Լրահոս
Օրվա լրահոսը

«Էդ բողկն ո՞վ կարող է ուտել»

Օգոստոս 28,2003 00:00

«Էդ բողկն ո՞վ կարող է ուտել» Հարցնում է «Կոմունիստների միության» երկրորդ քարտուղար Դավիթ Սեմ-Բալայանը «Առավոտի» ունեցած տեղեկություններով, վերջերս տեղի է ունեցել «Կոմունիստների միության» պլենումը, որտեղ որոշում է կայացվել հեռացնել միության նախագահ Իշխան Թովմասյանին: Սակայն, ըստ նույն աղբյուրի, վերջինս՝ ընդդիմանալով բյուրոյի կայացրած որոշմանը, վերցրել է միության կնիքն ու հեռացել անհայտ ուղղությամբ: Կոմունիստներից մեկը վստահեցնում էր, որ նա այդ օրվանից կնիքն օգտագործում է «կապիտալիստական ուժերի հետ ինչ-որ փաստաթղթեր կնքելով»: Իշխան Թովմասյանը, սակայն, մեզ հետ զրույցում հերքեց իր մասին շրջանառվող լուրերի իսկությունը՝ վստահեցնելով, թե ինքը տեղյակ չէ, թե ինչ պլենումի մասին է խոսքը: «Ես տեղյակ չեմ այդ մասին: Երեւի մեր կուսակցությունից վտարված ու իրենց նորացված անվանակոչածների հետ միացած կոմունիստներն են նման բաներ ասում: Երբ ես հայտարարեցի, որ մենք Քոչարյանին պաշտպանողների հետ չենք միավորվի, նրանք հավաքվել ու նման բան են պլանավորել: Նրանք թափթփուկներ են»,- ասաց Ի. Թովմասյանը: Իսկ «Կոմունիստների միության» երկրորդ քարտուղար Դավիթ Սեմ-Բալայանը՝ համապատասխանո՞ւմ է իրականությանն արդյոք այդ տեղեկատվությանը մեր հարցին ի պատասխան՝ ասաց. «Էդ բողկը ո՞վ կարող է ուտել: Առանց լիդերների ո՞նց կարող են պլենում անել ու նման բան որոշել»: Իսկ ինչ վերաբերում է կուսակցության կնիքը «կապիտալիստական ուժերի հետ փաստաթղթեր կնքելու» նպատակով օգտագործելուն, ապա Ի. Թովմասյանն ասաց. «Ո՞վ եմ ես, որ կնիքը վերցնեմ, չտամ: Արդարադատության նախարարություն կա, պլենում կա… Ես որպես նախագահ պլենումով ընդունել, վերցրել եմ կնիքը: Հետո՝ ես եմ առաջին քարտուղարը, կնիքն ինձ մոտ պետք է մնա»: Կուսակցության կնիքին վերաբերող հարցն ավելի շատ մտահոգում էր Դ. Սեմ-Բալայանին. «Նրանք ո՞վ են, ի՞նչ իրավունք ունեն արգելել Թովմասյանին պահելու կնիքը: Ճի՛շտ է անում Թովմասյանը, որ կնիքը չի տալիս, թող չտա8217: Երկու տարի առաջ էլի կնիքը վերցրել էին Իշխանի ձեռքից: Մտել էին կաբինետ, բռնի կերպով վերցրել, տարել էին: Իշխանն էլ տվել էր: Ասի՝ ինչի՞ ես տվել, մի հատ ինձ ձայն տայիր: Հետո՝ ես եմ գնացել հետ վերցրել: Գիշերով գնացել, հասել եմ Արամուս, մի հատ բուդկայում էին: Գնացել, ասել եմ՝ ո՞վ է վերցրել կնիքը, ով տղամարդ է, թող դուրս գա ինձ հետ դուրս: Գիշեր էր, մո՜ւթ, սատանա չկար: Ոչ ոք ինձ հետ դուրս չեկավ տղամարդավարի»,- պատմում էր Դ. Սեմ-Բալայանը: Իսկ նրանց, ովքեր լուրեր են տարածում ու Ի. Թովմասյանից կնիքը վերցնելու փորձեր անում, «Կոմունիստների միության» երկրորդ քարտուղարը սպառնաց, թե նման բան ինքը թույլ չի տա, ու այդ մասին անպայման կխոսի առաջին քարտուղարի հետ: «Եթե դրանք մեր բյուրոյից են, մենք նրանց ականջներն էլ կքաշենք»,- սպառնում էր կոմունիստը: Կոմունիստական ուղղվածություն ունեցող քաղաքական ուժերի հետ միավորվելու առնչությամբ Սեմ-Բալայանն ասաց, որ իրենք բոլորի հետ կմիավորվեն, բացի Նորացված կոմունիստներից, քանի որ, ըստ նրա, վերջիններս «Սերժ Սարգսյանի դրածոններն են: Սերժը նրանց փող է տալիս, վարձել է, որ նրանք ընդդիմանան կոմունիստներին»: Ի դեպ, Ի. Թովմասյանը նաեւ նշեց, որ իրենք հոկտեմբեր ամսին վերագրանցելու են իրենց կուսակցությունը, որտեղ կմնա միայն իսկական կոմունիստների «կորիզը»: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել