Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին ՔՊ-ականն հանդես կգա ընդդիմադիրի, ընդդիմադիր համայնքապետն էլ՝ ՔՊ-ի դիրքերից․ Ամասիայում բավական թեժ է լինելու

Հոկտեմբեր 30,2026 21:55 Share
Աջակցեք aravot.am-ին

Շիրակի մարզի Ամասիա և Աշոցք խոշորացված համայնքներում նոյեմբերի 29-ին տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ։

Աշոցքում առաջադրվել է մեկ քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը», որի թեկնածուն գործող համայնքապետ Կարեն Մանուկյանն է։ Այստեղ ընտրապայքար՝ որպես այդպիսին, չի լինելու, ավագանու կազմում ընդդիմադիրներ չեն ընդգրկվելու, որն ինքնին արժեզրկում է համամասնական ընտրակարգի գաղափարը։

Իսկ Ամասիայում, ինչպես և նախորդ ՏԻՄ ընտրություններում, թեժ ընտրապայքար է սպասվում, միայն թե դերերը փոխվել են․ եթե նախորդ ՏԻՄ ընտրություններում համայնքապետ Ջեմմա Հարությունյանը պայքարում էր ՔՊ-ական Մերգել Ղարիբյանի դեմ՝ որպես ընդդիմադիր, ապա այժմ նա գլխավորում է ՔՊ-ի ցուցակը, համալրել է ՔՊ-ականների շարքերը, իսկ Ղարիբյանները հանդես են գալու ընդդիմադիրների դիրքերից։

Այս անգամ Ջեմմա Հարությունյանի հետ ընտրապայքարի մեջ է մտել Մերգել Ղարիբյանի եղբայրը՝ Սամվել Ղարիբյանը, որը դուրս է եկել ՔՊ կուսակցությունից։ Նա գլխավորում է «Բարոյական արժեքներ» նորաստեղծ կուսակցության ցուցակը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական էջում տեղադրված են թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արաքսյա Կիրակոսյանի այսօր կայացրած երկու որոշումները՝ «Բարոյական արժեքներ» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների ցուցակները գրանցելու մասին։

Սամվել Ղարիբյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ իր գործընկերներից շատերը հրաժարվել են պաշտոններից՝ իր հետ ճանապարհը շարունակելու համար։

«Վերջին շրջանում իմ գործընկերներից ոմանք կայացրել են հեշտ չտրվող, բայց խորապես գիտակցված որոշում՝ կամավոր հրաժարվելով իրենց զբաղեցրած պաշտոններից՝ ինձ հետ նույն ճանապարհը շարունակելու համար։

Այս քայլն ինձ համար պարզապես աջակցություն չէ։ Այն սկզբունքայնության, մարդկային արժանապատվության, փոխադարձ վստահության և արժեքներին հավատարիմ մնալու խոսուն արտահայտություն է։

Նրանք իրենց որոշմամբ ցույց տվեցին, որ կան արժեքներ, որոնք չեն չափվում պաշտոնով, նյութական ապահովությամբ կամ անձնական շահերով։

Ես խորապես գնահատում եմ նրանց որոշումը, վստահությունն ու պատրաստակամությունը։

Հուսով եմ, որ նման գիտակցությունն ու արժեքային մոտեցումը օրինակելի կլինեն նաև մեր համայնքի բնակիչների համար՝ նպաստելով այնպիսի միջավայրի ձևավորմանը, որտեղ որոշումների հիմքում կլինեն ոչ թե նյութական շահերը, այլ սկզբունքայնությունը, արժանապատվությունն ու մարդկային արժեքները»,- գրել է նա։

Վերջինիս կարգախոսն է «Անկեղծ խոսքը ուժ ունի»։

Ըստ թեկնածուի՝ անկեղծ խոսքի հիմքում ընկած են ազնվությունը, սկզբունքայնությունը և պատասխանատվությունը։

Ֆեյսբուքյան հարթակում արդեն իսկ հայտնվել են նրանց լուսանկարներով ցուցապաստառները։

Հիշեցնենք, որ Ամասիայում նախորդ՝ 2021 թվականին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո տևական ժամանակ ընտրական կրքերը չէին հանդարտվում․ ամենաշատ ձայներ հավաքած ՔՊ-ականները բողոքի ցույցեր էին անցկացնում, նոր ընտրություններ էին պահանջում, նրանք չէին համակերպվում, որ իշխանությունը ստանձնելու է Ջեմմա Հարությունյանի գլխավորած «Արփի Ամասիա» նորաստեղծ դաշինքը՝ ՀՀԿ-ի հետ համատեղ։

ՔՊ-ականներն այդ ժամանակ ի նշան բողոքի՝ վայր դրեցին իրենց մանդատները՝ Ամասիայում տեղական իշխանության մաս չկազմելով։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել