Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամեց հոգևորականներին հայ ժողովրդի համար այս ծանր ժամանակաշրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց հովվական ծառայությունը

Ապրիլ 25,2024 23:22

Ապրիլի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց երեքշաբաթյա վերապատրաստման դասընթացներին մասնակից քահանաներին, ովքեր ժամանել էին Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, խոսեց վերապատրաստման դասընթացների կարևորության և դրանց արդյունավետության մասին։

Այնուհետև Նորին Սրբությունը, իր հայրական օրհնությունը բերեց եկեղեցականներին՝ գոհունակությամբ արձանագրելով, որ դասընթացները հնարավորություն են ընձեռում քահանա հայրերին վերաթարմացնելու իրենց գիտելիքները, քննարկելու հովվական կյանքին առնչվող զանազան հարցեր, ինչպես նաև հարստանալու նոր գիտելիքներով և միմյանց փորձառությամբ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամեց հոգևորականներին հայ ժողովրդի համար այս ծանր ժամանակաշրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց հովվական ծառայությունը՝ ուղղորդելով հայորդիներին Ճշմարտության ճանապարհով, մխիթարություն պարգևելով հոգեկան ծանր ապրումների մեջ գտնվող մեր զավակներին և չհանդուրժելով անտարբերության որևէ դրսևորում։

Վեհափառ Հայրապետը եկեղեցականներին հորդորեց նաև բարձր գիտակցումով, քաջաբար և ամբողջանվեր կերպով իրականացնել իրենց սրբազան առաքելությունը՝ ի զորացումն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և  ի բարօրություն հայ ժողովրդի։

Հանդիպման վերջում Նորին Սրբությունը պատասխանեց քահանա հայրերի հարցերին, որոնք առնչվում էին Մայր Աթոռի կողմից իրականացվող հոգեխնամ և կրթական ծրագրերին։

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930