Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրահավաքը հեղափոխության սկիզբ չի դառնա

Ապրիլ 10,2004 00:00

Հանրահավաքը հեղափոխության սկիզբ չի դառնա Այսպիսի վերտառություն ունի «Նեզավիսիմայա գազետայի» մեկնաբան Վիկտորյա Պանֆիլովայի երեկվա հրապարակումը: «Այսօր Երեւանի «Ազատության» հրապարակում պետք է սկսվի ընդդիմության հրավիրած անժամկետ հանրահավաքը: Ենթադրվում է, որ «Արդարություն» դաշինքի եւ «Ազգային միաբանության» համակիրները երկու կողմերից շարասյուներով երթով պետք է գան «Ազատության» հրապարակ եւ մնան այնտեղ այնքան ժամանակ, քանի դեռ իրենց՝ Ռոբերտ Քոչարյանի հրաժարականի, պահանջը չի կատարվել»,- գրում է «ՆԳ»-ն՝ հավելելով, թե նախօրեին ԱՊՀ Կովկասի ինստիտուտի պրոռեկտոր Ալեքսանդր Իսկանդարյանը կարծիք է հայտնել, թե՝ «իշխանությունները կփորձեն խոչընդոտել ընդդիմությանը հանրահավաք անցկացնել, առավել եւս, որ ՀՀ հանրային հեռուստատեսությամբ հայտարարվել էր, թե ընդդիմության ելույթի ցանկացած փորձ կկանխվի»: Վ. Պանֆիլովայի մեկնաբանությամբ, «նախագահի ընդդիմախոսները վճռականորեն են տրամադրված եւ մտադիր են կանգնել մինչեւ վերջ»: Թերթը մեջբերել է «Ազգային միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանի խոսքերը, թե՝ ցուցարարները լիովին պատրաստ են հակազդել իշխանությունների կողմից ուժի գործադրման փորձերին. «Եթե լինեն ֆիզիկական ուժի միջամտություն, մենք կպատասխանենք նույնկերպ»: Մեկնաբանի դիտարկմամբ, այդուհանդերձ, նախագահ Քոչարյանը վստահ է իր դիրքերի ամրության վրա: «Ինչպես հայտարարել է ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, «իշխանությունը ընդդիմությանն ընկալում է որպես՝ հեղափոխականորեն տրամադրված խմբավորման», ուստի՝ օրենքն ու Սահմանադրությունը իշխանության կողմն են»,- գրում է թերթը: Անդրադառնալով ապրիլի 5-ին տեղի ունեցած հանրահավաքի եւ դրա ժամանակ մասնավորապես լրագրողների վրա հարձակմանը, «ՆԳ»-ն նաեւ արձանագրել է, որ իրավապահ մարմինները մինչ օրս «չեն կարողանում ճշտել» հարձակվողների անձը, թեեւ տեսաժապավենների վրա ֆիքսված են ատլետիկ կազմվածքով այն երիտասարդները, որոնք ծեծել են հանրահավաքը լուսաբանող լրագրողներին: «Այն հանգամանքը, որ իրավապահ մարմինները չեն միջամտել այդ բախումներին, վկայում է այն մասին, որ իշխանությունները մասնակից են տեղի ունեցած անկարգություններին: Չի բացառվում, որ նման սադրանքները կրկնվեն»,- թերթին տված հարցազրույցում ասել է Ալ.Իսկանդարյանը: «ՆԳ» մեկնաբանի փոխանցմամբ, «ընդդիմությունը մտադիր է «Ազատության» հրապարակ բերել 100 հազար մարդ: Իհարկե, դիտորդները ենթադրում են, որ հանրահավաքի մասնակիցների թիվն անհամեմատ քիչ կլինի: Նրանց գնահատմամբ, կասկածելի է, որ նախագահի հակառակորդները «մինչեւ վերջ գնալու բավարար ռեսուրս ունեն»: Իսկ Ալ.Իսկանդարյանը վստահ է, որ «ընդդիմության շարքերում առաջնորդ չկա, որը կարողանա իրական այլընտրանք լինել պետության ներկայիս ղեկավարին, ուստի՝ մոտակա հեռանկարում իշխանափոխությունը քիչ հավանական է»: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել