Լրահոս
Օրվա լրահոսը

«Միկան»՝ 3-րդ անգամ Հայաստանի գավաթակիր

Մայիս 28,2003 00:00

«Միկան»՝ 3-րդ անգամ Հայաստանի գավաթակիր Մայիսի 27-ին Հանրապետական մարզադաշտում կայացավ Անկախության գավաթի եզրափակիչ հանդիպումը, որում որոշվեց Հայաստանի 2003 թվականի գավաթակիրը։ «Բանանցի» եւ «Միկայի» մրցավեճն այնքան էլ գեղեցիկ չստացվեց ֆուտբոլային առումով։ Հանդիպման պատասխանատվությունն իր հետքը թողել էր թիմերի խաղի վրա։ Առաջին հերթին մտածելով միայն հաղթանակի մասին, թե՛ «Միկան» եւ թե՛ «Բանանցը» ուժեղացրել էին իրենց խաղը թիկունքում։ Հանդիպումն ավելի ակտիվ սկսեցին «Բանանցի» ֆուտբոլիստները, որոնք առաջին 10 րոպեների ընթացքում առավելություն ունեին, բայց «Միկայի» ֆուտբոլիստները կարողացան հավասարեցնել խաղը եւ էլ ավելին՝ ավելի շատ գոլային պահեր ունեցան, քան «Բանանցը»։ 20-րդ րոպեին Արտյոմ Աղամյանը կարող էր բացել հաշիվը, բայց հարվածը թույլ ստացվեց, եւ Դմիտրի Վորոբյովը որսաց գնդակը։ 44-րդ րոպեին Արամ Ոսկանյանին նպաստավոր դիրքից դիպուկ հարվածելուն խանգարեց ավելորդ շտապողականությունը։ Իսկ 67-րդ րոպեին արդեն «Միկային» խանգարեց Աշոտ Գրիգորյանը, որը Մարատ Մկրտչյանի հարվածից հետո գնդակը հանեց անպաշտպան դարպասից։ «Բանանցի» ֆուտբոլիստներն արդյունքի կարող էին հասնել հանդիպման 73-րդ եւ 75-րդ րոպեներին՝ երկու դեպքում էլ անկյունայինի խաղարկումներից հետո, բայց թե՛ Արարատ Առաքելյանի, եւ թե՛ Արամ Հակոբյանի գլխով հարվածներից հետո գնդակը շեղությամբ դուրս եկավ դաշտի սահմաններից։ Խաղը մոտենում էր ավարտին եւ շատերն արդեն մտածում էին լրացուցիչ ժամանակի մասին։ Բայց հանդիպման այդպիսի ընթացքի հետ համաձայն չէր «Միկայի» ավագ Արմեն Պետիկյանը։ Խաղավարտից 2 րոպե առաջ Արմեն Պետիկյանը գերազանց հարվածով, ստանդարտ իրավիճակից հաղթանակ պարգեւեց իր թիմին։ Գնդակը դիպչելով դարպասաձողին, հայտնվեց «Բանանցի» դարպասում։ «Միկան» երրորդ անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր։ Խաղից հետո «Միկայի» գլխավոր մարզիչ Սուրեն Բարսեղյանը մեզ հետ կիսեց իր երջանկությունը. «Իմ մարզչական կարիերայի ընթացքում այսպիսի մեծ հաղթանակ ես դեռ չէի ունեցել։ Ճիշտ է, թե՛ Լիբանանում, թե՛ Հայաստանում շատ անգամ եմ մոտ եղել հաջողությանը, բայց այս հաղթանակը, ես կասեի՝ հաղթարշավը, առաջինն է իմ մարզչական կարիերայում։ Շատ ուրախ եմ, որ մեր թիմը կարողացավ նվաճել Հայաստանի գավաթը։ Անկեղծ պիտի ասեմ. խաղն ընթացավ հավասար պայքարում։ Երկու թիմերն էլ կարող էին հաղթել։ Բայց այս անգամ մարզական բախտը ժպտաց «Միկային»։ Ինչ վերաբերում է Արմեն Պետիկյանի՝ տուգանայինից խփած հրաշալի գոլին, տեղեկացնեմ, որ այս հանդիպումից դեռ մեկ շաբաթ առաջ նա մարզումներից հետո միշտ մնում էր ու հղկում հենց այդպիսի ստանդարտ դիրքերից իր հարվածները։ Եվ երբ նա «Բանանցի» հետ խաղում մոտեցավ գնդակին, ես սպասում էի, որ գոլ է լինելու։ Փառք Աստծո, որ գոլը խփվեց»։ ԽԱՉԻԿ ՉԱԽՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել