Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար քննիչները առաջադրել են մեղադրանքներ մարդկանց, որոնցից շատերն անգամ դեպքի վայրում չեն եղել․ Թագուհի Թովմասյան

Ապրիլ 25,2024 20:29

Ապրիլի 24-ին «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակի մոտ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ և դստեր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը, ինչ խոսք, տհաճ էր ու անընդունելի` անկախ իմ ունեցած վերաբերմունքից գործող իշխանության նկատմամբ: Բայց դրան հետեւած քաղաքական վրեժխնդրության դրսեւորումը երկրի իշխանության կողմից կրկնակի անընդունելի է. մարդկանց հայհոյելով, բիրտ ուժ կիրառելով փողոցներից հավաքել տարել, ձերբակալել են:

Այսօր ձերբակալվածների պահման վայրում հանդիպեցի նաեւ Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 72 ժամով ձերբակալվածներին: 8 անձի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը): Սակայն նրանց մեջ կային մարդիկ, ովքեր այդ օրը ընդհանրապես Ծիծեռնակաբերդում չեն եղել: Թե ինչպես է Վարույթն իրականացնող մարդկանց մոտ անմիջականորեն հիմնավոր կասկած առաջացել, որի հիմքով 8 անձ ձերբակալվել է, անհասկանալի է: Ինչպես նաեւ անհասկանալի է, թե ինչու է ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես տեղեկացրել 7 անձի ձերբակալության մասին, երբ ՁՊՎ-ում 8 ձերբակալվածներ կային:

Ներկայացնեմ բոլորի հետ ունեցած իմ զրույցների հակիրճ նկարագրությունը։

Քաղաքացի Սեդա Գրիգորյանը, ով ասաց՝ ԱԺԲ-ի աջակից է եւ բերման էր ենթարկվել Թումանյան փողոցից, այդ օրը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում չի եղել եւ ուներ այդ մասին անհերքելի ապացույցներ: Նա իր նկատմամբ մեղադրանքը համարում էր շինծու:

Տիգրան Չալաբյանը, ում եւս նույն հոդվածն են առաջադրել, եղել է հուշահամալիրի տարածքում, ասաց, որ վանկարկել է, ինչպես մյուսները, սակայն անօրինական ոչինչ չի արել: «Ես ոստիկաններին էլ ասացի, որ քաղաքական պատվեր եք կատարում: ԱԺԲ-ի բոլոր տղաներին էլ պետք է ազատ արձակեք, ի՞նչ իրավապահ գործունեության իմիտացիա եք անում»,- ասաց Տիգրան Չալաբյանը` խնդրելով հանրայնացնել իր այս խոսքերը:

Տիգրան Դեմոյանը, ով այդ օրը եղել է ԱԺԲ-ի շապիկով, ակնհայտորեն թիրախավորվել է արդեն երեկոյան երթի ժամանակ: 62-ամյա քաղաքացուն կարմիր բերետներով ոստիկանները տապալել են գետնին, բռնություն գործադրելով, հայհոյանքներով տարել են ոստիկանություն: Նրա նկատմամբ էլ նույն մեղադրանքն է առաջադրված:

Խաչատուր Ախսախալյանը ամենաերիտասարդն էր, ում եւս ձերբակալել են ատելության խոսք, խտրականություն հրահրելու կասկածանքով: Նրա խոսքով, ինքը եղել է Ծիծեռնակաբերդում եւ, տեսնելով մարդկանց ցասումը, ինքն էլ է մասնակցել վանկարկումներին: Ուրիշ որեւէ հակաիրավական քայլ չի կատարել: Փոխարենը իրեն Թումանյան-Մաշտոց փողոցների խաչմերուկից բիրտ ուժ կիրառելով են բերման ենթարկել, հայհոյանքներով և վիրավորանքներով: Ավելին` մի ոստիկան էլ հետեւից է հարվածել իրեն:

Վահագն Կարապետյանը եւս նույն հոդվածով է ձերբակալվել, բայց միջադեպի ժամանակ հուշահամալիրի նշված հատվածում չի եղել: Նա ԱԺԲ-ի իր շատ ընկերների հետ արդեն ծաղիկները դրել, վերև էր բարձրացել: Բայց չի խանգարել, որ Թումանյան փողոցից բերման ենթարկեն եւ թշնամանքի հոդվածով մեղադրանք առաջադրեն:

Արտավազդ Հակոբյանն ընդհանրապես Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում չի եղել այդ օրը: Բայց նրան էլ Թումանյան փողոցում կարմիր բերետավորները տապալել են գետնին, հարվածելով նստեցրել ավտոմեքենան: Քաղաքացու ձեռքը բռնությունների հետեւանքով արմունկից վերևի հատվածը ցավում էր:

Լաուրա Պապիկյանը եղել է Ծիծեռնակաբերդում, ասաց, որ արտահայտել է իր ցասումը, երբ տեսել է Աննա Հակոբյանին, քանի որ չի ընդունում Նիկոլ Փաշինյանի միակողմանի՝ հողերը հանձնելու քաղաքականությունը, նոր էր վերադարձել Տավուշից: «Ախր ո՞նց տաս քո հողը, քո երեխային թշնամուն: Ես ասացի, որ մեր հողերը մի հանձնեք, Աննա Հակոբյանը հրահանգեց` տարեք էստեղից»,- պատմեց տիկին Լաուրան` ներկայացնելով, որ իրեն բերման են ենթարկել երեկոյան երթի ժամանակ, Թումանյան փողոցից՝ ակնհայտ բռնություն գործադրելով: Երբ արդեն ոստիկանությունում է եղել, իր իրավունքները չեն բացատրել, փաստաբանի հետ խոսելու հնարավորություն չեն տվել:

Ինքս նկատեցի, որ Լաուրա Պապիկյանի վերնաշապիկը պատռված էր, ինքն էլ չէր տեսել: Ասաց, որ ձեռքերն են ցավում բռնությունների հետեւանքով եւ կոտրվել է իր հեռախոսը:

Քաղաքացի Հայկ Հովհաննիսյանի դեպքը ամենազավեշտալին էր: Նա այդ օրը Երեւան է եկել Հովտաշատ գյուղից, որ գնա Թումանյան 39 հասցեում գտնվող հարազատ քրոջ տուն: Տեսնելով իրարանցում՝ կանգնել, նայել է: Ոստիկանները պահանջել են, թե ով ԱԺԲ-ից չէ, բարձրացեք մայթ: Հայկը բարձրացել, մայթին կանգնել է: Ու երբ տեսել է մի ծեր պապիկի քաշքշում են, ընկել է գետնին, մոտեցել է, որ օգնի: Այդ ժամանակ իրեն էլ մյուսների հետ բռնությունով տարել են ոստիկանական մեքենան ու ձերբակալել Աննա Հակոբյանի և նրա դստեր կողմից «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ մի խումբ անձանց կողմից առերևույթ ատելության, խտրականության, անհանդուրժողականության կամ թշնամանք հրահրելու գործողություններ կատարելու համար: Մինչդեռ Հայկ Հովհաննիսյանը ընդհանրապես չի եղել Ծիծեռնակաբերդում այդ օրը:

Ավելին, նա, ըստ իր նկարագրածի, 2018-ի հեղափոխության օրերին եղել է բեմի պատասխանատուներից մեկը, շատ լավ ճանաչում էր ՔՊ վերնախավին` շատերին համարելով իր ընկերը կամ նախկին ընկերը:

Ահա այսպես, Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները առաջադրել են մեղադրանքներ մարդկանց, որոնցից շատերը անգամ դեպքի վայրում չեն եղել: Բայց նրանք զրկվել են ազատությունից, եւ խախտվել է մարդկանց ամենատարբեր իրավունքներ:

Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն ԱԺԲ-ի ներկայացուցիչների այս վարքագիծը կհամարեր ոչ թե թշնամանքի, ատելության քարոզ, այլ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՐՍԱՎԱՆՔ: Իսկ այսօր իրավիճակ է փոխվել…

Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆ

ԱՆԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930