Լրահոս
Օրվա լրահոսը

Չընդունեց խաղի կանոնները

Մայիս 28,2003 00:00

Չընդունեց խաղի կանոնները Թիվ 45 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված, ԱԺ Արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանն ընտրության օրը ժամը 14-ի դրությամբ դադարեցրեց մրցապայքարը։ Ինչպես եւ կանխատեսել էինք, Հովհ. Հովհաննիսյանի եվրոպական խառնվածքն ու չափանիշները չէին կարող դիմադրել մեր ազգային մենթալիտետի կոպիտ դրսեւորումներին։ Երեկ հրավիրած մամուլի ասուլիսում պրն Հովհաննիսյանը նշեց, որ ինքը կամ պետք է ընդուներ խաղի կանոնները՝ ընտրակաշառք, բռնություններ եւ այլն, կամ պետք է դուրս գար մրցապայքարից։ Հովհ. Հովհաննիսյանի դիտարկմամբ, «Ընտրական օրենսգիրքը» լուրջ փոփոխությունների կարիք ունի, առաջին հերթին՝ պետք է վերանայվի հանձնաժողովների ձեւավորման կարգը եւ վերացվի մեծամասնական ընտրակարգը։ Թեպետ ընտրությունների պատասխանատուն իշխանություններն են, պարոն Հովհաննիսյանը մեղադրանքներն ուղղեց ընդդիմությանը. «Պատիվ չէր բերում ընդդիմությանը, որ հանձնաժողովում իր տեղերը փորձել էր վաճառել կամ զիջել, այսինքն՝ քաղաքական խնդիրը վերանում է դրանով»։ ԵԽ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավար լորդ Ռասել Ջոնսթոնը ափսոսանք հայտնեց ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հ. Հովհաննիսյանի՝ մրցապայքարից դուրս գալու կապակցությամբ։ Երեկ պրն Հովհաննիսյանն ասաց, որ ինքն անձամբ խոսել է լորդի եւ Ռոբերտ Բերրիի հետ եւ խնդրել է, որ վերջիններս իր քայլերը չմեկնաբանեն եւ չկապեն ընտրությունների հետ։ Իսկ ինչի՞ հետ կապեն. մեր հարցին ի պատասխան՝ պրն Հովհաննիսյանն ասաց. «Ուղղակի ես չէի ուզի, որ իմ անձը կապվեր ամեն ինչի հետ։ Իմ խնդրանքն էր նրանց՝ ինձ համարել մի հերթական թեկնածու, որը որոշում է կայացրել եւ մրցապայքարից դուրս է եկել, այսինքն՝ չկապել իմ պատվիրակության ղեկավար եւ հանձնաժողովի նախագահ լինելու հանգամանքի հետ»։ Հ. Հովհաննիսյանի գնահատմամբ, խորհրդարանական ընտրությունները շատ ճակատագրական էին մեր երկրի համար եւ ազդեցությունը դեռ կզգացվի։ Միջազգային դիտորդների գնահատականները, որքան էլ զարմանալի է, ուրախացնում են պրն Հովհաննիսյանին. «Ինձ շատ ուրախացնում է, որ նրանք ընդունում են, որ մեկ քայլ առաջ է նախկին ընտրությունների հետ համեմատած։ Իրականում ուժային ինստիտուտները մեծ ազդեցություն չունեին, որ խնդիրը դրված էր՝ կաշառել ժողովրդին եւ ոչ թե ստիպել կամ լցոնել։ Ամեն դեպքում, քաղաքական ուժերը չէին փորձում շատ ավելի կոշտ եղանակներով ազդել»։ Այնուամենայնիվ, պրն Հովհաննիսյանը ընդունում է, որ ընտրությունները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին։ Փողի միջոցով ԱԺ գալը պրն Հովհաննիսյանի համար ընդունելի չէ. «Քաղաքական դաշտում հայտնվում են մարդիկ, որոնք բացարձակ անծանոթ են հասարակությանը, բայց մեծ գումարների հաշվին գալիս են ԱԺ»։ Շնորհավորելով բոլոր ընտրվածներին, Հ. Հովհաննիսյանը ցանկություն հայտնեց, որ «նրանց համար ԱԺ-ն չդառնա ուղղակի անձեռնմխելիության երաշխավոր կամ քաղաքի կենտրոնում մի սիրուն շենք, որ կաշխատեն օրը կես ժամով մտնել կամ չմտնել»։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել