Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐԿԻՆ ՋԱԶԻ ՄԱՍԻՆ

Ապրիլ 07,2004 00:00

ԿՐԿԻՆ ՋԱԶԻ ՄԱՍԻՆ ԱՄՆ դեսպանատան կազմակերպած ջազի օրերին կմասնակցի նաեւ կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանի ղեկավարած ջազ-բենդը։ «Եթե չլինեին Հայաստանում անցկացված ջազային փառատոները, մեր ջազմեններն ու վերջիններիս «ինտեգրումը» արտերկրում, կարճ ասած՝ եթե աշխարհին ծանոթ չլինեին հայ ջազմենները, ամերիկացիներն արդեն երրորդ տարին մեզ մոտ չէին անցկացնի ջազի օրեր»,- համոզված է Ե. Երզնկյանը։ Ըստ կոմպոզիտորի, ջազը, որ ստեղծել են ԱՄՆ-ի սեւամորթները, այսօր աշխարհում համարվում է էլիտար երաժշտություն։ «Աշխարհը սիրում է ջազ, որովհետեւ այնտեղ նա զգում է այն թարմությունը, լիառատ կենսական ուժը, որոնք ժամանակակից մեկ այլ երաժշտության մեջ այդքան վառ արտահայտված չեն։ Ասեմ ավելին՝ ջազը մտքի ազատություն է, փիլիսոփայություն»,- նշեց մեր զրուցակիցը, մանրամասնելով, որ բեմում ջազմենը ամեն վայրկյան չի դադարում ստեղծագործելուց, մասնակից դարձնելով ունկնդրին, վերջինիս համակելով ջազին հատուկ տեմպերամենտով։ Ե. Երզնկյանը շեշտեց, որ ջազմենը պետք է լինի պրոֆեսիոնալ, իսկ նրա ունկնդիրը՝ պատրաստված։ «Առավոտի» հարցին՝ «Ձեր շեշտած «երկու երնեկները» կա՞ն հայ իրականությունում», Ե. Երզնկյանը պատասխանեց. «Ի սկզբանե ջազն արգելված է եղել ԽՍՀՄ-ում եւ միայն 60-ականներին, երբ որոշ չափով թուլացան կապանքները, կոմպոզիտորներ Կոնստանտին Օրբելյանը, Մարտին Վարդազարյանը, Էդվարդ Բաղդասարյանը, Ստեփան Շաքարյանը սկսեցին իրենց լուրջ գործունեությունը այս ոլորտում, իրենց շուրջ համախմբելով Արթուր Վարդանյանին (դաշնամուր), Ալեքսանդր Զաքարյանին (սաքսոֆոն), Արմեն Զաքարյանին (հարվածային գործիքներ), Ալեքսանդր Տիտարենկոյին (կոռնետ) եւ այլ ջազմենների։ Իսկ այդ տարիների միակ ջազային երգչուհին Հայաստանում Լոլա Խոմյանցն էր»։ Կոմպոզիտորը տեղեկացրեց նաեւ, որ 1978թ. Կույբիշեւում կայացած ջազ փառատոնին առաջին անգամ մասնակցում էր նաեւ հայկական ջազ քառյակը։ Նրա կազմում (Լեւոն Մալխասյանը, Ալեքսանդր Զաքարյանը, Արմեն Թութունջյանը եւ ինքը) դարձան դափնեկիրներ։ «70-ականներին արդեն ջազ էին պրոպագանդում ճանաչված երգչուհիներ Տաթեւիկ Հովհաննիսյանը, Զառա Տոնիկյանը, Էլվինա Մակարյանը, 80-ականներին՝ Զառա Երզնկյանը, Իրինա Մալխասյանը, Շուշան Պետրոսյանը, այսօր՝ երիտասարդ կատարողներ Անահիտ Շարյանը, Լուսինե Կչոզյանը, Իլոնան»,- տեղեկացրեց Ե. Երզնկյանը։ Այսօր կոմպոզիտորը գտնում է, որ հայերին (թե՛ կատարող, թե՛ ունկնդիր) կարելի է համարել «ջազային տրադիցիաներ ունեցող ժողովուրդ»։ «Առավոտի» հաջորդ՝ «Ջազն առանց ընդօրինակելու հնարավո՞ր է մատուցել» հարցին կոմպոզիտորը պատասխանեց. «Անկեղծ ասած՝ ջազն առանց ընդօրինակելու հնարավոր չէ։ Կարիերայիդ սկզբում անպայման պետք է ունենաս քո կուռքը, որից հետո փորձես ստեղծել ջազային քո լեզուն։ Հետո արդեն՝ կատարելագործվես»։ Մեր դիտարկմանը, թե ինչպե՞ս է կոմպոզիտորը դիտում այսօր տարածված այն «մեթոդը», որ ջազում մեծ տեղ են տալիս հայկական ժողովրդական նվագարաններին, Ե. Երզնկյանը հակադարձեց. «Խիստ եմ վերաբերվում ու գտնում, որ, օրինակ, դուդուկի վրա չես կարող ջազ նվագել։ Եվ ընդհանրապես, մեր հայկական ժողովրդական նվագարանները այնքան էլ կատարելագործված չեն։ Հետեւաբար, վերջիններս պետք է օգտագործել որպես «գույն»՝ երանգ, այն էլ՝ համով-հոտով»։ Կոմպոզիտորը օրինակ բերեց, թե ինչ տեղին է օգտագործում հայկական ժողովրդական նվագարանները Արտո Թունջբոյաջյանը իր ջազ խմբում, ուր ընդգրկված են այսօրվա հայ «իսկական» ջազմեններ Վահագն Հայրապետյանը, Արմեն Հյուսնունցը եւ ուրիշներ»։ Մեր վերջին՝ «Որտե՞ղ սովորել, ուսումնասիրել ջազային արվեստ» հարցին կոմպոզիտորը հիշեց, որ դեռ ԽՍՀՄ-ի տարիներին մեզ մոտ հիմնադրվել է «Ակսել Բակունցի ջազ քոլեջը», իսկ ավելի ուշ, Երեւանի պետկոնսերվատորիայում՝ ջազային-էստրադային ամբիոնը, որն ունի հարուստ գրադարան ու ձայնադարան ու «շատ հայտնի ջազմեններ նույնիսկ կնախանձեին»։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել