Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ-Ն ՀԱՅՏՆՎԵԼ Է ՓԱԿՈՒՂԱՅԻՆ ՎԻՃԱԿՈՒՄ

Հունիս 24,2003 00:00

ՍԴ-Ն ՀԱՅՏՆՎԵԼ Է ՓԱԿՈՒՂԱՅԻՆ ՎԻՃԱԿՈՒՄ Աշոտ Բլեյանը նորից դատարանում է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը գրեթե բոլոր դատական նիստերի ընթացքում դիմող կողմերին զգուշացնում է, որ ՍԴ-ն այն բարձր ատյանն է, որտեղ պետք է ներկայանալ զուտ փաստերով: Այսինքն՝ դիմումատուն, մինչ ՍԴ դիմելը, պետք է անցած լինի ՀՀ բոլոր դատական ատյաններով ու ՍԴ-ին ներկայացնի վերջիններիս կողմից կայացրած որոշումները: Բնականաբար, ոչ ոք չի կասկածում, որ Հանրապետության անդրդվելի սպառող Աշոտ Բլեյանը կարող էր բաց թողնել գոնե մեկ ատյան՝ վիճարկելու համար թիվ 11 ընտրատարածքի այն ընտրությունները, որտեղ, ըստ իր խոսքերի, կեղծել են իր ընտրվելու իրավունքը: Գ. Հարությունյանի մատնանշած բոլոր ատյաններով անցած Աշոտ Բլեյանն իր ներկայացրած փաստարկներով, կարելի է ասել, ՍԴ-ին շատ անհարմար իրավիճակի մեջ դրեց: Շաբաթ օրը ՍԴ հերթական նիստում Ա. Բլեյանը հայտարարեց, որ ԱԺ ընտրության նախապատրաստման եւ անցկացման ընթացքում տեղի են ունեցել ԸՕ այնպիսի խախտումներ, որոնցից մեկը կամ ամբողջությամբ վերցված բոլորը միասին ազդել են ընտրությունների արդյունքների վրա՝ այն դարձնելով ոչ հավաստի, ոչ իրական։ Ըստ դիմումատուի՝ քննվող գործով ներկայացված եւ ներկայացվելիք փաստաթղթերն ու այլ նյութերը բավարար են որպես փաստական հանգամանք հաստատելու, որ չի ապահովվել Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով եւ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայով եւ Սահմանադրությամբ թեկնածուների արդյունավետ իրավական պաշտպանության պարտավորությունը: Ա. Բլեյանը նաեւ նշեց, որ գործի փաստական հանգամանք է այն, որ ԿԸՀ, ԸԸՀ, ՏԸՀ-երի աշխատակարգերի վերաբերյալ ԿԸՀ-ի որոշման բացակայությունն էապես խոչընդոտել է իր, իր վստահված անձանց ու ներկայացուցիչների օրենքով որոշված իրավունքների իրագործմանը։ «Մենք զրկված ենք եղել գոնե մեր դիմում-բողոքների քննարկմանը, հանձնաժողովների նիստերին խորհրդակցական ձայնով մասնակցելու իրավունքից,- դատարանում հայտարարեց թեկնածուն՝ ավելացնելով,- ԿԸՀ-ն մայիսի 12-ին թիվ 128-Ա որոշումով զբաղվել է ինքնիրավչությամբ, հաստատել է կարգ։ Սա իմ, իմ վստահված անձանց իրավունքների դեմ ուղղված ոտնձգություն է, հանցավոր արարք»։ Ա. Բլեյանն իր մրցակից, այժմ պատգամավոր Հակոբ Հակոբյանի գրանցումն անվավեր ճանաչելու մասին բողոք-դիմում էր ներկայացրել ԸԸՀ, որը մերժվել էր, ինչի առնչությամբ նա ՍԴ-ում հայտարարեց, թե ընդդեմ Բլեյանի ու հանուն Հ. Հակոբյանի գործող ՏԸՀ-ների նիստերի «տնավարությունը», ենթադրում էր «կամ իրենց մարդը լինել, կամ ընտրության նախապատրաստման ու անցկացման ընթացքում ունենալ միայն վստահված անձի պարտականություններ ունեցող մարդիկ»։ Ըստ Բլեյանի, փաստական հանգամանք է, որ իր վստահված անձանց գրավոր պահանջով ԸԸՀ-ն թիվ 02/40, 02/47, 02/39, 02/42-1 ընտրատեղամասերում արձանագրությունների համապատասխանությունը ընտրության փաստացի արդյունքներին չի ստուգվել, որի համաձայն խախտվել է ԸՕ 62-րդ հոդվածի 10-րդ կետը: Ա. Բլեյանի հավաստմամբ, թիվ 11 ընտրատարածքում իրականացված ընտրախախտումներն իրենց բնույթով «աղավաղում են քաղաքացիների ընտրական իրավունքի իրացման ընդհանուր պատկերը», որի պարագայում հնարավոր չէ ընտրատարածքում հավաստի համարել ԱԺ ընտրության պաշտոնական արդյունքները։ Նա տեղեկանքի տեսքով ՍԴ ուշադրությանը ներկայացրեց պաշտոնական արդյունքների ամփոփիչ արձանագրությունների իր վերլուծությունը, որն, ըստ նրա, բացահայտում է մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը տեղամասային ու ԸԸՀ անդամների թվանկարչությամբ զբաղված լինելը: Բացի դրանից, նա դատարանին դիմեց մի շարք հարցադրումներով, ասենք, ինչո՞ւ՝ չնայած լցոնումների, այլ անձանց փոխարեն մեկից ավելի անգամ քվեարկելու, քվեարկության արդյունքները բազում տեղամասերում կեղծելու մասին իր ու իր վստահված անձանց բերած փաստական հանգամանքներին, իրենց հիմնավոր պահանջներին պատշաճ ստուգումներ չանցկացվեցին, թույլ չտրվեց մոտենալ որեւէ «քվեարկված ընտրացուցակի», ստուգել ընտրացուցակների ստորագրությունների եւ անձնագրային տվյալների իսկությունը։ Կամ՝ ինչո՞ւ օրենքով սահմանված ստուգումների ընթացքում ԸԸՀ-ն չթույլատրեց ստուգվող 02/46, 02/44, 02/36, 02/38 տեղամասերում համոզվել նշված ընտրախախտումների բացակայության մեջ, ինչո՞ւ Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազությունը օրենքով սահմանված ստուգումներ այդպես էլ չանցկացրեց 02/30, 02/39, 02/40, 02//35, 0236 եւ այլ տեղամասերում։ «Թիվ 11 ընտրատարածքի ՏԸՀ-ները եւ ԸԸՀ-ն «վարպետորեն» օգտվել են ԿԸՀ-ի ստեղծած իրավական այս շիլաշփոթից եւ իրենց գործողություններով (անգործությամբ) անտեսել ընտրական օրենսգրքի 30-րդ հոդվածով հստակ սահմանված իմ վստահված անձանց իրավունքները»,- դատարանում ԿԸՀ վերաբերյալ հայտարարեց Ա. Բլեյանը։ Վերջինս նաեւ դատարանին տեղեկացրեց, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետն իր աշխատակազմով օրվա բոլոր ժամերին քարոզչություն են իրականացրել հօգուտ Հ. Հակոբյանի, տարածել քարոզչական նյութեր, կազմակերպել միջոցառումներ: Հ. Հակոբյանը քաղաքացիներին քարոզչության ընթացքում խոստացել է անհատույց տանիքների վերանորոգում, բակերի ասֆալտապատում, ընտրողներին հյուրասիրություններ է մատուցել, բաժանել հագուստ: Այս փաստարկները սակայն ԸԸՀ-ն անտեսել է: ՍԴ-ն այս փաստարկները լսելուց հետո շաբաթ օրվա նիստում որոշում կայացրեց հետաձգել գործի քննությունը մինչեւ հունիսի 30-ը: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել