Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ

Ապրիլ 10,2004 00:00

ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ Եվ այսպես՝ վիճակը նետված է, հայտարարված իշխանափոխությունը մտնում է օրակարգ, ժամացույցը սեղմված է, ժամանակացույցը՝ ճշտված։ Մարտական պատրաստության են բերված իշխանական գնդերը, նախագահի պաշտոնում Քոչարյանը վերջին հարցազրույցն է տալիս շաքարի պես հալվող Տաթեւիկ Բաղդասարյանին։ Ամեն ինչ չափազանց նման է Մարկեսի «Մի հայտարարված սպանության ժամանակագրություն» վիպակի պատմությանը, երբ ողջ քաղաքի բնակչությունը տեղյակ էր մտահղացված հանցագործությանը, տեղյակ էր զոհը, հայտնի էին կազմակերպիչները եւ, չնայած դրան, ոճրագործությունը անխուսափելի է։ Վիճակն ավելի ֆատալիստական է դառնում, երբ նկատի առնենք, որ հակառակորդ երկու կողմերն էլ՝ եւ ընդդիմությունը, եւ իշխանությունը, կարծես թե պատրաստ են գործընթացների զարգացման ցանկացած տարբերակի։ Առաջ ընկնելով ասենք, որ անկախ Հայաստանի պատմության մեջ ընդդիմությունը երբեք չէր հասել նպատակի ձեւակերպման այնպիսի բանաձեւումի, ինչպես վերջին ամիսներին. երկրում սահմանադրական կարգի վերականգնում, որ այլընտրանք չընդունի, քան իշխանափոխություն կատարելը։ Ընդ որում, խոսքը միայն քաղաքական նպատակի ձեւակերպման մասին չէ։ Այս կամ այն չափով քաղաքական ձեւակերպումներ միշտ էլ եղել են՝ 92-94թթ. պատերազմի ամենաթեժ շրջանում, 96-98-ին եւ 2003-ին։ Այս անգամ իշխանափոխության հրամայականը արդեն դուրս է եկել քաղաքական դաշտից եւ ձեռք բերել համաժողովրդական բնույթ ու այդ իմաստով այն մեծ ընդհանրություններ ունի 88-ի շարժման հետ, այսինքն՝ ասպարեզում համազգային շարժումն է։ Թվում է, այս տեսակետից շարժումը նմանություններ ունի նաեւ 96-ի նախագահական ընտրություններին հաջորդած իրողությունների հետ, սակայն այն ժամանակ խնդիրը տեղավորվում էր քաղաքական տրամաբանության մեջ, ուստի քաղաքական ուժերի թեթեւակի կոնֆիգուրացիան փոխեց նրա ընթացքը, իսկ երկու տարի անց՝ նաեւ բնույթը, ապա լուծում ստացավ պալատական հեղաշրջման տեսքով։ Իհարկե, ներկա պարագայում չի բացառվում, որ շարժման ուժգնությունը քաղաքական ուժերին ստիպի նստել բանակցությունների սեղանի շուրջ, սակայն, դատելով վարչակարգի ընթացիկ պահվածքից, երկխոսությունը ժամանակ շահելու նպատակ կհետապնդի՝ ընդամենը հող ապահովելով ներիշխանական նոր հեղաշրջման համար, քանի որ Քոչարյանի ճակատագիրն արդեն կանխորոշված է։ Այլ բան է, որ այս անգամ «թավշյա հեղափոխություն» իրագործելու համար քաղաքական դաշտում չկա այն կենտրոնը, որ 98-ին ամբողջանում էր Վազգեն Սարգսյանով։ Այն ժամանակ առերեւույթ Վազգեն Սարգսյանը, տարանջատվելով գործող նախագահից եւ օգտագործելով պաշտպանության նախարարի դիրքը եւ աճող հեղինակությունը, կարողացավ ընդվզմանը անարյուն ընթացք տալ, չնայած գործեց հօգուտ Քոչարյանի։ Ներկա պահին տեսականորեն համանման դերակատարության հնարավորություն ունեցող Սերժ Սարգսյանը քաջություն չունեցավ կամ, որ ավելի ճիշտ է, երբեք չկամեցավ իրեն հակադրել Քոչարյանին եւ այդ պատճառով ժողովրդի գիտակցության մեջ այդ երկու անունները նույնացվեցին, որով Սերժ Սարգսյանի դերակատարությունը հեղաշրջման գործում հավասարվեց զրոյի։ Խնդիրը բարդանում է նաեւ նրանով, որ եւ 96-ին, եւ 98-ին Լ. Տեր-Պետրոսյանի քաղաքական ռեսուրսները տասնապատիկ շատ էին, քան հիմա ունի Քոչարյանը։ Ուղղակի հուսահատական են վերջինիս բոլոր ճիգերը եւ քանի որ իշխանություն պահելու ոչ մի ռեսուրս այլեւս չունի, ստիպված է ապավինել վերջին տարիներին բազմաթիվ անգամ կիրառած մեթոդին՝ հորինելուն։ Հորինում է, թե ինքը ընտրված նախագահ է, տնտեսական կայուն զարգացման հրաշք է հորինում, ադրբեջանական սպառնալիք, վաղուց դուրս գրված մտավորականություն եւ այլն։ Բանն այն է, որ երբեք չունենալով իրական քաղաքական հենարան, այլ ընդամենը դարձյալ հորինելով «պետությունը ես եմ» կրկնաբանությունը, Քոչարյանը այժմ զրկվում է նաեւ թվացյալ հենարաններից։ Փոքրիկ խուսանավումներով նրանից զատվում է ՀՅԴ-ն։ Կուսակցության հարյուրամյա քաղաքական հոտառությունը հուշում է, որ շատ բան կարելի է զոհաբերել, բացի պատմության մեջ իր տեղն ունենալու առասպելը։ Ամեն ինչ կորցնելու վտանգի առջեւ է հայտնվել նաեւ «Օրինաց երկիրը», որ, չնայած իր թղթե բնույթին, գիտակցում է՝ արեւի տակ տեղ ունենալու միակ շանսը այս պահին բարոյական չեզոքություն պահելն է, մանավանդ չի բացառվում, որ իշխանափոխության պարագայում Արթուր Բաղդասարյանին ԱԺ նախագահի պաշտոնը դեռ պետք է գալու արտահերթ ընտրություններում։ Քիչ ավելի համառ է ՀՀԿ-ն, սակայն նրա համառությունն էլ կարելի է հասկանալ. կորցնելու է վերջին տարիներին ձեռք բերած դիրքը, բայց չենք կարծում, որ հանուն վարչապետ մնալու, Անդրանիկ Մարգարյանը զոհաբերելու է կուսակցության ապագան։ Մի խոսքով, Քոչարյանին մնում է Սերժ Սարգսյանը, Աղվան Հովսեփյանը, պետական քարոզչամեքենան եւ հույսը, թե Ազգային ժողովը ցրելուց հետո դեռ կարող է դիմանալ։ Քաղաքական կացությունը այնքան հստակ է, որ անհնար է խուսափել լենինյան դասական ձեւակերպումից. ի դեմս Քոչարյանի մենք ունենք ուժ առանց իշխանության, ի դեմս համաժողովրդական շարժման՝ իշխանություն առանց ուժի։ Ուժն առանց իշխանության այն դեպքը չէ, երբ ծնվում է իրավունք։ Ուժն առանց իշխանության կույր է։ Միայն դրանով կարելի է բացատրել ապրիլի 5-ի հանրահավաքին հայկական սքինհեդների անխտրականությունը՝ թշնամուն բարեկամից ջոկելու հարցում։ Սա նշանակում է, որ այսուհետ իշխանական քաոսը գործելու է օրավուր կազմակերպվող համաժողովրդական կոսմոսի դեմ, որի ելքը դարձյալ կանխորոշված է։ ԹԱԴԵՎՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել