Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՃՌՈՐՈՇԸ ՀԱՎԱՏՆ Է ԼԻՆԵԼՈՒ ՍԵՓԱԿԱՆ ՈՒԺԵՐԻՆ

Մայիս 29,2003 00:00

ՎՃՌՈՐՈՇԸ ՀԱՎԱՏՆ Է ԼԻՆԵԼՈՒ ՍԵՓԱԿԱՆ ՈՒԺԵՐԻՆ Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության «Միկա»-«Բանանց» եզրափակիչ խաղին, որում 1։0 նվազագույն հաշվով հաղթեցին աշտարակցիները, «Հանրապետական» ստադիոնի օթյակից հետեւում էր նաեւ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Միխայ Ստոյկիցան։ Հասկանալի է, որ նա հանդիպմանը եկել էր ոչ այնքան այն բանի համար, որպեսզի իմանա, թե որ թիմին է շնորհվելու պատվավոր մրցանակը։ Ռումինացի մասնագետը հիմա այլ խնդիրներ ու հոգսեր ունի։ Հունիսի 7-ին մեր ընտրանին «Եվրո-2004»-ի խմբային մրցաշարում Լվովում անչափ պատասխանատու հանդիպում ունի անցկացնելու ավանդական ու անհարմար մրցակից Ուկրաինայի ազգային հավաքականի հետ։ Այդ խաղից շատ բան է կախված լինելու թե մեր, թե ուկրաինացիների համար։ Օգտվելով առիթից՝ զրուցեցինք պարոն Ստոյկիցայի հետ։ Թեման մեր ազգային հավաքականն էր, մոտ օրերս սկսվող նախապատրաստությունը կայանալիք փորձությանը։ – Նախապատրաստությունն սկսելու ենք չորս օրից, երբ Երեւան կժամանեն մեր բոլոր լեգեոներականները։ Այսօրվա դրությամբ այստեղ են նրանցից միայն չորսը, որոնք մարզվում են «Փյունիկի» հետ։ Տեղի ակումբներից հավաքականի թեկնածուներ ունենք նաեւ «Շիրակից», «Բանանցից» ու «Միկայից»։ Երբ բոլոր ֆուտբոլիստները գան, 23 հոգուց բաղկացած խումբ կկազմենք ու կիրակի օրվանից կսկսենք մարզումները։ Երեւանյան հավաքը կտեւի հինգ օր՝ «Հրազդան» հյուրանոցում։ Մարզումներ անցկացվելու են ամեն օր։ Լվով մեկնելուց առաջ խաղ կկազմակերպենք, հավանաբար, «Փյունիկի» դպրոցի դաշտում՝ «Փյունիկ-2»-ի հետ։ Նպատակը լինելու է դիրքային գործողությունների որոշ տարբերակների փորձարկումն ու հղկումը։ Լավ է, որ այս անգամ նախապատրաստվելու համար ավելի շատ ժամանակ ենք ունենալու, քան կար Հյուսիսային Իռլանդիայի հետ հանդիպումից առաջ։ – Ենթադրելի է, որ բավականին մեծ հույսեր այս անգամ էլ կապելու եք լեգեոներականների հետ, որոնք պետք է որ ավելի լավ մարզավիճակում լինեն… – Հուսանք, որ ում հրավիրել ենք, կժամանեն լավ վիճակում, վնասվածքներ չեն ունենա։ Տա Աստված, որ այդպես լինի եւ Ուկրաինայից վերադառնանք լավ արդյունքով։ – Լեգեոներականների մեջ նոր անուններ կա՞ն։ – Ցուցակում ավելացել է միայն Հունգարիայի «Շոպրոն» թիմի հարձակվող Եղիա Յավուրյանի անունը։ Բայց հավաքականի համազգեստը Լվովում կրելու համար դեռ հարկավոր է ստանալ ՈՒԵՖԱ-ի թույլտվությունը։ – Օրերս, երբ ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատթերը Երեւանում էր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ հարցն արծարծվեց եւ նա հայտարարեց, թե դրանում ինքը խանգարող ոչ մի հանգամանք չի տեսնում։ – Բայց միեւնույն է, դրա համար պաշտոնական փաստաթուղթ է հարկավոր, որը դեռ չկա։ – Սրանից մի քանի տարի առաջ ազգային հավաքականի գլխավոր մարզիչները որպես կանոն քիչ տեղեկություններ էին ունենում արտասահմանում հանդես եկող հավաքականի մեր թեկնածուների վիճակի մասին։ Ու հրավերներն ուղարկում էին, այսպես ասած, «փակ աչքերով»։ Հիմա, կարծես, դա այլեւս այդպես չէ… – Ինչ ստանձնել եմ հավաքականի գլխավոր մարզչի պարտականությունը, մշտապես հետաքրքրվում եմ մեր ֆուտբոլիստներով։ Դա անում ենք ֆեդերացիայի միջոցով։ Ես միշտ կապի մեջ եմ ոչ միայն ֆուտբոլիստների հետ, այլեւ նրանց ակումբների։ Նույնիսկ հետաքրքրվում եմ, թե ով իր թիմում ընդհանուր առմամբ քանի խաղի է մասնակցել ու ինչքան ժամանակ է անցկացրել դաշտում։ Դրանք անհրաժեշտ, պարտադիր տեղեկություններ են, որ ես պետք է իմանամ որպես գլխավոր մարզիչ։ Ասեմ, որ այս պահին տեղյակ եմ, որ մեր բոլոր լեգեոներականներն էլ իրենց թիմերում բարձր տոկոսայնություն ունեն, շատ են խաղում։ Եվ դա ինձ ուրախացնում ու հուսադրում է։ Օրինակ, Ալբերտ Սարգսյանը։ Նա, որ Ուկրաինայի հետ երեւանյան հանդիպումից առաջ ոչ մի ակումբում հանդես չէր գալիս եւ գործնական մրցափորձի պակաս ուներ, հիմա խաղում է Ուկրաինայի առաջնությունում եւ լավ մարզավիճակում է։ – Երբ բոլորը հավաքվեն մեկտեղ, ո՞րն է լինելու ձեր ամենակարեւոր անելիքը։ – Ինձ համար առաջնային եմ համարում ֆուտբոլիստների մեջ ինքնավստահություն սերմանելը։ Նրանք պետք է հավատան իրենց ուժերին։ Միայն այդ դեպքում է հնարավոր լավ արդյունք ունենալ։ Հայաստանի հավաքականն հատկապես վերջին երկու հանդիպումներումարդեն ապացուցել է, որ ի վիճակի է լավ խաղալ։ Մնում է, որ ֆուտբոլիստները ոչ մի կասկած չունենան նաեւ Ուկրաինայի հետ խաղում։ Սա շատ կարեւոր գործոն է եւ որոշիչ է լինելու խաղի արդյունքի համար։ Այս պահին այլ թերությունների մասին խոսել չենք կարող։ Մենք դեռ հինգ ամիս գործունեության մեջ ենք լինելու։ Յուրաքանչյուր ֆուտբոլիստ դեռ անելիք, իր խաղի որակը բարձրացնելու հնարավորություն ունի։ – Պակաս կարեւոր չէ նաեւ մրցակցի մասին ինֆորմացիա ունենալը։ Խոսքը հիմա, հասկանալի է, Ուկրաինայի մասին է։ – Մենք գրեթե ամեն օր տեղեկություն ստանում ենք նրանց մասին։ Այնտեղ մարդիկ ունենք։ Կածում եմ, շատերը գիտեն, որ նրանց կազմում շատ խաղացողներ բացակայելու են։ Բայց դա մեզ համար կարեւոր չէ, որովհետեւ Ուկրաինան այնքան երկար պահեստայինների նստարան ունի, ես կասեի՝ անսահմանափակ քանակությամբ, որ 11 ֆուտբոլիստ դաշտ մտցնելը խնդիր չէ։ Ուկրաինան, միեւնույն է, մնում է Ուկրաինա։ Այնտեղ բոլորն էլ ուժեղ խաղացողներ են։ Դա մեզ ստիպելու է լինել անչափ ուշադիր։ – Մենք էլ մեր աղբյուրներից տեղյակ ենք, որ մրցակցի կազմում ամենայն հավանականությամբ լուծելիք հարցեր ունեն պաշտպանությունում, որի հիմնական գործող անձանցից շատերը վնասվածք են ստացել։ Հնարավո՞ր է, որ օգտվելով դրանից, Լվովում ընտրեք հարձակվողական ոճը։ – Սովորաբար, հայկական թիմերը պաշտպանական ոճին չեն դավանում։ Իմ նշանաբանը տոտալ ֆուտբոլն է՝ ամբողջ թիմով մասնակցել հարձակմանը եւ ամբողջ թիմով էլ պաշտպանվել։ Սա է ժամանակակից ֆուտբոլի էությունը, պահանջը։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031