Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմսոմոլի եւս մի տարբերակ

Սեպտեմբեր 12,2003 00:00

Կոմսոմոլի եւս մի տարբերակ Պետական բուհերի ուսանողները ստեղծեցին Ուսանողության ազգային ասոցիացիա «Մենք ուզում ենք բոլորը համոզվեն, որ սա հերթական դեկլարատիվ կազմակերպություն չէ, այլ ուսանողության հիմքն է Հայաստանում եւ Հայաստանից դուրս»,- նոր կազմավորված Ուսանողության ազգային ասոցիացիայի մասին երեկ ասաց Երեւանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ուսխորհրդի նախագահ Արմեն Աշոտյանը, որն ի դեպ, նախընտրական փուլում ակտիվորեն իրականացնում էր Ռոբերտ Քոչարյանի քարոզչությունը: «Հայաստանում եւ Հայաստանից դուրս ուսանողության հիմքում» առայժմ տեղ է գտնվել միայն պետական բուհերի ուսանողների համար։ Ասոցիացիային անդամակցում են միայն այդ բուհերի ուսխորհուրդները։ «Արդյո՞ք ուսանողների միջեւ անտրամաբանական ու անարդար տարբերություն չի դրվում» մեր հարցին ասոցիացիայի նախագահ Աբրամ Բախչագուլյանը տվեց «հերթապահ» պատասխան. «Համաձայնագիրը բաց է բոլոր բուհերի առջեւ։ Մեր հաջորդ քայլը կլինի պետական հավատարմագրում ունեցող բուհերի հետ համագործակցությունը»։ Իսկ Ա. Աշոտյանի կարծիքով, «ուսանողական կառավարումը պետական ուսումնական հաստատություններում 10-11 տարվա փորձ ունի եւ, բնականաբար, առաջնությունը պետք է տրվի նրանց»։ Ասոցիացիան ձեւավորվել է 2 օր առաջ, մինչ այդ սկսել էր զբաղվել առաջին ուսանողական կոնֆերանսի նախապատրաստական աշխատանքներով, որը նախատեսված է անցկացնել հոկտեմբերի 7-13-ը։ Հյուրեր ընդունել-ճանապարհելու հարցում, ինչպես հասկացանք, ուսանողական ֆունկցիոներները ֆինանսի սղություն չունեն՝ հովանավորներ գտնվել են, այդ թվում՝ նաեւ մի պանդոկ։ Հիշեցնենք, որ ընդամենը նախորդ օրը հայ գիտնականները բողոքում էին միջազգային հայագիտական համաժողովը անցկացնելու համար հովանավորներ չունենալուց։ Ուսանողական կոնֆերանսին հրավիրված են 150 երկրների ներկայացուցիչներ, բայց առայժմ դրական պատասխան է եկել 8-ից, թեեւ «հուսով ենք, նրանց թիվը կհասնի 50-ի»։ Միջոցառումը վերնագրվել է «Հայացք դեպի ապագա», Ա. Աշոտյանի բացատրությամբ, «մի քիչ անհամեստ լինելով, մեզ պատկերացնում ենք որպես ապագա»։ Նախապատրաստական խառն իրավիճակում, իհարկե, այլ ծրագրեր էլ են «ցրցամ» տրված։ Մեկն, օրինակ, Վրաստանի ուսանողական ասոցիացիայի հետ Անդրկովկասյան կոնֆեդերացիայի ստեղծումն է։ Պարզվում է, որ ի տարբերություն մեր ուսանողական նոմենկլատուրայի հիմնականում միատարր քաղաքական դիրքորոշմանը (քոչարյանական), Վրաստանի ուսանողները բաժանված են քաղաքական 3 ուղղությունների։ Այս հարցում Հայաստանի ուսանողական ասոցիացիան խտրականություն չի դրսեւորել եւ կոնֆերանսի հրավեր է ուղարկել բոլոր հոսանքներին։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել