Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԱՖԻԿ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՄՈՏԻՎՆԵՐԸ»

Հունիս 03,2004 00:00

«ՌԱՖԻԿ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՄՈՏԻՎՆԵՐԸ» «Արմենիա-Լադան» չէր կարող կլանել «Արարատ-Լադային» Երեկ թերթերից մեկում տպագրված մի հոդվածի համաձայն՝ նախորդ շաբաթ «Արմենիա-Լադա» ընկերության տնօրեն Ռ. Շահմուրադյանի վրա կատարված մահափորձը կապվում է «Արարատ-Լադա» ընկերության կամ նրա բաժնետեր Անդրանիկ Մանուկյանի հետ ունեցած տնտեսական հակասությունների հետ, այն պատճառաբանությամբ, որ մահափորձից ընդամենը մի քանի օր հետո «Արմենիա-Լադան» պայմանագիր պետք է կնքեր Տոլյատիի «Ավտովազի» հետ՝ փաստացի «Արարատ-Լադայի» ձեռքից առնելով այս բիզնեսը: Մահափորձը անընդունելի ենք համարում որպես ցանկացած պայքարի միջոց, սակայն, իմանալով «Արարատ-Լադայի» ավտոբիզնեսի ծավալները, կարծում ենք, որ եթե անգամ մահափորձը ընդունելի լիներ որպես տնտեսական պայքարի միջոց, դա կարող էր իրականացվել երկու կամ հինգ տարի առաջ, քանի որ առնվազն վերջին հինգ տարիների ընթացքում «Արարատ-Լադայի» մասնակցությունը այդ շուկայում կազմում է շրջանառության ոչ ավելի, քան 5%-ը: Համաձայնեք, որ այդ ծավալներով տնտեսական պայքար չեն մղում, առավել եւս՝ «կենաց-մահու» պայքար: Շրջանառության մեջ եղած վարկածը՝ «Արարատ-Լադայի» բաժնետոմսերի 49%-ի բաժնետեր ռուսական «Ավտովազ» ընկերության կողմից 1 շաբաթ հետո սպասվող վաճառքի մասին, քննադատության չի դիմանում, քանի որ «Արարատ-Լադան» փակ բաժնետիրական ընկերություն է, որը գրանցված է եւ գործում է ՀՀ օրենքներին համաձայն եւ որի բաժնետերերի ցանկում Ռ.Շահմուրադյանը չկա: Իսկ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված է, որ բաժնետերերից որեւէ մեկի կողմից բաժնետոմսերը օտարելու դեպքում մյուս բաժնետերերը եւ Ընկերությունը գնման նախապատվություն ունեն: Օրենքը մանրամասնորեն սահմանել է այդ գործառույթները եւ նշել, որ դրանք կատարում եւ հաստատում է ընկերության ժողովը: «Արարատ-Լադա» ՓԲԸ բաժնետերերի կողմից նման հարց չի բարձրացվել եւ նման որոշում չի կայացվել, իսկ ինչ վերաբերում է հոդվածի մեխը հանդիսացող մտքին՝ «Ավտովազի» նման մտադրության մասին, մեզ հայտնի է, որ կա «Ավտովազի» պաշտոնական պարզաբանումն այն մասին, որ նման հարց չի քննարկվել եւ «բաժնետոմսերի փաթեթի վաճառքի վերաբերյալ որոշում չի կայացվել»: Ուստի այս պայմաններում եւ «Արարատ-Լադայի» ներկա իրավակազմակերպչական ձեւի (ՓԲԸ) պայմաններում որեւէ երրորդ անձ, նաեւ Ռ.Շահմուրադյանը իրավունք եւ հնարավորություն չուներ գնելու «Արարատ-Լադայի» բաժնետոմսերից: Այսինքն, «Արմենիա-Լադայի» կողմից «Արարատ-Լադան» կլանելու մասին վարկածը եւ Անդրանիկ Մանուկյանի վերաբերյալ կասկածը անհիմն են եւ մտացածին: Բաժնետոմսեր օտարելու եւ Ռ. Շահմուրադյանի կողմից դրանք գնելու միակ հնարավոր տարբերակը կարող է տեղի ունենալ Ա.Մանուկյանի եւ մյուս բաժնետերերի համաձայնությամբ (ինչպես նախատեսված է օրենքում): Մենք տեղյակ ենք, որ 2001թ. Անդրանիկ Մանուկյանը ինքն է առաջարկել Ռ.Շահմուրադյանին գնել իր բաժնեմասը (համապատասխան իրավակազմակերպչական փոփոխությունների եւ մյուս բաժնետերերի հետ համաձայնության գալու ճանապարհով), սակայն վերջինս մի քանի ամիս քննարկելուց հետո որոշել է հրաժարվել առաջարկից: ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆ, ԱԺ պատգամավոր ՌՈՒԲԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆ«Արարատ-Լադա» ՓԲԸ նախկին գլխ. տնօրեն Հ. Գ. Մենք Անդրանիկ Մանուկյանի վաղեմի ընկերներն ենք եւ լավ ծանոթ ենք նրա առնվազն 15 տարիների տնտեսական եւ քաղաքական գործունեությանը եւ գտնում ենք, որ ոչ՛ իր մարդկային հատկանիշներով եւ ոչ՛ էլ տվյալ գործի տնտեսական փաստարկներով Անդրանիկ Մանուկյանը չէր կարող մասնակցություն ունենալ այդ զազրելի հանցագործությանը: Մենք ցավում ենք Ռ. Շահմուրադյանի հետ կատարվածի համար, առողջություն եւ ապաքինում ենք ցանկանում նրան եւ հավատում ենք, որ մեր իրավապահ մարմինները կբացահայտեն ճշմարտությունը: Նկարում այն փաստաթուղթն է, որով «Արարատ Լադայի» տնօրենների խորհրդի նախագահ Ա. Աֆանասեւը հերքում է, որ «Ավտովազին» պատկանող «Արարատ Լադա» ընկերության բաժնետոմսերի վաճառքի հարցը քննարկվել է տնօրենների խորհրդի նիստում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել