Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ կառավարությունը հերքում է

Ապրիլ 17,2004 00:00

ԼՂՀ կառավարությունը հերքում է Վերջին օրերին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում ընթացող ներքաղաքական զարգացումների ֆոնին քաղաքական որոշ ուժեր եւ նրանց սպասարկող լրատվամիջոցներ փորձ են անում մեր ժողովրդի տարբեր հատվածներն իրար հակադրելու միջոցով հասնել իրենց կողմից հետապնդվող նեղ շահադիտական նպատակներին։ ԼՂՀ կառավարությունը մերժում է ղարաբաղյան գործոնի շահարկումը Հայաստանի ներքաղաքական պայքարում եւ գտնում է, որ բոլոր նրանք, ովքեր ժողովրդի հետ խոսում են այդ լեզվով՝ «ջուր են լցնում թշնամու ջրաղացին»։ Դրա վկայությունն է, որ նույն այդ քաղաքական գործիչների եւ լրատվամիջոցների կողմից շրջանառության մեջ դրած ստահոդ լուրերը միանգամից տարածում են գտնում նաեւ ադրբեջանական թերթերում։ Մասնավորապես այն մասին, թե իբր Հայաստանի Հանրապետությունում ընթացող ներքաղաքական գործընթացներին, այդ թվում՝ ապրիլի 13-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձություններին մասնակցել են ԼՂՀ ուժային կառույցների ստորաբաժանումները՝ ոստիկանապետ Արմեն Իսագուլովի գլխավորությամբ։ ԼՂՀ կառավարությունը հայտարարում է, որ նշված լուրերը իրականության հետ ոչ մի առնչություն չունեն եւ տարածվում են միտումնավոր կերպով։ ԼՂՀ իրավապահ մարմինների ոչ մի ստորաբաժանում հանրապետության տարածքից դուրս չի բերվել եւ ողջ անձնակազմը, այդ թվում՝ ԼՂՀ ոստիկանապետը, շարունակում են իրենց գործառույթների իրականացումը տեղում, բնականոն հունով։ ԼՂՀ կառավարությունը անընդունելի է համարում քաղաքական պայքարում ազգի պառակտմանն ուղղված նման զրպարտիչ շահարկումները եւ կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին ու լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ ձեռնպահ մնալ չստուգված տեղեկատվության տարածումից, ինչը կարող է լրջորեն խոչընդոտել համազգային խնդիրների իրականացմանը։ «ԴԵ-ՖԱԿՏՈ» Հիշեցնենք, որ մեր թերթում հիշյալ թեմայով արտահայտվել է կոմկուսի Կենտկոմի անդամ Խորեն Սարգսյանը։ Նման միտք է արտահայտվել նաեւ երեկ հրապարակված ՀՀՇ վարչության հայտարարության մեջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել