Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Դեկտեմբեր 06,2003 00:00

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ Ղարաբաղ. նորից լրջանալու պահը-1 Բոլորին է հայտնի, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում իշխանության եկավ Ղարաբաղի հակամարտությունը լուծելու պատրվակով։ Եթե որեւէ մեկը այն ժամանակ ասեր, թե Քոչարյանը պիտի տարին մեկ 40 հազար աշխատատեղ ստեղծի, Շառլ Ազնավուրի հետ թեւ թեւի «Առագաստում» ջազ լսի, դեմ առ դեմ բանակցություններ վարի տեռորիստական խմբի առաջնորդի եւ ոչ Ալիեւի հետ, նրան գժի տեղ կդնեին։ Էլ ավելի անհավանական կլիներ, եթե կարծեին, թե նա պիտի ժողովրդավարություն զարգացնի։ Հարցի միամտությունն այն է, թե ինչպես պատահեց, որ աշխարհի տերերը հանկարծ ենթադրեցին, որ Լ. Տեր-Պետրոսյանին փոխարինած իշխանությունը կարող է Ղարաբաղի հարց լուծել։ Բայց բանն այն է, որ միամտությունը միայն զավեշտական չի լինում։ Հարցն այնքան լուրջ էր եւ պայմանավորվածությունն էր այնքան լուրջ, որ առաջին նախագահին տուն ուղարկած նոր իշխանությունը ամիսուկես անց, խախտելով երկրի Սահմանադրությունը, նախագահ կարգեց մեկին, որ դրա իրավունքը չուներ։ Ջհանդամը Սահմանադրությունը, նախագահ դարձավ մեկը, որ դրա համար անհրաժեշտ ձայներ չէր հավաքել։ Գրողի ծոցը ձայները, ուրեմն հակամարտության խնդրի լուծման այնքան լուրջ ծրագիր էր մեջտեղում, որ այդ ամենի վրա աչք փակեցին։ Չեմ խոսում մերոնց՝ 8 հազար քառակուսի տարածքով Ղարաբաղի քարտեզով բավարարված լինելու մասին։ Դա մեզ համար էր եւ ոչ Փարիզում կամ Սադարակում բանակցությունների սեղանին դնելու համար։ Թե չէ պատերազմող երկրի համար անօրինական նախագահ ունենալը իսկապես մեծ շռայլություն էր։ Փոքր պետության թույլ տված էդպիսի մեծ շռայլությունը հաստատ ավելի լուրջ դրդապատճառ է ունենում։ Նավթի վրա նստած չէինք, ոսկու կարասը դեռ ուրարտական ժամանակներից դատարկ էր, ուրեմն էդ ի՜նչ գանձի տեր էինք, որ այդպիսի շռայլության գնացինք։ Հայտնի բան է, որ բացքամակությունն էլ է փիլիսոփայություն՝ բացքամակի փիլիսոփայությունը։ Դրա համար Դավիթ Անհաղթ լինելը պարտադիր չէ։ Իրեն քամուն եւ ձիու ականջին տված բոշի ազատությունն էլ բավարար է։ Եվ հիմա տարագիր ախպորս՝ ժամանակին արված կանխատեսումը, թե «27»-ի դատավարության ավարտը կհամընկնի Ղարաբաղը դե ֆակտո հանձնելու սկզբնական փուլին», կարծես թե առաջին մասով արդեն իրականացավ։ Համենայնդեպս, համընկան Ուզունյանի խորհրդակցական սենյակում փակվելը եւ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փակ նիստ գումարելու ժամանակները, որտեղ քննարկվեց, այսպես կոչված, փարիզյան եւ քիուեսթյան բանակցությունների բովանդակությունը։ Նիստում ԱԳ նախարար Օսկանյանը «գաղտնազերծել» է 5-ամյա բանակցությունների ողջ ընթացքը, որից երեւում է, որ մինչ Հայաստանը եւ հայության առաջադեմ հատվածը կարծել է, թե Քոչարյանը Ղարաբաղի հարց է լուծում, պարզվել է, որ նա զբաղված է եղել Հայաստանի հարց լուծելով, այսինքն՝ երկրի տարածքային ամբողջականության դեմ դավադրությամբ։ Սովորաբար, երբ փակ պահվող որեւէ բանի գաղտնազերծման անհրաժեշտություն է առաջանում, նշանակում է, որ գաղտնիքի բովանդակությունն արդեն անցյալ է, եթե, իհարկե, չբացառենք, որ այն կարող է կանխորոշված ապագա լինել։ Առաջին վարկածի օգտին գործում է զուտ դիվանագիտական տրամաբանությունը։ Բայց եթե դա այդպես լիներ, Օսկանյանը չէր սպառնա իր եւ Քոչարյանի հրաժարականով։ Մնում է երկրորդը, որի օգտին խոսում են այն բազմաթիվ բլից-հարցումները, որ այս օրերին կազմակերպում են իշխանամետ լրատվամիջոցները, հարցը ձեւակերպելով մոտավորապես այսպես. «Ո՞վ պետք է լուծի Ղարաբաղի խնդիրը», որի նպատակը, ամենայն հավանականությամբ, նախ պարզելն է, թե ով կարող է խոչընդոտել հարցի այն դրվածքին, որ առաջարկում է Քոչարյանը։ Մանավանդ այս վերջինը կարծես թե մի անգամ արդեն եղել է հոկտեմբերի 27-ի տեսքով։ Քանի որ մինչ այդ էլ պարզ էր, որ բանակցությունների ֆորմատի փոփոխությունը կբերի բանակցությունների առարկայի փոփոխության։ Բնականաբար, ԼՂՀ-Ադրբեջան-Հայաստան բանակցությունները այլ բան էին թելադրում, ՀՀ-Ադրբեջանը՝ միանգամայն այլ։ Սա լավ էր հասկանում Քոչարյանը, երբ Ղարաբաղի նախագահն էր։ Հավանաբար, Հայաստան տեղափոխվելով, նրան թվաց, թե հարցն էլ է իր հետ տեղափոխում, եւ հայաստանյան նստավայրից, միանգամից երկու կարգավիճակով կարող է հանդես գալ՝ եւ որպես հայաստանյան, եւ որպես ղարաբաղյան կողմ, որովհետեւ Հայաստան գալով՝ Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ հակամարտության լուծման խնդրում հակասությունները վերացան, որոնք կային, երբ Լ. Տեր-Պետրոսյանն էր նախագահ։ Քոչարյանի նախագահ դառնալու մեծ ցանկությունը միայն փառասիրությամբ բացատրելը փոքրոգություն կլինի։ Անշուշտ, նրան շատ էր պետք, որ որպես նախագահ իր կարգավիճակով հավասարվի Ալիեւին։ Որովհետեւ այլ բան է ճանաչված երկրի նախագահ լինելը, միանգամայն այլ՝ չճանաչված երկրի պրեզիդենտը։ Հետո էլ՝ Ղարաբաղի նախագահ լինելով, Մեղրու, ասել է թե՝ ՄԱԿ-ի կողմից ճանաչված երկրի տարածքային ամբողջականության սկզբունքին չես հակադրվի։ Հանգամանք, որը հնարավոր է շրջանցել՝ դառնալով տվյալ երկրի նախագահ եւ սահմանադրական փոփոխություններով իրագործել գերնպատակը, մի բան, որ արդեն իսկ նախատեսված էր 2003-ին հանրաքվեով մերժված սահմանադրությամբ։ Դեկտեմբերի 2-ին Քոչարյանը «Հոկտեմբերի 27-ի» գլխացավանքից ազատվեց։ Մնում է փորձարկել դավադրության նախատեսված սցենարի մյուս տարբերակները։ ԹԱԴԵՎՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031