Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը կփոխվի

Նոյեմբեր 21,2003 00:00

Կառավարությունը կփոխվի Համոզված է Երջանիկ Աբգարյանը Կոալիցիոն «գզվռտոցն» իբրեւ տիրապետության ոլորտների վերաբաժանման տրամաբանական ընթացք դիտարկելով՝ ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանը գտնում է, որ «դա իրականացվում է նախագահ Քոչարյանի կողմից»։ Քանզի, մեր զրուցակցի կարծիքով՝ «վեց տարի շարունակ Քոչարյանն ուզում է իր կառավարությունը ստեղծել ու չի հաջողվում։ Հիմա հարմար պահը եկել է դա իրականացնելու համար»։ Բնականաբար, հարց առաջացավ, թե այսօր գործող կառավարությունն ինչով նախագահինը չէ։ Դրան ի պատասխան պրն Աբգարյանը պատմական էքսկուրս կատարեց. «1997թ., երբ Քոչարյանը հրավիրվեց Հայաստան որպես վարչապետ, նրա գործունեության հիմնական ուղղությունը եղել է իր իշխանության ամրապնդումն ու ընդլայնումը։ Նա Հայաստան էր հրավիրվել որպես վարչապետ, բայց առաջին իսկ օրից սկսեց զբաղվել հեղաշրջում նախապատրաստելով։ Ի վերջո, Վազգեն Սարգսյանի օգնությամբ նա հայտնվեց նախագահի աթոռին, բայց իրադրությունն այնպես զարգացավ, որ նրա իշխանությունը, փաստորեն, ձեւական էր։ 1999թ. աշնան սկզբին արդեն խոսք էր գնում այն մասին, որ նա պաշտոնանկ կարվի մինչեւ տարեվերջ։ Ակնհայտ է, որ Ռ. Քոչարյան-Ս. Սարգսյան եւ Վ. Սարգսյան-Կ. Դեմիրճյան պայքարում ռուսները նախապատվությունը տվեցին առաջին զույգին։ Եթե Վ. Սարգսյանն ու Կ. Դեմիրճյանը ռուսական իրականության հետ կապված էին նրա պետական բյուրոկրատիայի միջոցով, ապա Ռ. Քոչարյանն ու Ս. Սարգսյանի կապն արտահայտվում էր մոսկովյան հեղինակությունների՝ Լուժկովի, Կոբզոնի, Յապոնչիկի եւ նմանների հետ կապերով։ Իհարկե, Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի դիրքերը ավելի խոցելի էին եւ, բնական է, որ Ռուսաստանը Հայաստանում կուզենար ունենալ թույլ, իրենից կախված ղեկավարություն։ Վ. Սարգսյանն ու Կ. Դեմիրճյանը սպանվեցին։ Ի դեպ, ես զարմանում եմ, թե ինչու «Հոկտեմբերի 27»-ի գործում ռուսական վարկածն ընդհանրապես տեղ չի գտել։ 1999թ. հոկտեմբերի վերջին հայտնվելով ծանր մեղադրանքների տարափի տակ, Քոչարյանը ժամանակ շահելու նպատակով կատարեց մի շատ պարզունակ քայլ՝ վարչապետ նշանակեց Արամ Սարգսյանին՝ Վազգենի եղբորը։ Միայն ափսոսալ կարելի է, թե ինչ հեշտությամբ Վազգենի շրջապատը կուլ տվեց այդ խայծը, եւ Ա. Սարգսյանի մոտալուտ պաշտոնանկությունը միանգամայն սպասելի էր։ Բայց Քոչարյանի համար դեռ այն ժամանակը չէր հասունացել, որ ամբողջովին կարողանար սեփական կադրերով համալրել իշխանության բոլոր օղակները, որովհետեւ բացահայտ կերեւար «27»-ի հետեւանքների իրական արժեքը եւ, բացի այդ, նա Հայաստանում մարդկանց ճանաչելու եւ վստահելու անհրաժեշտություն ուներ։ Ա. Մարգարյանի գլխավորած առաջին կառավարությունը, ըստ էության, Քոչարյանի իշխանության վերջնական ամրապնդման առաջին քայլն էր։ Երկրորդ քայլը այդ նույն ուղղությամբ, սկսվեց այս տարվա ընտրություններից հետո, երբ կազմավորվեց կոալիցիոն կառավարություն։ Ըստ էության, կոալիցիոն կառավարության կազմավորման հիմնական նպատակն է՝ աստիճանական անցում կատարել դեպի սեփական իշխանության վերջնական ամրապնդում։ Միաժամանակ, ներկայումս Քոչարյանի համար պարզ է դարձել, թե ովքեր են, որ բոլոր իրադրություններում անվերապահորեն կանգնեցին իր կողքին եւ ում վրա հաստատապես կարող է հենվել։ Այսինքն, Հայաստան գալուց մոտ վեց տարի անց Քոչարյանը վերջապես հնարավորություն է ստացել իշխանություն կազմավորել ոչ թե ըստ իրադրության թելադրանքի, այլ ըստ իր կամեցողության։ Պատրաստեց՝ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել