Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵՏԱԿԱՆ ԴԱՓՆԻՆԵՐԸ ԲԱԺԱՆՎԵՑԻՆ

Հունվար 17,2004 00:00

ՊԵՏԱԿԱՆ ԴԱՓՆԻՆԵՐԸ ԲԱԺԱՆՎԵՑԻՆ Երեկ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով գրականության եւ արվեստի մի խումբ գործիչներ 2003թ. դափնեկիրներ ճանաչվեցին: Հայրենական գրականության եւ արվեստի լավագույն ստեղծագործությունները խրախուսելու նպատակով երկրի ղեկավարը նրանցից յուրաքանչյուրին պարգեւատրեց 2մլն 500 հազար դրամով ու պատվոգրով: Բոլոր մասնագիտական հանձնախմբերի նախագահները միաբերան գովեստի խոսքեր հնչեցրին նախագահի հասցեին: Գրականության եւ հրապարակախոսության հանձնախմբի նախագահ Լեւոն Անանյանը նշեց, որ մեծ դժվարությամբ, 3 փուլով, փակ գաղտնի քվեարկությամբ 43-ից լավագույնն է ճանաչվել մեկ ստեղծագործություն: Արդյունքում՝ 2003թ. գրականության ու հրապարակախոսության ոլորտում պետական մրցանակ շնորհվեց Արտեմ Հարությունյանին՝ «Հուդայի արձակուրդը» գրքի համար: Երաժշտության հանձնախմբի նախագահ Արաքսյա Սարյանը նշեց, որ ներկայացված են եղել 3 կոմպոզիտորական եւ 1 երաժշտագիտական աշխատանք: Այս ոլորտում, տիկին Սարյանի խոսքերով, հանձնաժողովը հատկապես կարեւորվել է նոր խոսքը: Երաժշտության ոլորտի դափնեկիր դարձավ Արզաս Ոսկանյանը՝ «Պատարագ» ստեղծագործությամբ: Ինչպես եւ սպասվում էր, կերպարվեստը դափնեկիր չտվեց: Պատճառը, ըստ տարածված լուրերի, մրցույթի մասնակիցներից մեկի՝ Շահեն Խաչատրյանի անձի շուրջ եղած անառողջ խմորումներն էին: Հանձնախմբի նախագահ Սարո Սարուխանյանը տեղեկացրեց, որ քվեարկության արդյունքում Շահեն Խաչատրյանը «Մարտիրոս Սարյան» ալբոմի նամար ստացել է 3 միավոր, Փարավոն Միրզոյանը՝ 2, եւ 1-ական միավոր Ֆերդինանտ Մանուկյանն ու Արա Շիրազը: Ս. Սարուխանյանի հիմնավորմամբ, հաղթողը որոշվում է ձայների պարզ մեծամասնությամբ, իսկ «Շահեն Խաչատրյանի պարագայում 3 ձայնը բավարար չէ, քանի որ քվեարկությանը մասնակցել է մեր 8 անդամներից 7-ը»: Լրագրողների «Ինչու լրացուցիչ քվեարկություն չեղավ» հարցին պրն Սարուխանյանը դժվարացավ պատասխանել: Անելկա Գրիգորյանը խոսեց թատերական արվեստի եւ կինոյի ոլորտի հանձնախմբի աշխատանքի մասին: Ասաց, որ կինոյի ու թատրոնի մարդիկ ամենայն պատասխանատվությամբ են վերաբերվում պետական պարգեւին, դրա համար էլ ներկայացրել են ընդամենը 2 աշխատանք: Բոլորովին զարմանալի չէր, որ նախագահ Քոչարյանը հավանություն տվեց հատկապես կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի թեկնածությանը՝ նրա «Վավերագրողը» ֆիլմի ողջ ստեղծագործական կազմին դարձնելով դափնեկիրներ: Պրն Խաչատրյանը զգալի ծառայություն էր մատուցել Ռ. Քոչարյանին՝ 2002-ի ապրիլի 2-ին նա ՀՌԱՀ-ի կազմում կողմ քվեարկեց «Ա1+»-ի եթերազրկմանը: Չափազանց պետականամետ էր նաեւ ճարտարապետության ու քաղաքաշինության հանձնախմբի՝ նախագահի հրամանագրով հաստատված որոշումը: Պետական մրցանակի արժանացավ Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի «2002թ. ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագիծ» աշխատանքը: Այս քայլը, թերեւս, կարելի է համարել Ն. Սարգսյանին իր հովանու տակ առնելու եւ նրան պաշտոնազրկելու մասին խոսակցություններին վերջ տալու նախագահական ակնարկ: Հանդիսության վերջում բոլոր դափնեկիրները հարեւան դահլիճում մի-մի բաժակ շամպայնով շնորհավորեցին միմյանց, այնուհետեւ ավանդույթի համաձայն լուսանկարվեցին Ռ. Քոչարյանի հետ: Նախագահն էլ լուսանկարվողներին հորդորեց՝ «մի հատ լավ ժպտացեք»: Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել