Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվան արցունքներին երբեմն հավատում է

Նոյեմբեր 29,2003 00:00

Մոսկվան արցունքներին երբեմն հավատում է Ամենեւին պատահական չէ, որ աշխարհի առաջադեմ երկրներում աստիճանաբար ահագնանում է Ռուսաստանին «Մեծ ութնյակ»-ից դուրս շպրտելու ցանկությունը: Վերջին շրջանում այս երկրում ծավալվող «ավտորիտարիզացման» գործընթացներն այնքան են ակտիվացել, որ այլեւս խիստ դժվարացել է դրանց քաղաքակիրթ փաթեթավորմամբ մատուցումը միջազգային հանրությանը: Ընդ որում, այդ գործընթացները դրսեւորվում են ոչ միայն Ռուսաստանի ներքին, այլեւ արտաքին քաղաքական հարթություններում, ձեռք բերելով նեո-կայսերապաշտական ակնհայտ երանգներ: ՌԴ արտգործնախարար Իգոր Իվանովի վրաստանյան՝ թվում էր թե հաշտարար եւ բովանդակային տեսակետից ընդհանուր առմամբ դրական առաքելությունն, իհարկե, տպավորիչ էր, սակայն այն, ինչ տեղի է ունենում դրան հաջորդող օրերին, ինչպես ասում են՝ չի տեղավորվում ոչ մի «սնդուկի» մեջ: Ինչպես հայտնի է, Աբխազիայի, Աջարիայի եւ Հարավային Օսիայի ղեկավարները Շեւարդնաձեի պաշտոնանկությունից ի վեր «գցած են» Մոսկվայում եւ իբրեւ թե Վրաստանի ներքին ճգնաժամի կարգավորման ուղիներ են մտմտում: Այդպիսի ուղիներից մեկն, օրինակ, Աջարիայի նախագահ Ասլան Աբաշիձեի պատկերացմամբ, իր ղեկավարած ինքնավարության եւ Ռուսաստանի միջեւ պարզեցված վիզային ռեժիմի հաստատումն է: Տեղին է նշել, որ վերջին օրերին Վրաստանի տարածաշրջանային այս իշխանիկները, ի հեճուկս արարողակարգային սուբորդինացիայի ենթադրած բոլոր հնարավոր նորմերի, Մոսկվայի կողմից «տարօրինակորեն» ջերմ ընդունելության են արժանանում: Աբաշիձեի, Հարավային Օսիայի ղեկավար Էդուարդ Կոկոյտիի եւ Աբխազիայի վարչապետ Ռաուլ Խադջիմբայի հետ «փակ դռների ետեւում» հանդիպում եւ տեւական խորհրդատվություններ են անցկացնում հաջորդաբար ՌԴ վարչապետը եւ արտգործնախարարը: Բնականաբար, վրացական անջատողականների նկատմամբ դրսեւորվող ռուսական «քավորության» մանրամասների մասին պաշտոնական լրատվությունը բացակայում է: Փոխարենը պաշտոնական Մոսկվայի կեցվածքի իրական հրապույրների մասին լիուլի տեղեկանում ենք ռուսական մամուլից: «Ռուսաստանը կարող էր հանդուրժել նախագահի ցանկացած թեկնածուի, միայն ոչ՝ Սահակաշվիլուն», զայրացած գրում է «Իզվեստիա»-ն, գրեթե սպառնալով այդ բանի համար պատժել վրացիներին, ընդ որում՝ հենց «Ռուսաստանի համար խիստ կարեւոր Բաթումը» վերահսկող Աբաշիձեի ձեռքով: Այդ հրապարակումից մի պահ տպավորություն է ստեղծվում, թե Վրաստանի նախագահի թեկնածուին որոշելը բացառապես Կրեմլի, այլ ոչ թե վրացիների իրավասությունն է: Մեկ այլ պարբերականում՝ ռուսական «Տրուդ»-ի էջերում հոդվածագիրը բացեիբաց չարախնդում է, հասկացնել տալով, որ ՌԴ-ի համար ոչ բարենպաստ զարգացումների դեպքում «այլեւս իրենց անհրաժեշտությունը կարող են կորցնել «Բաքու- Ջեյհան» նավթատարն ու «ՏՐԱՍԵԿԱ» տրանսպորտային միջանցքը», իսկ փոխարենն արդիական կդառնան Ռուսաստանի տարածքով անցնող կոմունիկացիոն գծերը: Մեկնաբանություններն ավելորդ են: Ի դեպ, Վրաստանի նախագահի պաշտոնակատար Նինո Բուրջանաձեն արդեն իսկ արձագանքել է Աջարիայի հետ պարզեցված վիզային ռեժիմ հաստատելու մասին մոսկովյան քննարկումներին, տալով տվյալ իրավիճակին համարժեք միակ տրամաբանական պատասխանը. Ռուսաստանը պարզեցված կամ բարդացված վիզային ռեժիմ կարող է ունենալ ամբողջ Վրաստանի, այլ ոչ թե նրա ռեգիոններից որեւէ մեկի հետ: ՏՒԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել