Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԻ ԽԱԽՏԵ՛Ք ԻՄ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ»

Հունիս 02,2004 00:00

«ՄԻ ԽԱԽՏԵ՛Ք ԻՄ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ» Ըստ Պարույր Հայրիկյանի, ինքն է սեպտեմբերի 21-ի իրական հեղինակը եւ ուզում է, որ Հայաստանի երեխաները այդ օրը ճանաչեն որպես ինքնորոշման օր: «Այսօր մենք մեր երեխաներին ոչնչացնում ենք, դարձնում ենք ստրկամիտ, ազատությունից պատկերացում չունեցող, անկախության չձգտող ազգի ներկայացուցիչներ»,- Երեխաների պաշտպանության օրվան նվիրված ասուլիսում երեկ ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Կարեւորելով նախ ազգային տոների մատուց ման ձեւը երեխաների դաստիարակության հարցում՝ Պ. Հայրիկյանը հայտնեց վերոնշյալ միտքը՝ վրդովված մայիսի 28-ի մասին խոսողների ձեւակերպումներից: «Հիմնական մասը խոսում է անկախությանը մեր ժողովրդի պատրաստ չլինելու մասին, եւ երեխաներն այդ ամենը լսում են: Ելույթ ունեցողների մեծ մասն ասում էր դա ե՛ւ 18 թվականի, ե՛ւ այսօրվա մասին: Դա հավասարազոր է նրան, որ մենք ոչխարների հավաքածու ենք: Այդպիսի վիրավորանք չի կարելի հասցնել ազգին, մանավանդ՝ ստելով: Գուցե դո՛ւ պատրաստ չէիր, սիրելի բարեկամ, դու քաղաքապետ էիր, դու կոմկուսի քարոզիչ էիր (Ըստ ամենայնի, նրա խոսքերը հասցեագրված էին Խոսրով Հարությունյանին, որը Մայիսի 28-ի առթիվ հայտնել էր այդ միտքը- Հ.Բ.), բայց ազգը պատրաստ էր: Այլապես Ստեփան Զատիկյանը չէր գնա գնդակահարության: 1918-ին անկախություն բառը, այո, շրջանառության մեջ չկար, կար ազգի գոյատեւման համար պայքար, բայց եկավ մի սերունդ, որ կարողացավ անցյալի բացը հաղթահարել, բացթողումը լրացնել իր ներդրումներով: Այսօր ամեն երեխա պետք է հպարտանա, որ Սովետական միության մեջ միակ ազգն էինք, որ կարողացանք հետեւողականորեն պայքարել մեր անկախության համար: Բոլոր ամերիկացիները պատրա՞ստ են լուսին թռչել: Բայց չենք կարող ասել, որ Ամերիկան պատրաստ չէ լուսին թռչել»: Բացի այդ, պրն Հայրիկյանը նաեւ կարեւոր ճշգրտումներ արեց. «Մայիսի 28-ը կոչում ենք Առաջին հանրապետության օր եւ անտեսում ենք, որ դա մեր անկախության օրն է: Սեպտեմբերի 21-ը կոչում ենք Անկախության օր, երբ սեպտեմբերի 21-ը մեր ինքնորոշման օրն էր: Թույլ տվեք հեղինակային իրավունքի տեսանկյունից ասել՝ «Անկախություն՝ հանրաքվեի ճանապարհով», դա իմ նախապատրաստած օրն է, անձամբ իմ, իմ ծրագիրն է՝ 1974-ից: Որեւէ մեկը թույլ կտա՞ր Արամ Խաչատրյանին ասել՝ «Սուսերով պարը» կոչեք «Ծաղիկներով պար»: Բա ինչո՞ւ եք ձեզ թույլ տալիս հակադրվել իմ նախաձեռնության իրական ձեւակերպմանը՝ ինքնորոշման օրը կոչելով Անկախության օր: Ինչպես եք թույլ տալիս երեխաներին ասել, որ մենք ունեցել ենք 2-րդ հանրապետություն, չէ՞ որ այդ 2-րդ կոչվածը ո՛չ պետութուն էր, ո՛չ էլ, առավելեւս՝ հանրապետություն»: Պարույր Հայրիկյանը մեր հասարակությանը եւ կրթական ոլորտի պատասխանատուներին հիշեցնում է, որ երեխաների պաշտպանության օրը մեզ պարտավորեցնում է՝ երեխային տալ բարոյակամային հատկանիշներ. «Կրթական համակարգն է բարեփոխվում՝ այդպես ներկայացվո՛ւմ է… այսօր Եվրոպայի, Ամերիկայի, գուցե Ռուսաստանի քաղաքացի ենք կրթում, բայց ոչ՝ Հայաստանի»: Ըստ ԱԻՄ նախագահի, մայիսի 28-ի կամ սեպտեմբերի 21-ի խորհուրդը ճիշտ ներկայացնելը ավելի մեծ նշանակություն ունի, քան 10 տարի գրքերով սովորեցրածը: «Այս տեսակետից մենք գտնում ենք, որ մեր երեխաների վիճակն անմխիթարական է, եւ որոշակի անելիք կա: Պատկերացրեք՝ ինչ վտանգավոր բան է կատարվում: Մեր սերունդը մեծագույն նվիրումների գնով կարողացավ որոշակի հաջողությունների հասնել, ի վերջո հասանք անկախության, ունեցանք սահմանադրություն եւ այլն, մշտապես պարտվող ազգից դարձանք իր ճակատագրին էական ներդրում ունեցող ազգ, եւ հանկարծ այս պայմաններում, երբ Հայաստանը բոլշեւիկյան լծից ազատագրված է, մեր ակադեմիական հրատարակություններում համատարած հանդիպում ենք 2-րդ, 3-րդ հանրապետություն ձեւակերպմանը»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել