց ցեղասպանությանը»՝ 1986-ին, «Հայոց ցեղասպանությունը»՝ 1992 թվականին։ Ինքը՝ հեղինակը, իր աշխատությունների մասին խոսելիս ասաց, որ դրանք ամբողջական եւ հավասարակշիռ դարձնելու համար ընդգրկել է նաեւ «սովետասեր պատմաբանների» տեսակետները։ Վ. Բարխուդարյանի խոսքերով, Ռիչարդ Հովհաննիսյանի նախաձեռնություններից մեկն էլ եղել է Արեւմտյան Հայաստանի բնակավայրերի պատմության ուսումնասիրությանը նվիրված գիտաժողովների կազմակերպումը։ Մեծարման ցերեկույթին պատմաբանին շնորհվեց Ֆ. Նանսենի ոսկե հուշամեդալ, ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանը հանձնեց ակադեմիայի նախագահության շնորհավորանքը։ Իսկ որդին՝ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանն իր ամենամեծ հարստությունը համարեց հորը՝ Ռիչարդ Հովհաննիսյանին։ Լ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել