Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիշերի մի քանի ժամը

Ապրիլ 23,2004 00:00

Ֆիշերի մի քանի ժամը Այն, որ Գերմանիայի արտգործնախարար Յոշկա Ֆիշերը երեկ հրավիրված ասուլիսին հանդես եկավ ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կ. Ճշմարիտյանի ընկերակցությամբ, հավանաբար պայմանավորված էր Վարդան Օսկանյանի՝ Լոնդոնում գտնվելու հանգամանքով: Ճշմարիտյանն, այդուհանդերձ, հնարավորինս ջանաց արդարացնել իր «բանախոսությունն» ու ասաց, որ երկու երկրների միջեւ առկա է առեւտրատնտեսական համագործակցության «մեծ ներուժ»: Ակնհայտ էր, սակայն, որ լսարանին ու, մասնավորապես, ասուլիսին ներկա գտնվող գերմանացի լրագրողներին հետաքրքրում էին հատկապես Հայաստանի ներքաղաքական իրադրությանն առնչվող պարզաբանումները: Ինչպես հայտնի է, Եվրամիության ամենահզոր երկիրը հանդիսացող Գերմանիան իր երեւանյան դեսպանի շուրթերով, բավական սուր գնահատականներ էր տվել կատարվածին, դատապարտելով խաղաղ ցուցարարների եւ լրագրողների նկատմամբ ոստիկանների գործադրած բռնությունները: «Հայաստանում շատ են խոսում ընտրությունների ժամանակ կատարված կեղծիքների մասին: Ի՞նչ եք անում իշխանությունների նկատմամբ հասարակության վստահության բարձրացման ուղղությամբ»: Գերմանացի լրագրողի այս հարցին Ճշմարիտյանի տված պատասխանն առնվազն տարօրինակ էր, քանզի շատ դժվար էր շաղկապվում հարցի բուն էությանը: Դատեք ինքներդ: Նախ նա տեղեկացրեց, որ աշխարհում չկա մի երկիր, որում ժողովրդի ինչ-որ մի մասը դժգոհություններ չունենա: Հետո ասաց, որ խնդիրն այդ դժգոհությունների արտահայտման մշակույթի մեջ է (դժգոհներին ցրելու մշակույթի մասին Ճշմարիտյանը խոհեմաբար լռեց.- խմբ): Հետո հավաստիացրեց, թե ՀՀ իշխանությունները հանգիստ են վերաբերվում խոսքի եւ մտքի ազատությանը: Վերջապես, չգիտես ինչու, հույս հայտնեց, որ երկխոսություն սկսելու՝ կոալիցիայի առաջարկն արդյունք կունենա եւ խնդիրները կլուծվեն «պառլամենտական ճանապարհով»: Անդրադառնանք Ֆիշերին: Վերջինս խուսափեց ՀՀ ներքաղաքական իրավիճակին գնահատականներ տալուց, բավարարվելով միայն քաղաքակիրթ երկխոսության եւ ժողովրդավարության մասին մի քանի ընդհանուր դատողություններով, եւ մի քանի խոսք էլ ասաց տարածաշրջանային համագործակցության, կայունության եւ եվրոինտեգրման թեմաներով: Ֆիշերը, մասնավորապես, նշեց, թե «Եվրամիության երկրների համար կարեւոր է, որ տարածաշրջանում առկա բոլոր հակամարտություններին համապարփակ լուծում տրվի»: Պատասխանելով հայ-թուրքական սահմանի բացման եւ դա՝ ԼՂ հակամարտության հետ կապելուն, Գերմանիայի դիրքորոշման մասին հարցին, ԳԴՀ փոխկանցլերն ասաց. «Եթե տարբեր կարգի պայմաններ դրվեն, նպատակը կհեռանա: Բաքվում խոսում են պայմանների մասին, Երեւանում խոսում են պայմանների մասին, ամեն տեղ խոսում են պայմանների մասին: Եթե ցանկանում ես խաղաղության հասնել, անհրաժեշտ է փոխզիջումների գնալ»: Գերմանացի հյուրը, ի տարբերություն Բաքվի, Երեւանում գտնվեց ընդամենը մի քանի ժամ: Այդ ընթացքում նա եղավ Ծիծեռնակաբերդում, ծաղիկներ դրեց Ցեղասպանության զոհերի հուշարձանին, հանդիպեց Ռ. Քոչարյանին, կարճատեւ բրիֆինգ տվեց լրագրողներին եւ մեկնեց Թբիլիսի: Տ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել