Լրահոս
Օրվա լրահոսը

«Վառե՞լ», թե՞ «չվառել» գործակալներին

Նոյեմբեր 13,2003 00:00

«Վառե՞լ», թե՞ «չվառել» գործակալներին Մամուլի ազգային ակումբը երեկ քննարկում էր կազմակերպել՝ «Հատուկ ծառայությունների ազդեցությունը Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական զարգացումների վրա»: Ներկաները պահանջում էին «բացել գաղտնի գործակալության գրապահոցները» (սա Պարույր Հայրիկյանի ձեւակերպումն է), կամ «լյուստրացիայի ենթարկել նախկին ՍՍՀՄ գաղտնի ծառայությունների գործակալներին» (այսկերպ իր պահանջը ձեւակերպեց Հմայակ Հովհաննիսյանը): Եվ միայն «Ազգային անվտանգություն» նշանակալի անունը կրող կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանն էր անընդունելի համարում գործակալների «լյուստրացիան»՝ բացահայտումը, մի վերապահում անելով՝ «ազգային անվտանգության գործակալներին բացահայտել կարելի է միայն նրանց մահից հիսուն տարի հետո»: Ըստ նրա, մարդիկ, ովքեր պատրաստ են աշխատել անվտանգության գաղտնի ծառայություններում, պիտի հանգիստ լինեն, որ չեն «վառվի», քանի կենդանի են: Պ. Հայրիկյանը շտապում էր լքել կլոր սեղանը, քանի որ պիտի գնար «զսպելու կատաղած ոչխարներին»: Այսպես փաղաքշաբար նա արտահայտվեց իր գյումրեցի կուսակիցների մասին, որոնք պատրաստվում էին երեկ բողոքի նոր ալիք բարձրացնել՝ իրենց գրասենյակը զավթելու կապակցությամբ: Այնուամենայնիվ, չնայած շտապողականությանը, ԱԻՄ առաջնորդը հասցրեց կարդալ իր մտորումները քննարկվող թեմայի շուրջ, եւ ավելին՝ նախադասություն առ նախադասություն մեկնաբանել իր իսկ մտքերը: «Լինելով անկախ երկիր, Հայաստանը դեռ չի ձերբազատվել այլ երկրի գործակալական ցանցից, իսկ մեր գաղտնի ծառայությունների արխիվները պահվում են այլ երկրում եւ մեզ մատչելի չեն»,- այս խոսքերից հետո, պրն Հայրիկյանը դիմեց «թագավորին»՝ «Եվ դու քեզ թագավո՞ր ես կոչում, երբ քո գործակալական ցանցի արխիվներն այլ երկրում են»: ՍԻՄ առաջնորդ Հրանտ Խաչատրյանը հիշեց իր շփումները անվտանգության աշխատակիցների հետ, եւ զգուշավորության դրդեց՝ «տեսնելով, թե որքան պատրաստված են նրանք, ես միշտ զգուշացել եմ, եւ երիտասարդներին զգուշացրել եմ, որ չընկնեն գաղտնի ծառայության որոգայթները»: Պատգամավորը խոսեց նաեւ ԱԺ-ում քննարկվող «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» օրենքի նախագծում տեղ գտած մի «սողանցքի» մասին, որը հակասում է ՀՀ Սահմանադրությանը: «Սողանցքը» թույլ է տալիս որոշ դեպքերում, առանց դատարանի որոշման գաղտնալսումներ եւ գաղտնազննումներ կատարել: Մեկ այլ պատգամավոր՝ Հմայակ Հովհաննիսյանը գտնում էր, որ ԽՍՀՄ-ից ժառանգություն մնացած հատուկ ծառայությունների հզոր ցանցը պետք էր օգտագործել՝ «պետք էր նրանց վերադաստիարակել, ինտեգրել, որ նրանք իրենց պրոֆեսիոնալ գիտելիքներն ի սպաս դնեին անկախ պետականության կայացման համար»: Այնուհետեւ պետք էր «լյուստրացիա անցկացնել», եւ բացահայտել բոլոր նախկին գործակալներին, եւ ոչ թե «նրանց շպրտել փողոց՝ առանց լյուստրացիայի», որից հետո «վիրավորված եւ չարացած գործակալները կարող էին գայթակղվել այլ երկրների գործակալ դառնալու մտքով»: ՀՀ-ում, պրն Հովհաննիսյանի կարծիքով, հենց այդպես էլ եղավ: Պատճառներից մեկն էլ, ըստ նրա, այն էր, որ անվտանգության ոլորտում հայտնվեց «մի ուսմասվար» (քար՝ Աշոտ Մանուչարյանի բոստանը), որը գաղափար չուներ՝ ինչ ասել է «հատուկ ծառայությունների գործակալների կորպորատիվ համերաշխություն»: Եվ հիմա, Հ.Հովհաննիսյանի համոզմամբ, գործում է «Հատուկ գործակալներ, բոլոր երկրների, միացեք» գաղափարախոսությունը: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել