Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՉ ԹԵ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ, ԱՅԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԵՖՈԼՏ

Մարտ 18,2004 00:00

Դժվար չէ նկատել, որքան էլ դա տարօրինակ չթվա, որ 1995թ. այս կողմ ընկած ողջ ժամանակաշրջանում իշխանությունների լեգիտիմության խնդիրը դարձել է մեր հանրային կյանքի պարտադիր բաղկացուցիչն ու, կարծես թե, Հանրապետության քաղաքական օրակարգի «առանցքային» հարցը: Ընդ որում, այս օրախնդիր հարցադրումը, որը դառնում է նաեւ քաղաքական կրքերի բորբոքման յուրատեսակ գեներատոր եւ հանգիստ չի տալիս հանրությանը որպես քաղաքական այլընտրանք ներկայացող քաղաքական ուժերին, ըստ էության, դառնալով նրանց քաղաքական պայքարի ու գործունեության գլխավոր (իսկ ոմանց համար միցուցե եւ միակ) շարժառիթը, պայմանավորված է բացառապես մեկ հիմնավորմամբ: Այն է՝ ընտրությունների ոչ արժանահավատ արդյունքները զրկում են որեւիցե ուժին կամ անհատին իշխանություն իրականացնելու օրինական իրավական հիմքերից: Միանգամայն ընդունելի հարցադրում, առավել եւս, որ նշված ժամանակահատվածում մեզ չի հաջողվել անցկացնել թեկուզ մեկ ընտրություն (թերեւս բացառություն կարող են լինել 1999թ. խորհրդարանական ընտրությունները, այն էլ որոշակի վերապահումներով), որի արդյունքները ամենատարբեր տրամաչափի դիտորդների քննադատության թիրախ, հետեւաբար եւ քաղաքական լուրջ ու տեւական առճակատման պատճառ դարձած չլինեն: Ընդ որում, այդ առճակատումը, որը երկփեղկում է հանրությունը եւ մռայլում մեր հանրային առօրյան, օբյեկտիվորեն պայմանավորված չէ ընտրություններում լոկ այս կամ այն քաղաքական ուժի կրած պարտությամբ կամ դրանց արդյունքներով բավարարված չլինելով: Իհարկե, բոլորովին էլ դժվար չէ այդ ամենը որակել որպես «չհաջողված ընդիմության» հերթական քաղաքական շահարկումներ՝ ինչը, պակաս թե ավել հաջողությամբ, բայց եւ նախանձելի համառությամբ, արվել է բոլոր ժամանակների մեր իշխանությունների կողմից: Սակայն, եթե խնդիրը միայն դրանում լիներ, ապա քաղաքական անտագոնիզմը չէր կարող մեզանում այդչափ արմատներ գցել եւ ավանդույթ դառնալու սպառնալիքի վերածվել: Ցավոք իրողությունն այլ է եւ բավականին մտահոգիչ:

Իշխանությունների լեգիտիմության հիմնական չափանիշը՝ նրանց քաղաքական որակն է

Չնայած այդ զարգացումներում առաջին ջութակի դերը ստանձնում են ընդդիմադիր ուժերը, այդուհանդերձ այդ քաղաքական նախաձեռնությունները հաճախ հանգեցնում են լուրջ սրացումների՝ սպառնալով ներքաղաքական կայունությանը, հիմնականում այն պատճառով, որ կեղծիքների միջոցով իշխանության գալու վերաբերյալ իշխանությունների հասցեին ուղղված քննադատությունը ստանում է նաեւ հանրային լուրջ արձագանք, քանի որ մեր ընտրությունների արդյունքները արժանահավատ չեն ընդունվում նաեւ հանրության մի տպավորիչ հատվածի կողմից:

Հետեւաբար, այս ամենում ամենամտահոգիչն ու քաղաքական զարգացումներին որոշակի «որակ եւ բովանդակություն» հաղորդող գործոնն այն չէ, որ իշխանությունների ձեւավորման օրինականությունը կասկածի տակ է վերցնում արմատական ընդդիմությունը (միշտ էլ կգտնվեն ուժեր, որոնք բավարարված չեն լինի ընտրությունների արդյունքներով), այլ այն օբյեկտիվ իրողությունը, որ, որպես կանոն, մեր ընտրությունների արդյունքները վիճահարույց են նաեւ հանրության համար՝ օբյեկտիվ հող ստեղծելով հետընտրական քաղաքական անկայուն մթնոլորտի պահպանման համար:

Չնկատել այս հանգամանքը եւ հաշվի չնստել այս իրողության հետ՝ նշանակում է շռայլության աստիճանի անհոգ եւ անտարբեր լինել քաղաքական իշխանությունների՝ հանրային կյանքի բնականոն զարգացման ուղղակի պատասխանատուն լինելու պարագայի նկատմամբ:

Ցավով պետք է արձանագրել, որ ընտրությունից ընտրություն մեզանում աճում է ոչ թե վերջիններիս ժողովրդավարական որակներ հաղորդելու հավաքական քաղաքական ձգտումը, այլ գնալով ավելի պրիմիտիվ ու կոպիտ ընտրակեղծիքների ճանապարհով արդյունքները սեփական քաղաքական նպատակներին հարմարեցնելու անհագ ձգտումը: Ընդորում, կեղծիքներից չեն խորշում ընտրությունների գլխավոր դերակատարում ունեցող բոլոր կողմերը: Նույնիսկ Ազգային Ժողովի 1999թ. ընտրություններն այս տեսակետից պակաս խոցելի չէին եւ որոշ քաղաքական ուժեր ակնհայտորեն բավարարված չէին ընտրապայքարի եւ ընտրությունների փաստացի արդյունքներով եւ, ի դեպ, ոչ անհիմն: Այս ամենը, անկասկած, խաթարում է հանրային զարգացումների բնականոն ընթացքը երաշխավորող այդ կարեւորագույն քաղաքական ինստիտուտի նկատմամբ հանրության վստահությունը, դառնում արատավոր քաղաքական բարքերի ձեւավորման աղբյուր՝ մթագնելով մեր ազատ զարգացման որեւէ հնարավորություն:

Միաժամանակ, հարկ է նշել, որ այդ իրողությունն ունի որոշ օբյեկտիվ պատճառներ՝ պայմանավորված ժողովրդավարության, պետության, իշխանության, քաղաքացու, հանրային կյանքում նրա ազատությունների ու պատասխանատվությունների վերաբերյալ մեր՝ չկայացած, իսկ ավելի ճիշտ, դեֆորմացված պատկերացումներով (որոնք յուրաքանչյուրիս մեջ պատմական ոչ վաղ անցյալի օբյեկտիվ ներկայության արդյունք են), պայմանավորված մեր այսօրյա հավաքական քաղաքական մշակույթով, որն իր ձեւավորման սաղմնային փուլում է: Եվ մենք դեռ երկար քաղաքացիական կայացման ճանապարհ պետք է անցնենք մինչեւ կկարողանանք ձեւավորել, բառիս բուն իմաստով, «ընտրելու» քաղաքական ունակությունն ու պատասխանատվությունը: Միաժամանակ ակնհայտ է նաեւ, որ վերը նշվածը, որքան էլ իր բնությամբ օբյեկտիվ լինի, չի կարող մեղմել, առավել եւս արդարացնել, որեւէ քաղաքական պատասխանատուի (իշխանություն, թե ընդդիմություն) անպատասխանատու եւ արհամարհական վերաբերմունքը ժողովրդավարության առանցքային ինստիտուտի կայացման խնդրում:

Այդուհանդերձ, դժվար է ենթադրել, որ առաջիկա փոքրիշատե երկար ժամանակահատվածում, անկախ թե ով է կամ որ ուժն է իշխանության ղեկին, մեզ կհաջողվի իրականացնել որեւէ ընտրություն, որը զերծ կլինի ընտրակեղծիքներից: Հետեւաբար, եթե անզիջում առաջնորդվենք լեգիտիմության վերը նշված մեկնաբանությամբ, ապա պետք է ենթադրել, որ «ոչլեգիտիմության խոցով հիվանդ իշխանությունների» քաղաքական սինդրոմը կարող է վերածվել հանրային քրոնիկական հիվանդության եւ մենք դատապարտված ենք ապրելու պերմանենտ քաղաքական «քաշքշոցների» մի տեւական շրջան:

Թերեւս կարելի է հաշտվել հանրային կյանքի զարգացման նման, ի դեպ բավականին մռայլ, սցենարի հետ՝ թեկուզ այն համոզմունքից ելնելով, որ ժողովրդավարությունը նաեւ ունի իր գինը եւ հանրությունը պետք է պատրաստ լինի հանուն իր ազատ եւ բարենորոգ ապագայի այսօր կրել որոշ անհարմարություններ, զրկանքներ եւ դժվարություններ: Միանգամայն անվիճելի պնդում, որն ապացուցվում է նաեւ զարգացած ժողովրդավարությունների կայացման ողջ պատմությամբ:

Սակայն հասարակական օրգանիզմի առողջացումը պայմանավորել բացառապես եւ միայն ընտրությունների օրինականությամբ, այսինքն մեր իրականության ձերբազատումը համակարգային բնույթի արատներից, որոնք կանոնավոր պարբերականությամբ կրկնվող քաղաքական լարումների հիմնական պատճառն են հանդիսանում, կապել միայն ընտրությունների հետ, կնշանակի ժողովրդավարության բազմաչափ, այն է՝ իրավական, քաղաքական, տնտեսական, սոցիալական, հոգեւոր եւ բարոյական տարողունակ բովանդակությունը արհեստականորեն սեղմել՝ հանգեցնելով միայն իշխանությունների ձեւավորման մեխանիզմներին: Դժվար է ենթադրել, որ եթե մեզ, ինչ որ մի հրաշքով, հաջողվի, թեկուզ վաղը, անցկացնել կատարյալ ընտրություններ, հետեւաբար եւ ձեւավորել «լեգիտիմ» իշխանություններ, ապա առանց իշխանությունների քաղաքական որակների լուրջ փոփոխության կարելի է ակնկալել մեր իրականությունում որակական լուրջ տեղաշարժեր, այդ թվում այնպիսի արատավոր երեւույթների վերացման ուղղությամբ, ինչպիսիք են քաղաքական տանիքը, հովանավորչությունն ու կաշառակերությունը, տնտեսական ազատության սահմանափակումն ու մրցակցության անհավասար պայմանները եւ այլն: Վերջին հաշվով դժվար չէ պատկերացնել, որ հնարավոր են եւ օրինական ընտրված, բայց քաղաքական որակներով ոչ պիտանի, հետեւաբար ժողովրդի պրոբլեմներին անհաղորդ կամ դրանց լուծման խնդրում ոչ գործունակ իշխանություններ, որոնց օրոք մասսայական դժգոհություններն ու ըմբոստանալու ձգտումը օբյեկտիվորեն կլինեն հանրային կյանքի հիմնական բնութագրիչները, եւ հակառակը, կարող է իշխանությունների ձեւավորման գործընթացը իրավական առումով անթերի չլինել, բայց իշխանություններն իրենց քաղաքական որակներով եւ գործունեությամբ ձեռք բերեն ժողովրդի վստահությունը, հետեւաբար եւ հասարակության լայն շերտերում ձեւավորեն դրական տեղաշարժերի ակնկալիք եւ մարդիկ այդ իշխանությունների օրոք սկսեն համեմատաբար բարվոք ապրել: Բոլոր դեպքերում, բացարձակապես չնսեմացնելով՝ ընտրությունների արդյունքների նկատմամբ հանրային վստահության տեսակետից, անխոցելի իշխանություններ ձեւավորելու քաղաքական ավանդույթ եւ մշակույթ ձեւավորելու հրամայականի կարեւորությունը մեր հասարակության քաղաքացիական կայացման տեւական գործընթացում, այդուհանդերձ այն հանրային կյանքի ժողովրդավարացման ռազմավարական խնդրի անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանն է: Սեփական ուժերով ու ընդունակություններով իր եւ իր ընտանիքի կյանքը բարենորոգ կազմակերպելու հնարավորության նկատմամբ հասարակության յուրաքանչյուր անդամի վստահությունը կդառնա մնայուն, հետեւաբար հավատը ժողովրդավարության նկատմամբ անշրջելի, եթե ընտրությունից ընտրություն վերջիններիս արդյունքում ձեւավորվեն այնպիսի իշխանություններ, որոնք իրենց քաղաքական եւ մասնագիտական որակներով եւ գործունեությամբ հանրության մեջ կձեւավորեն վստահություն վաղվա նկատմամբ, հետեւաբար եւ վստահություն թե սեփական կարողությունների, թե իշխանությունների եւ թե պետության հանդեպ: Հետեւաբար, քաղաքական իշխանությունը ոչ միայն պետք է լինի օրինական , այլեւ՝ իր քաղաքական բովանդակությամբ՝ որակյալ:

Այս երկու նախապայմաններից որեւէ մեկի բացակայությունը խաթարում է հանրային կյանքի բնականոն զարգացման ընթացքը եւ, որպես կանոն, շատ թանկ նստում հասարակության վրա:

Սակայն հանրային կյանքի ժողովրդավարացման գործընթացի անընդհատությունն ու բարեփոխումների ճանապարհը համեմատաբար քիչ կորուստներով անցնելու հնարավորությունն ապահովելու գործում այս նախապայմաններից ավելի առաջնային է ներկայանում քաղաքական իշխանությունների որակի խնդիրը: Այսինքն, քննարկվող հարցի ենթատեքստում քաղաքական իշխանության լեգիտիմությունը պայմանավորված է ոչ միայն նրա օրինական ընտրված լինելու պարագայով, որքան նրա՝ հանրության բոլոր հատվածներին (այլ ոչ թե առանձին խմբերին) ծառայելու քաղաքական կարողունակությամբ եւ որակներով:

1999թ. խորհրդարանական ընտրություններից հետո հանրությունը նման որակներ էր վերագրում ձեւավորված քաղաքական իշխանությանը՝ ի դեմ Ազգային Ժողովի եւ այս հանգամանքով էր, թերեւս, պայմանավորված վաղվա նկատմամբ հավատի այն մթնոլորտը, որը տիրում էր Հանրապետությունում հետընտրական շրջանում: Իհարկե, հոկտեմբերի 27-ի ողբերգությունից հետո ավելի պարզ դարձավ, որ այդ վստահությունը պայմանավորված էր բացառապես Միասնության երկու առաջնորդների քաղաքական հեղինակությամբ եւ, ինչպես ցույց տվեցին հետագա զարգացումները, նրանցից հետո թե դաշինքի եւ թե նրանց հարող ուժերի շարքերը քաղաքական բովանդակության առումով հիմնականում դատարկ էին (այդ գումարման Ազգային Ժողովը որակվեց որպես «մականունավորների» ժողով): Եվ պատահական չէր, որ հետհոկտեմբերյան շրջանում իշխանությունների գործունեությունը շարքային քաղաքացիների առօրյայում չհանգեցրեց շոշափելի տեղաշարժերի եւ որի պատճառով էլ իշխանությունների նկատմամբ վստահությունը կտրուկ անկում ապրեց:

Բայց այս փաստը մեկ անգամ եւս հաստատում է քրիստոնեադեմոկրատական գաղափարախոսության այն թեզի ճշմարտությունը, համաձայն որի քաղաքական իշխանությունը ձեռք է բերում իր օրինականությունը, նախ եւ առաջ, յուրաքանչյուրի եւ բոլորի անհատական զարգացման համար բարվոք պայմաններ ստեղծելու, ցանկացած պայմաններում հանրային հետաքրքրություն ու համընդհանուր բարենորոգ վիճակ ձեւավորելու իր պարտականությունն իրականացնելու կարողությամբ: Միայն այդ պարագայում քաղաքական իշխանությունը կարող է ճանաչվել որակյալ, հետեւաբար եւ լեգիտիմ: Սա պետք է լինի քաղաքական իշխանությունների լեգիտիմության, հետեւաբար եւ, իրավաունակության հիմնական չափանիշը:

Ընդ որում, «քաղաքական իշխանություններ» հասկացությունը, տվյալ պարագայում, իր մեջ ներառում է հասարակական օրգանիզմի բոլոր այն կառույցները, որոնք օժտված են հանրային կյանքում քաղաքական որոշումների ձեւավորման գործում (այսինքն ներքաղաքական զարգացումներում) ուղղակի կամ անուղղակի ազդեցության իրավասությամբ ու պատասխանատվությամբ: Դա թե օրվա բարձրագույն քաղաքական իշխանություններն են (Հանրապետության Նախագահ, ԱԺ քաղաքական մեծամասնություն, Կառավարություն) եւ թե քաղաքական փոքրամասնությունը՝ ընդդիմությունը:

Հետեւաբար, իշխանությունների քաղաքական որակը հանդիսանում է նրա բոլոր կառույցների որակների հանրային գնահատականի հանրագումարը եւ իրականում ձեւավորված իրավիճակի համար պատասխանատու են բոլորը՝ եւ իշխանությունները, եւ ընդդիմությունը: Անկասկած, տարբեր աստիճանի պատասխանատվությամբ՝ իշխանություններն անհամեմատ ավելի շատ, ընդդիմությունը՝ համեմատաբար պակաս՝ պայմանավորված հանրային կյանքում գործնական ազդեցություն ունենալու նրանց իրական հնարավորությունների տարբերությամբ, բայց, այդուհանդերձ, պատասխանատու են քաղաքականության ոլորտում ներգրավված բոլոր կառույցները:

Մեզանում բացակայում են պետության հիմնական ինստիտուտների եւ արժեքների բովանդակության հիմնարար ընկալումները

Ցավոք, այսօրվա իրականությունը փաստում է, որ քաղաքականությունը որակազրկվել եւ իմաստազուրկ է դարձել: Վերջին տարիներին, հատկապես 1999 թ. ընտրություններից սկսած, այն, կարծես, դադարել է դիտվել որպես մտավոր գործունեության ոլորտ, հայտնվելով՝ նման բնույթի աշխատանքի հետ ոչ մի առնչություն չունեցող, բայց այդ ոլորտի հնարավորությունները անձնական նպատակներին ծառայեցնելու հարցում նախանձելի ունակություններ դրսեւորող անձանց ձեռքում: Անցած եւ ներկա գումարումների ԱԺ-ում ներկայացված «քաղաքական այրերի» տպավորիչ հատվածի կենսագրության, անցած ուղու, ինչպես նաեւ արտախորհրդարանական հետաքրքրությունների եւ գործելակերպի ամենամակերեսային ծանոթությունն անգամ անվիճելի է դարձնում այս պնդումը: Քաղաքական գործունեությունը (եթե այն կարելի է այդպես անվանել) ձեռք է բերել այնպիսի որակներ, որոնց արդյունքում նրա ամենաբնորոշ հոմանիշներն են դարձել բառախաղը (մեղմ ասած) կամ զավզակությունը (ժողովրդի լեզվով ասած): Քաղաքական բանավեճի որակների կտրուկ անկումը, դրանցում քաղաքական մտքի իսպառ բացակայությունը հանգեցրել է նրան, որ այն այլեւս չի զգում որեւէ տեսական-գաղափարական հիմնավորման անհրաժեշտություն: Վոլյունտարիզմ՝ շաղախված գռեհիկ պրովինցիալիզմով՝ ահա մեր քաղաքական իրականության ճշգրիտ բնութագիրը:

Նման պարագաներում ցանկացած ոք իրեն տեսնում է քաղաքականության մեջ, քանի որ այն վաղուց որակվում է նաեւ որպես գործունեության մի ոլորտ, որին ամենաբնորոշը կոլեգիալ անպատասխանատվությունն է: Այն որեւէ իրական կապ չունի հանրության հոգսերի հետ՝ չնայած բոլորը անդադրում իրենց քաղաքական մտքի «փայլատակումներն ու գոհարները» ներկայացնում են հենց հանրության անունից եւ նրա համար: Եվ եթե աղքատությանն ու կաշառակերությանը ավելացնենք նաեւ բարոյականության եւ արդարության՝ մեզանում նկատվող աննախադեպ նահանջը, որին ամեն քայլափոխում բախվում է մեր քաղաքացին, ապա պատկերը դառնում է ավելի ամբողջական:

Անկախության հռչակումից տասնչորս տարի անց էլ, նկատվում է պետականության համընթաց եւ հետեւողական կայացման գործընթացում հիմնական դերակատարման հավակնող կառույցների կողմից իրենց վերապահված պատասխանատվության իմաստավորման եւ գիտակցման լուրջ դեֆիցիտ: Ընդդիմությունն ամեն ինչ բարդում է իշխանությունների վրա՝ ներկայանալով թե անցյալում եւ թե ներկայում իրենց կողմից արձանագրվող սխալներում ու անհաջողություններում անգամ աննշան սեփական պատասխանատվությունը ճանաչելու կամ որեւէ բանի համար պատասխանատու լինելու մերժողական եւ, հաճախ, ապագաղափարական քաղաքական կեցվածքով (բացառությամբ մեկ-երկու ուժի), իսկ իշխանություններն էլ, օգտվելով վերջինից, այդ ամենին, զուտ մեխանիկորեն, հակադրում են սահմանափակ ռեսուրսների պայմաններում ավելի կազմակերպված ու նպատակային գործելու իրենց «ուժն ու վճռականությունը»: Ընդամենը, եւ ոչ մի փոխըմբռնում: Հանուն բոլորիս վաղվա օրվա՝ քաղաքական համագործակցության եւ ոչ մի եզր: Ահա այսպիսին է ներկայանում յուրաքանչյուր բանական էակին մեր դառը իրականությունը: Եվ այս իրողությունը ընտրությունից ընտրություն ոչ միայն չի մեղմվում, այլ, ցավոք, ավելի է մռայլվում: Եվ եթե այս ամենին ավելացնենք նաեւ հայաստանյան քաղաքական իրականության անբաժանելի բաղկացուցիչը՝ քաղաքական թատերաբեմում հիմնական դերակատարների պաթոլոգիայի աստիճանի հասնող անձնական հակակրանքն ու ատելությունը, որոնք ժամանակ առ ժամանակ դառնում են քաղաքական զարգացումների որակն ու բովանդակությունը թելադրող գլխավոր գործոնը՝ անջնջելի կնիք թողնելով հանրային գիտակցության ու քաղաքակական մշակույթի վրա, ապա իրականությունը ներկայանում է առավել քան մռայլ եւ վտանգավոր:

Այս ամենն արդյունք է նրան, որ մեզանում (իշխանություններ, ընդդիմություն, ժողովուրդ) իսպառ բացակայում է «իրավական, սոցիալական եւ ժողովրդավարական պետության, նրա հիմնական ինստիտուտների ու արժեքների» քաղաքական-իրավական-բարոյական բովանդակության հիմնարար ընկալումները եւ մեր գործողություններում ղեկավարվում ենք այդ ամենի վուլգար եւ աղճատված սեփական պատկերացումներով՝ իրականությունը հաճախ հարմարեցնելով դրանց: Դրանով պետք է բացատրել, որ մենք «հանրային կյանքի բնականոն զարգացում» ասելով հասկանում ենք ոչ թե անհատի ազատությունների ու պատասխանատվությունների վրա խարսխված հանրային ներդաշնակ օրգանիզմի բնականոն եւ դինամիկ կենսագործունեություն, այլ իշխանական լծակների օգտագործման միջոցով իրավիճակի կառավարելիության ապահովում: Դրանով պետք է բացատրել այն, որ «ուժեղ պետությունը» մեզանից շատերը նույնացնում են «ուժեղ ձեռքի եւ կամքի հետ», առանց հասկանալու, որ ուժեղ պետությունը դա, նախ եւ առաջ, նշանակում է արդյունավետ եւ կանխատեսելի պետական-քաղաքական կառավարման համակարգ, որը կոչված է պաշտպանելու հանրության անդամների ազատությունները այլ անդամների ոտնձգություններից՝ ապահովելով բոլորին որակյալ եւ մատչելի հանրային ծառայություններից օգտվելու հավասար հնարավորություններ ու պայմաններ:

Եվ դա բնական է, քանի որ մեզանում դեռեւս պահպանվել են պետության եւ իշխանության ոչ վաղ անցյալի պատկերացումները: Պետական իշխանության նման պատկերացումներն ուղղակի ենթադրում են, որ պետությունը ինչ որ մի բան է այնտեղ՝ վերեւում, իսկ մնացածը՝ նրանից դուրս եւ ներքեւներում: Իշխանավորը՝ իշխող է, իսկ մնացածը՝ ենթականեր: Այդ է պատճառը, որ իշխանության իրականացումը ընկալվում է ոչ թե հանրային երեւույթների կառավարման խնդիր՝ հօգուտ անհատի, այլ, առաջին հերթին եւ հիմնականում, հանրային կյանքի կազմակերպման գործում պետական իշխանության (այսինքն իշխանավորի անձով պայմանավորված իշխանության) սեփական պատկերացումները կենսագործելու խնդիր: Նման պարագաներում հանրային կյանքի կառավարելիության ապահովումը բնականաբար դառնում է այդ խնդրի լուծման «ամենակարճ» ճանապարհը, իսկ իշխանության լծակների միջոցով հանրության առանձին հատվածների եւ անհատների քաղաքացիական վարքագծի կառավարումը՝ այդ խնդիրների լուծման «ամենաարդյունավետ» գործիքը:

Ցավոք այս մտապատկերացումները բնորոշ են ոչ միայն այսօրվա իշխանավորների մի զգալի մասին, այլեւ շատ շատերին, ովքեր հավակնում են դառնալ իշխանավոր՝ վաղը: Եվ քանի որ որեւէ իշխանության որակները պայմանավորված են նրա կրողների անհատական որակներով, իսկ իշխանության իրականացումը անձնավորված գործընթաց է, ապա «պետական իշխանությունը» հաջողությամբ վերաորակավորվում է որպես առանձին անձանց իշխանության (ընդորում այդպես է գնահատում թե հանրությունը, թե իշխանավորը եւ թե ընդդիմադիրը), իսկ իշխանություն կիրառելը՝ ինքնանպատակ եւ պատվի խնդիր: Դա է պատճառը, որ իշխանության որեւէ քննադատություն իշխանավորների մեծ մասը ընդունում է որպես իր անձնական իշխանության, հետեւաբար իր հեղինակության դեմ ուղղված քայլ: Իսկ քաղաքական այլակարծություն եւ հանդուրժողականություն, ազատություն եւ իրավունք, պատասխանատվություն եւ արդարություն եւ, վերջապես, ժողովրդավարություն ասածը մենք պատրաստ ենք հանդուրժել այնքան, քանի դեռ նրանք չեն վտանգում մեր պատկերացումներով իրավիճակի կառավարելիությունն ապահովելու խնդիրը:

Իրական քաղաքական իշխանության կրողը՝ Ազգային Ժողովն է

Նման պարագաներում հանրային ընկալումներում, միանգամայն օբյեկտիվորեն, «ռեալ իշխանությունը» նույնացվում է գործադիր իշխանության հետ, մեր առօրյա հոգսերի լուծման գործում բացառապես երկրորդական դեր վերապահելով օրենսդրին: Ցավոք նման մտածելակերպը բնորոշ է շատերին՝ թե իշխանական կառույցներում եւ թե ընդդիմության շարքերում: Մինչդեռ իրերի վիճակը մեր առօրյա կյանքում, ապրելու պայմաններն ու կյանքի որակը բացառապես պայմանավորված են քաղաքական որոշումների եւ քաղաքական պրոցեսների որակներով: Իսկ այդ ամենում առաջին ջութակի դերը մեր քաղաքական իրականությունում վերապահված է գլխավոր քաղաքական մարմնին՝ Ազգային Ժողովին: Վերջին հաշվով օրենքները դրանք քաղաքական որոշումներ են, որոնց որակը, բոլոր մնացած հավասար պայմաններում, կանխորոշում է մեր կյանքի որակները: Ավելին, ռեալ քաղաքական իշխանության կրողն ու արտահայտողը Ազգային Ժողովն է (ի դեպ, բոլորովին պատահական չէր, որ 1998թ. քաղաքական իրադարձությունները սկսվեցին Ազգային Ժողովում ուժերի վերադասավորումից), որը կոչված է նաեւ հակակշռելու իշխանության մնացած թեւերի եւ, միգուցե առաջին հերթին, գործադիր իշխանության գերակա դերը հանրային կյանքում: Սակայն ակնհայտ է, որ նման քաղաքական առաքելությամբ գործող Ազգային Ժողովը, որպես ինքնուրույն քաղաքական որակներ ունեցող եւ սեփական պատասխանատու դերակատարման հավակնող կառույց, ուղղակիորեն հակասության մեջ է «պետական անձնավորված իշխանության» հայեցակարգի հետ եւ կարող է դառնալ գործադիր իշխանությանը լուրջ հակակշիռ, հետեւաբար եւ, «սեփական քաղաքական իշխանության» իրականացման ճանապարհին մի «ավելորդ» խոչընդոտ: Ընդորում, նման մտածելակերպը բոլորովին էլ պայմանավորված չէ իշխանությունը անձնական նպատակներին ծառայեցնելու գայթակղությամբ (վերջինս անձնավորված քաղաքական համակարգի տրամաբանական հետեւանքն է): Նույնիսկ ամենավառ երեւակայության պարագայում, դժվար է ենթադրել, որ որեւէ մեկը կարող էր նման նպատակներ հետապնդել 1999թ. խորհրդարանը ձեւավորելիս, չնայած հենց այդ ընտրություններով խորհրդարանին երկրորդական, գրպանային դակիչի դերակատարում վերապահելու հայեցակարգը անթաքույց կյանք ստացավ, իսկ 2003թ. ընտրություններով՝ նոր շունչ ձեռք բերեց: Ուղղակի մեզանում կարծրացել է իշխանությունը անձնավորված տեսնելու ստերեոտիպը՝ առանձին անհատների վերագրելով ամեն ինչի պատասխանատվությունը (մենք ենք ուզում ի դեմս Նախագահի տեսնել «թագավորի», այլ ոչ թե դա նախատեսված է Սահմանադրությամբ): Հետեւաբար բնական է, որ այդ իշխանության կրողն էլ պետք է փորձի իր այդ պատասխանատվությունը լիարժեք իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծել: Եվ քանի որ այդ ճանապարհին ամենահիմնական խոչընդոտը Ազգային Ժողովն է, ապա, այն հնազանդ եւ կառավարելի դարձնելու համար նրա որակազրկումն ու դիմազրկումը դառնում է այդ նպատակին հասնելու ամենաարդյունավետ ճանապարհը:

Հետեւաբար, մեր իրականությանը նոր որակ եւ բովանդակություն հաղորդելու խնդիրը պայմանավորված է ոչ միայն եւ ոչ այնքան որեւէ քաղաքական անհատով (այսօր դա Նախագահն է, վաղը կարող է լինել որեւէ մեկ այլ վառ քաղաքական լիդեր, օրինակ Վարչապետի պաշտոնում), այլ հիմնականում պատասխանատու քաղաքական դերակատարում եւ որակ ունեցող Ազգային Ժողովով: Եվ քանի դեռ մենք չենք հասկացել, որ կյանքի որակները պայմանավորված են քաղաքական որոշումների ու քաղաքական պրոցեսների որակներով եւ չենք իմաստավորել մեր երկրի բարձրագույն քաղաքական մարմնի բացառիկ դերը մեր կյանքը բարենորոգ դարձնելու գործում, չենք ընկալել յուրաքանչյուրիս պատասխանատվությունը ընտրությունների միջոցով Ազգային Ժողովի որակների ձեւավորման խնդրում, ապա մեզանից շատերը շարունակելու են իրենց առօրյա խնդիրների լուծման հնարավորությունները, հաջողություններն ու անհաջողությունները օբյեկտիվորեն կապել բացառապես մեկ պաշտոնյայի՝ հանրապետության Նախագահի գործունեության հետ եւ մենք դատապարտված ենք հայտնվելու պերմանենտ իշխանափոխության քվազիքաղաքական անհրաժեշտության առջեւ, որն, ի դեպ, կարծես թե սպառնում է վերածվել վտանգավոր սովորույթի: Ավելին, իրականության մեկնաբանման նման տրամաբանությունը օբյեկտիվորեն խանգարում է մեզանից յուրաքանչյուրին զգալ նաեւ սեփական պատասխանատվությունը իրողության համար, որովհետեւ շատ հեշտ է, եւ միգուցե նաեւ հարմար, ինչ որ մեկին տեսնել սեփական անհաջողությունների պատճառ եւ նրան վերագրելով մեղավորությունն ամեն ինչում, փոխել նրան՝ մինչեւ հաջորդ իշխանափոխությունը: Սա, ըստ էության, փրկիչների, ֆիլանտրոպների եւ խնամառուների թշվառ հասարակության ճանապարհն է եւ ոչ մի կապ չունի ժողովրդավարության հետ: Եվ քանի դեռ դա այդպես է, ապա ցանկացած ղեկավար իր «բացառիկ պատասխանատվությունն» իրականացնելու համար աշխատելու է իր իշխանությունը ամրապնդել հիմնականում լսող եւ հեշտ ենթարկվող անհատներով եւ ուժերով: Եվ քանի դեռ դա այդպես է, ապա լուրջ, ինքնուրույն կարծիք ունեցող անհատները եւ ուժերը կմնան ոչ ցանկալի իշխանավորների համար: Եվ իշխանության իրականացումը կշարունակի ավելի կարեւորվել, քան նրա որակների ապահովումը:

Իշխանությունը ինքնանպատակ չէ

Ահա թե ինչու քաղաքական պայքարի թատերաբեմում, հատկապես վերջին տարիներին, հիմնականում բախվում են ոչ թե գաղափարական տարբեր քաղաքական ուղղություններ, հանրային կյանքի կազմակերպման տարբեր հայեցակարգեր, դրանց սկզբունքորեն տարբեր քաղաքական մեկնաբանություններ (հանրությունը կարոտ է հանդարտ, իմաստալից, բովանդակային, առարկայական ու ոչ սկանդալային, յուրաքանչյուրի հետաքրքրությունը շարժող, այլ ոչ թե հիվանդ երեւակայությունը բորբոքող քաղաքական բանավեճի), այլ ցանկացած գնով իշխանությանը տիրելու համար (վերցնելու կամ այն պահելու ) կռվի մեջ մտած կողմերի «ուժն ու վճռականությունը»:

Եվ քանի դեռ մեր իրականությունում իշխանության համար պայքարում քաղաքական ուժերը հաջողության հասնելու համար նախապատվությունը կշարունակեն տալ ոչ թե գաղափարախոսությանը կամ արգումենտավորված քաղաքական մրցակցությանը, այլ մերկ ուժին ու վճռականությանը, ապա քիչ հավանական է, որ մեզանում ընտրությունները ընթանան առանց ընտրակեղծիքների, եւ հետեւաբար մեր երկրում իշխանությունների՝ բացառապես ընտրությունների արդյունքներով պայմանավորված, լեգիտիմությունը մշտապես կլինի քաղաքական օրակարգի հիմնական հարցը: Ընդ որում, իշխանական կուսակցություններն իրենց ընտրական գործելաոճով կշարունակեն օժանդակել՝ թե դիտորդներին եւ թե ընդդիմությանը, ընտրությունների արդյունքներն անարժանահավատ որակելու գործում, իսկ ընտրողներն էլ առանձնապես դեմ չեն լինի ընտրական գործընթացների բացասական գնահատականներին, հատկապես, եթե ընտրության արդյունքներում հաջողության չի հասել իրենց նախընտրած թեկնածուն կամ կուսակցությունը: Եվ եթե այս ամենին ավելացնենք այն անպատժելիությունը, որ դրսեւորում են իշխանությունները՝ բացահայտ կեղծարարների եւ ընտրական հանցագործությունների հանդեպ, եւ որը որեւէ բացատրություն չի կարող ունենալ (չնայած կեղծիքների վերաբերյալ բազմաթիվ աղաղակող փաստերի մենք ականատես չենք եղել որեւէ մեկին օրենքի ողջ խստությամբ պատժելու դեպքի, որպեսզի այն դաս լիներ մյուսների եւ հետագա բոլոր ժամանակների համար), ապա ապագան ավելի քան մռայլ է ներկայանում: Այս ամենը կարող էր ընդամենը տխուր լիներ, եթե չսպառնար հանրային կյանքի բնականոն ընթացքին ու չվտանգեր մեր հավաքական ազգային անվտանգությունը, որը վաղուց դարձել է սարսափելի խոցելի՝ ցանկացած արտածին ազդեցություններից:

Կասկածից վեր է, որ քաղաքական կամքն ու վճռականությունը իշխանության համար քաղաքական մրցակցության (մրցակցության, այլ ոչ թե կռվի) անբաժանելի բաղկացուցիչներն են եւ քաղաքական հաջողությունը հաճախ ժպտում է նրան, ով, բոլոր մնացած հավասար պայմաններում, այս հատկություններով առավել է օժտված: Սակայն, խոսքը իշխանության համար պայքարում քաղաքական հաջողության մասին է, այլ ոչ թե կարճաժամկետ հատվածում ուժային առավելություն ձեւավորելու եւ այն իրացնելու մասին: Որեւէ մեկ անհատի կամ որեւէ մեկ ուժի համար, որքան էլ այն արդարացի չներկայանա հանրությանը, իշխանությունը ինքնանպատակ չի կարող լինել: Ավելին, իշխանություն ունենալու նման մեկնաբանությունը (քանի որ ես արդար եմ կամ ուժեղ եմ, ապա նաեւ իրավունք ունեմ իշխանության) վտանգավոր է ոչ միայն այդ ուժի քաղաքական հեռանկարի համար, այլ, եւ որն ավելի կարեւոր է, հանրության համար: Քաղաքական որեւէ նպատակ պետք է նախ եւ առաջ բարոյապես արդարացված լինի՝ այդ թվում նաեւ երկարաժամկետ հատվածում:

«Ուժն է ծնում իրավունքը» սկզբունքը, որը հանդիսանում է կենդանական աշխարհի ներդաշնակ զարգացման հիմնական գրավականի՝ բնական ընտրության պրոցեսի էությունը (կենդանական աշխարհում ուժեղն է գոյատեւում), իր նման մեկնաբանությամբ բոլորովին կիրառելի չի կարող լինել մարդկային հասարակության կազմակերպման պարագայում՝ առավել եւս ժողովրդավարական հասարակության պայմաններում: Ավելին, իշխանություն ունենալը (հավասար չափով նաեւ իշխանության գալը) դա խնդրի մի կողմն է միայն: Անհամեմատ կարեւոր է հանրային կյանքի բնականոն գործունեության ապահովման համար այդ իշխանությունը արդյունավետ օգտագործելու կարողությունն ու ունակությունը (որն, ի դեպ, քաղաքական գործունեության բոլորովին այլ բովանդակություն է ենթադրում):

Ժամանակն է ընկալել, որ քաղաքականության մեջ «ուժը» դա լոկ կամքն ու վճռականությունը չէ կամ, ավելի ճիշտ, միայն կամքի ու վճռականության առկայությունը բոլորովին բավարար չէ իշխանության հավակնելու կամ այն արդյունավետ իրականացնելու համար, եթե նույնիսկ այն համալրված է նման պարագաների համար այնպիսի կարեւոր գործոնով, ինչպիսին է տնտեսական կամ կուսակցական-քաղաքական ռեսուրսը:

Քաղաքականության մեջ «ուժը» բնորոշվում է նախ եւ առաջ, եւ գլխավորապես, քաղաքական մտքի եւ գաղափարի առկայությամբ: Խոսքը որեւէ քաղաքական ուժի հստակ գաղափարական հենքի մասին է՝ որպես արժեքների համակարգի, աշխարհընկալման փիլիսոփայության եւ, դրանց վրա խարսխված, հանրային կյանքի ինստիտուցիոնալ կազմակերպման ռազմավարական ծրագրի: Անշուշտ, խոսքը կուսակցությունների նախընտրական խոստումների ցանկի մասին չէ, որոնց իրատեսական լինելու պարագան կամ դրանց, իրականացնելու դեպքում, հանրային օգտակարության հարցը լուրջ գնահատված չէ՝ նույնիսկ կարճաժամկետ հատվածի համար:

Մինչդեռ, որեւէ քաղաքական կառույցի տեւական քաղաքական հաջողությունները պայմանավորված են, նախ եւ առաջ, հանրության առօրյա խնդիրների ու պրոբլեմների կարգավորման եւ նրա բարեկեցիկ ու արժանավայել վաղվա նախագծման, պետական եւ հանրային ինստիտուտների կենսունակության ապահովման եւ բնականոն զարգացման, միջազգային ընկերակցությանը ներդաշնակ եւ արժանապատիվ ինտեգրման եւ երկրի խաղաղ ու անվտանգ ապագայի ապահովման հիմնախնդիրների վերաբերյալ հիմնարար արժեքների եւ սկզբունքների գաղափարաբանական ու քաղաքական հայեցակարգի կամ, այլ կերպ ասած, կուսակցության գաղափարախոսության առկայությամբ:

Ընդ որում, «քաղաքական հաջողություններ» ասելով պետք է հասկանալ ոչ միայն այն, երբ կուսակցությունը իշխանության է գալիս (կուսակցությունը ընտրությունների արդյունքում ստանում է Ազգային Ժողովում մանդատների մեծ մասը՝ ձեւավորելով քաղաքական մեծամասնություն), այլեւ, երբ հանրային կյանքում եւ քաղաքական զարգացումներում որեւէ կուսակցության մնայուն եւ որակյալ ազդեցություն եւ դերակատարում ունենալու հավակնությունները արժանանում են հանրության կամ նրա մի հատվածի անհրաժեշտ ճանաչմանն ու ընդունելությանը:

Հետեւաբար, ներքաղաքական կյանքում որեւէ կուսակցության մնայուն դերակատարում ստանձնելու հավակնությունները իրականություն դառնալու անհրաժեշտ պայմանը՝ նրա քաղաքական գաղափարախոսության առկայությունն է, իսկ բավարար պայմանը՝ հանրության կողմից այդ գաղափարախոսության պահանջարկված լինելը:

Ահա այն երկու սյուները, որոնց վրա կարող է խարսխվել որեւէ մեկի (անհատ թե կառույց) քաղաքական «ուժն» ու տեւական քաղաքական գործունեությունը: Քաղաքական գաղափարախոսության առկայության դեպքում միայն (եւ ուրիշ ոչ մի այլ պարագայում) վճռականությունն ու կամքը կարող են որակ ստանալ եւ օգտակար լինել հանրության համար: Միայն այդ պարագաներում է քաղաքական պայքարը վերածվում մրցակցության հանուն «մարդու» եւ դառնում իմաստալից, իսկ քաղաքական հաջողությունը՝ մնայուն եւ ողջունելի հանրության բոլոր հատվածների կողմից՝ պարգեւելով հաղթողին բերկրանք ու հոգեւոր բավարարվածություն: Միայն նման քաղաքական միջավայրը եւ հանրային կյանքի բնականոն զարգացման գործում կուսակցությունների գիտակցված պատասխանատվությունը կարող են վստահելի երաշխիքներ ստեղծել նորմալ ընտրություններ անցկացնելու համար: Եվ միայն այդ դեպքում հանրային գիտակցության մեջ իշխանությունների քաղաքական որակն ու բովանդակությունը կկարեւորվի որպես նրանց լեգիտիմության հիմնական չափանիշ: Հակառակ դեպքում իշխանությունը մշտական լարման ու անվերջ անհանգստությունների պատճառ է դառնում, ի վերջո՝ իսկական պատիժ այն կրողների համար:

Ահա այն ռազմավարական նշանակության խնդիրը, որը կանգնած է մեր հասարակության առջեւ եւ որի լուծման հաջողությամբ է պայմանավորված մեր հանրության դինամիկ զարգացման հեռանկարը: Հետեւաբար, մեր պրոբլեմների լուծումը լոկ մեկ, թեկուզ եւ ամենաբարձր պաշտոնյայով չի ավարտվում (երեկ ասում էինք Լեւոնը չլինի՝ ով ուզում է լինի, այսօր ասում ենք Ռոբերտը չլինի՝ ով ուզում է լինի, վաղը կասենք այս մեկը չլինի՝ ով ուզում է լինի եւ այդպես շարունակ), քանի որ իրական քաղաքական իշխանության կրողը միայն Հանրապետության Նախագահը չէ՝ չնայած նրա բացառիկ պատասխանատվությանը, այլ, եւ հիմնականում, Ազգային Ժողովն է՝ նրանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերով եւ դրանց հավաքական քաղաքական որակով հանդերձ: Եվ մեր բոլոր անհաջողությունների պատճառը պետք է փնտրել երկրի Գլխավոր Քաղաքական Մարմնում:

Պահանջվում են արմատական լուծումներ

Ազգային Ժողովի քաղաքական դերի վերականգնումը ժամանակի հրամայականն է

Մինչդեռ, այսօր հանրությունը հայտնվել է ընդդիմության եւ իշխանությունների, բառիս բուն իմաստով, բախման անխուսափելիության առջեւ (հրապարակավ արդեն քննարկվում են հնարավոր ժամկետները): Եվ ո՞րն է պատճառը: Ընդդիմությունը պնդում է, որ անցյալ տարվա նախագահական ընտությունները՝ ծայրից ծայր, անցել են իշխանության կողմից կոպիտ կեղծիքներով եւ ուժի կիրառմամբ, ընտրության հրապարակված արդյունքները չեն համապատասխանում դրանց իրական արդյունքներին, հետեւաբար իրական իշխանությունը այսօր բռնազավթված է եւ առաջացել է այն իր իսկական տիրոջը՝ ժողովրդին վեդարձնելու քաղաքական եւ հասարակական պահանջ: Հետեւաբար, Հանրապետության Նախագահի հրաժարականը կամ իշխանափոխությունը միակ ճանապարհն է հանրային կյանքի ժողովրդավարացման գործընթացը վերակենդանացնելու համար: Իսկ ավելի կարճ՝ Նախագահը լեգիտիմ չէ եւ նա պետք է հեռանա, իսկ մնացածը՝ լիրիկա է: Ահա այն քաղաքական հարցադրումը, որով առաջնորդվում է ընդդիմությունը, այդ թվում, որպես խնդրի լուծման մեխանիզմ, առաջարկելով «ժողովրդավարական հեղափոխությունը»:

Կասկածից վեր է, որ վերջին ընտրությունները, ընդ որում թե նախագահական եւ թե խորհրդարանական, իրենց քաղաքական բովանդակությամբ եւ որակներով ամենաանհաջողն էին մեր նորագույն պատմության ողջ ընթացքում (այսօր այդ հանգամանքը չեն թաքցնում նաեւ կոալիցիայի մաս կազմող ուժերը): Սակայն, կոնկրետ նախագահական ընտրությունների օրինականությունը ընդդիմության համար վիճահարույց էր նաեւ դրանց առաջին փուլում եւ համարյա բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերը հանդես եկան հայտարարություններով, որոնցով իրենց անհամաձայնությունն էին արատահայտում այդ փուլի արդյունքներին՝ փաստելով, որ կեղծիքների ծավալը էապես կարող էր անդրադառնալ ընտրությունների արդյունքների վրա՝ այդ փուլում: Այդուհանդերձ ընդդիմությունը, թեկուզ ոչ միասնական, բայց մասնակցեց ընտրությունների երկրորդ փուլին, որը, եթե ելնենք վերջինիս որդեգրած քաղաքական սկզբունքներից, արդեն անօրինական պետք է որակվեր՝ անկախ երկրորդ փուլում ընտրակեղծիքների ծավալից եւ նրա արդյունքներից, այդ թվում նույնիսկ այն դեպքում, եթե հաղթեր ընդդիմության թեկնածուն:

Ի դեպ, Հայաստանի Քրիստոնեա-Դեմոկրատական Միությունը նախագահական ընտրություններին չպաշտպանեց որեւէ թեկնածուի, քանի որ համոզված էր, որ կուսակցությունը չի կարող պաշտպանել այս կամ այն անհատին, նա կարող է սատարել միայն այն քաղաքական ծրագիրը, որը հարազատ է ՀՔԴՄ գաղափարախոսութանը:

Եվ տվյալ դեպքում էլ իշխանության վերաբերյալ քաղաքական մեկնաբանություններում Քրիստոնեա-Դեմոկրատական Միությունը փորձում է առաջնորդվել ոչ թե այսրոպեական քաղաքական կոնյունկտուրայով, այլ ելնելով իր գաղափարաբանական սկզբունքներից:

Ըստ այդմ, միանգամայն ազնիվ է ընդդիմության խոստովանությունը այն մասին, որ իրենք սխալվել են մասնակցելով անցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլին: Ավելին, քաղաքական որոշման նման ինքնաքննադատական գնահատականը կարող էր ընկալվել որպես սեփական քաղաքական դերակատարման պատասխանատվության իմաստավորման եւ կարեւորման փաստ: Սակայն, հանուն արդարության հարկ է փաստել, որ ընդդիմության այդ խոստովանումը իրոք անկեղծ է այնքանով, որ նա չի փորձում շրջանցել մի շատ կարեւոր քաղաքական հանգամանք, որի մասին, թեպետ, լռում է: Բանն այն է, որ եթե ընտրությունների օրինականությունը ընդդիմությունը ընդունում է որպես իշխանությունների լեգիտիմության միակ չափանիշ, ապա այդ սկզբունքի անտեսումը անցած ընտրություններում (իրենց պնդմամբ կեղծիքներով անցած առաջին փուլից հետո երկրորդ փուլին մասնակցելը) կարող է վկայել ոչ միայն քաղաքական զարգացումների որոշակի փուլում ընդդիմության մարտավարական բնույթի սխալի մասին, այլեւ սեփական քաղաքական սկզբունքներին երկակի ստանդարտով վերաբերվելու քաղաքական որակի մասին: Այսինքն, «եթե ընտրություններում մենք հաղթենք (իսկ, հանուն օբյեկտիվության, հարկ է նկատել, որ զարգացումների նման հեռանկարը ընդդիմությանը կարող էր բոլորովին էլ ոչ իրատեսական չթվալ), ապա դրանց արդյունքները, անկախ ընտրությունների որակից, օրինական են, իսկ մեր նախագահը՝ լեգիտիմ, հակառակ դեպքում՝ իշխանությունը ոչ մի պարագայում չի կարող համարվել լեգիտիմ»:

Ցավոք, մենք մեկ անգամ՝ 1996-ին, արդեն այդ ուղին անցել ենք: Դժվար է պնդել թե ընդդիմությունը իրոք առաջնորդվել է իր իսկ առաջ քաշած սկզբունքի երկակի մոտեցմամբ, սակայն դժվար է չհամաձայնվել նաեւ, որ նրա քաղաքական վարքագծի նման մեկնաբանությունը բոլորովին անհիմն չէ (առավել եւս, որ ընդդիմությունը այս հարցադրմանը ընդհանրապես չի անդրադառնում), մի հանգամանք, որն այսօր բավականին խոցելի է դարձնում Նախագահի դեմ պայքարում ընդդիմության քաղաքական դիրքերը եւ նրա վճռականության այլ դրդապատճառների ու մեկնաբանությունների տեղիք տալիս:

Ավելին, այսօր լեգիտիմության տեսակետից առավել խոցելի է, եթե չասենք անընդունելի, ոչ այնքան Նախագահի քաղաքական իշխանությունը (վերը բերված պատճառաբանությամբ), որքան Ազգային Ժողովը, որը թե ընտրությունների օրինականության և թե խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի իրական կշռի ու նրանց, ընտրությունների արդյունքում, ձեռք բերած փաստացի «քաղաքական ազդեցության ու իշխանության» անհամապատասխանության առումով բացառապես չի բավարարում իշխանության լեգիտիմությանը ներկայացվող պահանջներին: Մինչդեռ Ազգային Ժողովի լեգիտիմությունը այսօր ոչ ոք չի վիճարկում: Ինչու՞: Միգուցե այն պատճառով, որ ոմանք խորհրդարանի ներկայիս «նկարված» քաղաքական խճանկարի հեղինակ տեսնում են Հանրապետության Նախագահին, այդ իսկ պատճառով փորձում են պայքարել, իրենց կարծիքով, պատճառի դեմ՝ համոզված, որ դրանով վերջ կտան գործադիր կառույցի դոմինանտ ազդեցությանը մեր իրականությունում (այս Նախագահը վատն է, իսկ ես լավն եմ): Այսինքն` առաջնորդվում են «փրկիչի կամ բարի Նախագահի» քվազիժողովրդավարական հայեցակարգով: Եվ եթե դա այդպես է, ապա այն ոչ մի հեռանկար չունի: Իսկ միգուցե այն պատճառով, որ չեն կարևորում Ազգային Ժողովի դերն ու պատասխանատվությունը մեր պետական համակարգում՝ վերապահելով նրան ձևական, երկրորդական նշանակություն: Այդ դեպում այսօր մենք այդ վիճակում ենք և առիթն ունենք ճաշակելու դրա քաղաքական հետևանքների ողջ հաճույքը: Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ հանրային կյանքի ժողովրդավարական որակների ապահովումը, յուրաքանչյուրիս իրավունքների երաշխավորումը, առավել հնարավոր է միայն հասուն քաղաքական բովանդակություն ունեցող Ազգային Ժողովի պարագայում, այնպիսի խորհրդարանի պարագայում, որը իրավամբ կկարողանա հակակշռել գործադիր իշխանության ռեալ ու գերակա ազդեցությունը մեր կյանքի ամեն քայլափոխում:

Վերջին տարիների մեր քաղաքական իրականության ամենալուրջ դեֆորմացիան դա օրենսդիրի և գործադիրի հավասարակշռության խախտումն է՝ հօգուտ գործադիրի: Առանց այդ հավասարակշռության սահմանադրական իրավիճակի վերականգման, այսինքն` գործուն և որակյալ Ազգային Ժողովի, մենք չենք կարող ունենալ անընդհատ կայունացող և հասունացող քաղաքական համակարգ, հետևաբար և հանրության առջև հաշվետու և հանրային հոգսերի համար արդյունավետ գործող գործադիր իշխանություն: Առանց այս ամենի մենք դատապարտված ենք մեր ողջ ուղին անցնելու քաղաքական լուրջ կատակլիզմներով: Սա է իրականությունը և, որքան էլ այն դառը լինի, պետք է նրա հետ հաշվի նստել: Եվ ինչ որ մի պահից այն հարկավոր է կարևորել և սկսել: Մենք մեկ անգամ այս իրողությունը ճիշտ գնահատելու և իմաստավորելու հնարավորություն ունեցել ենք: 1996թ. սեպտեմբերյան իրադարձությունների տրամաբանական արդյունքը պետք է լիներ Ազգային Ժողովի լուծարումը և նոր խորհրդարանական ընտրությունների նշանակումը՝ ընտրված Նախագահի քաղաքական պատասխանատվությամբ: Ցավոք թե իշխանությունները, թե ընդդիմությունը և թե քաղաքական այլ ուժեր չկարողացան վեր կանգնել իրավիճակի զգացմունքային գնահատականներից և ցուցաբերել անհրաժեշտ քաղաքական հասունություն: Հետագա զարգացումները ապացուցեցին, որ մենք պատասխանատու չգտնվեցինք պատմական այդ հանգրվանում և սեպտեմբերյան իրադարձությունները ոչ թե խթանեցին մեզանում հետագա ժողովրդավարական զարգացումներն, այլ սկիզբ դրեցին բոլորովին այլ որակի քաղաքական սովորույթներին: Այսօր իրավիճակը կրկնվում է և մենք իրավունք չունենք տրվել կրքերին, առավել ևս պետականաշինության կարևորագույն պահին ղեկավարվել ոչ իրական արժեքներով: Մենք այսօր պարտավոր ենք այս քաղաքական սրացումից դուրս գալ ոչ միայն հանրության համար մինիմալ կորուստներով, այլև ավելի հասունացած և կազմակերպված: Եվ դրա հնարավորությունները սպառված չեն:

Իրավիճակից նման ելքին չի խոչընդոտում նաև Սահմանադրական դատարանի հայտնի որոշման առկայությունը, իսկ միգուցե նույնիսկ հուշում է որոշ կառուցողական լուծումներ: Ակնհայտ է, որ այդ որոշումը լուրջ մեկնաբանությունների կարիք է զգում: Այդուհանդերձ, դա մի ատյանի որոշում է, որը վերջնական է և պարտադիր՝ կատարման համար և դա Սահմանադրության պահանջն է, որն ունի ուղղակի իրավական ուժ և բարձր է ամեն տեսակի մեկնաբանություններից: Հետևաբար, նկատվող հակասության հանգուցալուծումը պետք էր փնտրել ոչ թե այդ որոշումն անտեսելու կամ այն ցանկացած գնով իրականացնելու՝ քաղաքական առճակատման տանող գործողություններում, այլ քաղաքական երկխոսությանը և փոխվստահության ձևավորմանը խոչընդոտող արգելքների աստիճանական վերացմանն ուղված քաղաքական բանակցությունների ճանապարհին:

Ի դեպ, նախաձեռնությունը պետք է ելներ իշխանություններից, իսկ ավելի կոնկրետ՝ Ազգային Ժողովի քաղաքական մեծամասնությունից: Առավել ևս, որ առկա էր քաղաքական և իրավական լուրջ մեկնաբանություններ պահանջող էական հարցադրում: Խոսքը իշխանությունների ձևավորման օրինականության խոցելիությունը՝ վստահության հանրաքվեի ճանապարհով լրացնելու առաջարկի քաղաքական կենսունակության մասին է, և որը բավարար պատճառ էր կողմերի միջև քաղաքական բանակցությունների համար: Ակնհայտ է, որ վստահության հանրաքվեն իշխանությունների գործողությունների քաղաքական արսենալին պատկանող գործիք է: Երբ իշխանության այս կամ այն քաղաքական ծրագրի կամ հայեցակարգային հարցադրման իրականացումը վերջինիս համար ձեռք է բերում սկզբունքային և, քաղաքական բովանդակության տեսակետից, նպատակային նշանակություն, սակայն որի վերաբերյալ հանրության գնահատականը միանշանակ չէ, ապա, հանրային կյանքում անհարկի լարվածություններից խուսափելու նպատակով, իշխանությունների որոշմամբ և նրանց կամքով օգտագործվում է վստահության հանրաքվեի ինստիտուտը՝ որպես ընտրության հնարավորություն: Ընդորում, հանրաքվեի է դրվում վիճահարույց հարցը: Եվ միայն այն դեպքում, երբ ազգաբնակչությունը դեմ է արտահայտվում տվյալ խնդրին՝ իշխանությունները ինքնակամ հեռանում են: Բոլոր դեպքերում, վստահության հանրաքվեն կարող է անցկացվել բացառապես իշխանությունների նախաձեռնությամբ և դրանում է այդ ինստիտուտի ողջ քաղաքական բովանդակությունը: Միայն այս մեկնաբանությունների անհրաժեշտությունը բավարար էր կողմերի միջև քաղաքական բաց և թափանցիկ երկխոսություն նախաձեռնելու համար:

Ցավոք, հերթական անգամ հանրությունը ականատես եղավ քաղաքական զարգացումների մակերեսային մեկնաբանությունների և քաղաքական պատասխանատուների անհոգ անտարբերությանը: Արդյունքում, Ազգային Ժողովի ղեկավարության անպատասխանատու քաղաքական վարքագծի հետևանքով ընդդիմությունը ստիպված բոյկոտեց խորհրդարանը, իսկ քաղաքական պրոցեսը դուրս մղվեց փողոց: Եվ այս ֆոնի վրա առավել վտանգավոր են ներկայանում բոլոր այն մեկնաբանությունները, որոնք փորձում են ընդդիմության բացակայությունը խորհրդարանում ներկայացնել որպես մի շարքային քաղաքական միջադեպ, որը, իբր, բոլորովին էլ չի կարող իր անդրադարձն ունենալ օրենսդիր մարմնի բնականոն գործունեության վրա: Ազգային Ժողովի գործունեությունը հանգեցնել բացառապես մեծամասնության մասնակցությամբ և քվեարկությամբ օրենքների ընդունման զուտ մեխանիկական գործառույթի, կնշանակի չհասկանալ այդ մարմնի քաղաքական առաքելությունը մեր կյանքում (եթե քաղաքական փոքրամասնությունը խորհրդարանում ավելորդություն լիներ, ապա բոլոր մանդատները կհատկացվեին մեծամասնություն ստացած քաղաքական ուժին):

Այն, որ Ազգային Ժողովը չի ընկալում փոքրամասնության պարտադիր ներկայությամբ և մասնակցությամբ քաղաքական պրոցեսներին ժողովրդավարական որակ և բովանդակություն հաղորդելու և իրավիճակը վերականգնելու ուղղությամբ գործնական քայլեր նախաձեռնելու անհրաժեշտությունը, վկայում է նրա քաղաքական սնանկության մասին:

Այն իրողությունը, որ այսօր մեր իրականությունը զուրկ է իրավիճակի լրջության ու վտանգավորության համակարգային բնույթի պատճառներն ընկալելու պատասխանատու քաղաքական կարողություններից՝ արդեն սպառնալի է երկրի ապագայի համար: Ահա թե ինչու Հայաստանի Քրիստոնեա-Դեմոկրատական Միությունը ստեղծված իրավիճակը որակում է ոչ թե քաղաքական ճգնաժամ, այլ քաղաքական դեֆոլտ: Այն ամենը, ինչը մենք այսօր փաստում ենք որպես մեր իրականության խոցեր, ընդամենը արդյունք է անկարողունակ և սնանկ «քաղաքական համակարգի»:

Այդուհանդերձ, ստեղծված իրավիճակը մեղմելու, քաղաքական բախումը կանխելու, հանրային կյանքը աստիճանաբար իր բնականոն հուն վերադարձնելու և հասարակության հոծ զանգվածների մոտ վաղվա նկատմամբ աստիճանաբար վստահություն ձևավորելու համար անհրաժեշտ քաղաքական ռեսուրսները սպառված չեն և այս դեպքում կոսմետիկ փոփոխությունները այլևս օգտակար չեն կարող լինել: Պահանջվում են արմատական լուծումներ: Ընդորում, այդ լուծումները պետք է ենթադրեն հանրության համար մինիմալ կորուստներ և հանրային կյանքի հետագա առողջացման առավելագույն երաշխիքներ: Դրա միակ ճանապարհը, Հայաստանի Քրիստոնեա-Դեմոկրատական Միությունը տեսնում է, Ազգային Ժողովի՝ Սահմանադրությամբ վերապահված քաղաքական դերակատարման վերականգնման հնարավորության մեջ:

Հետևաբար, Հանրապետության Նախագահը և ընդդիմությունը, հանուն մեր վաղվան, պարտավոր են դրսևորել առավել հանդուրժողականություն և լոյալություն և սկսել քաղաքական բանակցություններ իրավիճակից դուրս գալու ուղիների շուրջ: Այս խնդրում լուրջ պատասխանատվություն են կրում նաև կոալիցիայի մաս կազմող և քաղաքական հեղինակություն ունեցող ուժերը:

Այսօր, առավել քան երբևէ, այժմեական է հնչում ֆրանսիական քաղաքական մտքի դասականներից Թալեյրանի խոսքը՝ քաղաքականությունը անխուսափելիի հետ համագործակցելու արվեստն է: Եվ քաղաքական ողջամտությունն ու պատասխանատվությունը ենթադրում է,որ մեր քաղաքական բոլոր պատասխանատուները այսօր, առավել քան երբևէ, պարտավոր են առաջնորդվել այս իմաստնությամբ:

Խոսրով ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031