Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ԱՌԵՐԵՍՈՒՄԸ ՏԱՊԱԼՎԵՑ

Հուլիս 18,2003 00:00

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ԱՌԵՐԵՍՈՒՄԸ ՏԱՊԱԼՎԵՑ Երեկ «27»-ի գործով հարցաքննվեց լրագրող Նարինե Դիլբարյանը «Ազգ» թերթի նախկին լրագրող, 1999թ. հոկտեմբերի 27-ի ականատես Նարինե Դիլբարյանի մտքով երեկ չէր անցնի, որ մինչ իր ցուցմունքները լսելը ամբաստանյալ Էդիկ Գրիգորյանը հայտարարությամբ հանդես կգա, որով կպահանջի լրագրողներին համարել տուժող։ Ամբաստանյալը անհասկանալի համարեց այն, որ մեկ րոպե ԱԺ դահլիճում գտնված Հակոբ Հակոբյանը այդ գործով ճանաչվել է իբրեւ տուժող, իսկ, օրինակ, լրագրողները, որ դահլիճում եղել են 10 րոպե, չեն ճանաչվել տուժող։ Այս հայտարարությունից անտեղյակ Նարինե Դիլբարյանը նույնպես հայտնեց դատարանին, որ լրագրողներին պետք է ներգրավել իբրեւ տուժող եւ ոչ՝ վկա։ Նարինե Դիլբարյանը դատակոչված 129 վկաներից թվով 11-րդն է, որ ներկայացել է դատարան, իսկ հոկտեմբերի 27-ի ականատես լրագրողներից՝ առայժմ առաջինը։ Նա նախաքննական մարմնին ցուցմունք էր տվել 1999թ. նոյեմբերի 2-ին։ Երեկ պնդեց իր նախաքննական ցուցմունքները եւ նկարագրեց հոկտեմբերի 27-ի դեպքերը, որոնք «շեղում» ունեցան միայն ժամանակագրության հետ կապված։ Նա ասաց, որ զբաղեցրել է ԱԺ նիստերի դահլիճում լրագրողներին հատկացված տեղը (3-րդ շարքի 3-րդ աթոռը), հիշեց, որ իր կողքին էին լրագրողներ Գոհար Սարգսյանը եւ Մարինա Մկրտչյանը։ Նա տեսել էր, որ բարձրահասակ, սպիտակ անձրեւանոցով ահաբեկիչը ինքնաձիգով «ագրեսիվ եւ հարձակողական» մտավ եւ կրակեց վարչապետ Վազգեն Սարգսյանի վրա։ «Ինձ թվաց զորավարժություն է»,- շարունակեց նա։ Ապա նկարագրեց, թե ինչպես է ահաբեկիչ Կարեն Հունանյանը մոտեցել Վազգեն Սարգսյանին եւ հարվածել արդեն դիակին։ Ըստ այս վկայի, Կ. եւ Ն. Հունանյաններն են սպանել Վազգեն Սարգսյանին, Կարեն Դեմիրճյանին եւ Յուրի Բախշյանին։ Դիլբարյանը նկարագրեց նաեւ Վռամ Գալստյանի պահվածքը. «Չի տպավորվել, թե «հասցեական կրակոցներ» է արձակել Վռամը», սակայն տպավորվել էր, որ կանոնակարգված չէին նրա գործողությունները եւ ինքնարդարացման դրսեւորումներ ունեին նրա մի քանի արտահայտությունները, թե «եկել են ազատագրելու»։ Նարինե Դիլբարյանին հարցաքննեց մեղադրող Անահիտ Եղիազարյանը։ Վերջինիս այն մեջբերմանը, թե 2001թ. մայիսի 7-ին Նաիրի Հունանյանը դատաքննական ցուցմունք է տվել, որտեղ ասել էր, թե կրակելու մտադրություններ չեն ունեցել, եկել էին հրաժարական պահանջելու, վկան ասաց, որ հրաժարական պահանջելու ժամանակ չկար եւ որ նրանց մտնելն ու կրակելը եղել է միաժամանակ։ Մեղադրողի այն հարցին, թե ձայնագրիչ ունեցե՞լ է, օգտվե՞լ է ձայնագրիչից, Դիլբարյանը ափսոսանք հայտնեց, որ չի կողմնորոշվել եւ այդ պահին չի կարողացել միացնել ձայնագրիչը։ Նա նկարագրեց նաեւ, թե ինչպես է ահաբեկիչ Կարեն Հունանյանը փորձել սպանել նախկին վիճնախարար Ստեփան Մնացականյանին։ Նախաքննության ժամանակ տված ցուցմունքը երեկ դարձյալ պնդեց այդ դրվագի մասով, այն է՝ նա տեսել էր, թե ինչպես ատրճանակը Կ. Հունանյանը ուղղել է դեպի Մնացականյանը եւ որ ինքը սկսել է բղավել՝ «թե նա ինտելիգենտ է, մի սպանեք», ինչը, ճիշտ է, ընկալվել է հումորով, սակայն, իր կարծիքով, կանխել է սպանությունը։ Նարինե Դիլբարյանը նախաքննության ժամանակ հայտնել էր, որ հոկտեմբերի 27-ին, ժամը 14-ին, այսինքն մինչեւ կրակոցները տեսել է Նաիրի Հունանյանին լրագրող Նաիրի Բադալյանի հետ։ Պատասխանելով Նաիրի Հունանյանի հարցին, երեկ Դիլբարյանն ասաց, որ թյուրիմացություն է եղել ժամանակագրության առումով, որ «նիստը չսկսած՝ չէի կարող տեսած լինել ձեզ»։ Ն. Հունանյանին հետաքրքրում էր՝ արդյոք կաշկանդված չէ վկան, արդյոք որեւէ մեկը որեւէ բան չի խնդրել, նաեւ՝ ինչպես կարող էր հուզված վիճակում «քարացած» որոշեր, թե Ստեփան Մնացականյանը շարժվել եւ ակնոցն է որոնել։ Վկան դարձյալ պնդեց, որ տուժող Մնացականյանը անօգնական շարժվում էր։ Հետաքրքիր ջրբաժան տեղի ունեցավ տուժողների շարքերում։ Ինչպես գիտեք, երեկ պետք է առերեսվեին ԱԺ անվտանգությունը հսկող գումարտակի հրամանատար Միշա Մանուչարյանը իր ենթակա ոստիկանների՝ Անդրանիկ Դարբինյանի եւ Ավետիս Թաշճյանի հետ։ Ոչ միայն առերեսում չկազմակերպվեց, այլ տուժող Աղվան Վարդանյանի ներկայացուցիչ Ռուբեն Սահակյանը դեմ արտահայտվեց նախորդ օրը որեւէ առարկության չարժանացած միջնորդության դեմ, ասելով, որ մեղադրանքի սահմաններից դատարանը դուրս գալ չի կարող եւ որ դատարանն էլ քրեական հետապնդման մարմին չէ։ Երբ հարցաքննվում էր լրագրող Դիլբարյանը, այս անգամ ահաբեկության զոհ դարձած Դեմիրճյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանը հանդես եկավ առարկումով, որ Նաիրի Բադալյանի մասով չհարցաքննել Նարինե Դիլբարյանին, քանզի քրեական գործը նրա նկատմամբ կարճվել է, եւ դատարանն էլ իրավունք չունի դուրս գալ մեղադրանքի սահմաններից։ Սա, իհարկե, հեգնական պատասխան էր նախորդ՝ Ռ. Սահակյանի առարկությանը: Իրականում, բնականաբար, բոլոր իրավաբաններին հայտնի է, որ ցանկացած դատավարությունում առաջնայինը երեւան եկած նոր հանգամանքներն են։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել