Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ ԿԱ-ՉԿԱ ԵՎՐՈՊԱԿԱՆ «ՊՈԼԻՏԲՅՈՒՐՈՅՈՒՄ»

Հունիս 22,2004 00:00

Ի՞ՆՉ ԿԱ-ՉԿԱ ԵՎՐՈՊԱԿԱՆ «ՊՈԼԻՏԲՅՈՒՐՈՅՈՒՄ» ԵԽԽՎ ամառային նստաշրջանի սկզբից առաջ երեկ ասուլիսներ էին հրավիրել ԵԽԽՎ նախագահ Փիթեր Շիդերը եւ Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնի հավակնորդ Թերի Դեւիսը: Եվ երկու ասուլիսներում էլ անդրադարձ եղավ հայաստանյան խնդիրներին: ԵԽԽՎ նախագահ Փիթեր Շիդերն ասուլիսում ներկայացրեց ամառային նստաշրջանի օրակարգը՝ կարեւորելով հատկապես Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի ընտրությունները: Հունիսի 23-ին Եվրախորհդի խորհրդարանական վեհաժողովի առջեւ ելույթ է ունենալու եւ հարցերին պատասխանելու է Ռոբերտ Քոչարյանը եւ այս ելույթին, ըստ պարոն Շիդերի, սպասում են՝ տեսնելու, թե ինչ է ասելու նա: «Ազատություն» ռ/կ-ի թղթակցի հարցին՝ ապրիլյան նստաշրջանում Հայաստանի վերաբերյալ ընդունված բանաձեւից հետո փոխվե՞լ է արդյոք իրավիճակը՝ ԵԽԽՎ նախագահը պատասխանեց, թե դիտարկման հանձնաժողովի համազեկուցող Յեժի Յասկերնիան օրերս է այցելել Հայաստան եւ պետք է պատրաստի նոր զեկույց՝ ոչ միայն ապրիլյան, այլ հունվարյան բանաձեւերի կատարման վերաբերյալ: Փիթեր Շիդերը նաեւ ասաց. «Պրն Յասկերնիայի հասցեին վերջերս բազմաթիվ քննադատական արտահայտություններ են հնչել, ինչն արդարացված չէ: Մենք սպասում ենք, որ պրն Յասկերնիան ներկայացնելու է իրապես անկախ զեկույց: Ես ճանաչում ու վստահում եմ նրան: Մեր հանդիպումները շարունակվում են բոլոր մակարդակներում՝ թե՛ Հայաստանի ընդդիմության, թե՛ իշխանության ներկայացուցիչների հետ, եւ ԵԽ-ում տիրապետում ենք ամենօրյա տեղեկատվության»: «Ա1+»-ին եթեր տրամադրելու առնչությամբ, որը եւս բանաձեւի պահանջ է, պարոն Շիդերն ասաց, թե անընդհատ շարունակվում է ՀՀ իշխանությունների հետ այս հարցով երկխոսությունը: ԵԽ Գլխավոր քարտուղարի թեկնածու Թերի Դեւիսը մինչ սեփական ասուլիսը հանդիպումներ էր ունեցել վեհաժողովի խմբերում: Լիբերալ, դեմոկրատական եւ բարեփոխումների խմբի անդամների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի պատվիրակության անդամ Շավարշ Քոչարյանը նրան հարցրել էր՝ կշարունակի՞ արդյոք մնալ Ղարաբաղի հարցով զեկուցող քարտուղար ընտրվելուց հետո: Թերի Դեւիսը հայտնել էր, թե ինքը կշարունակի խնդրի վերաբերյալ հայտնել իր կարծիքը, բայց ընտրվելուց հետո, բնականաբար, այլեւս չի լինի զեկուցող: Իսկ իր նախընտրական վերջին ասուլիսում Թերի Դեւիսը ներկայացրեց այն ծրագրերը, որոնք պատրաստվում է իրականացնել քարտուղար ընտրվելու դեպքում: «Առաջնահերթ խնդիր պետք է լինի Ստրասբուրգում Եվրոպայի Խորհուրդը դարձնել Եվրոպայի կենտրոն»,- ասաց նա: Թերի Դեւիսը խոստացավ, որ եթե ինքն ընտրվի՝ անկախ կլինի բոլոր կուսակցական եւ ազգային շահերից. «Ես կխոսեմ ամբողջ Եվրոպայի համար եւ կլինեմ անկախ»: Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնի հավակնորդը կարեւորեց նաեւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի բարեփոխման խնդիրը. «Մարդիկ սպասում են 6-7 տարի, թե երբ իրենց կլսի Եվրոդատարանը»: Ի պատասխան «Ա1+»-ի թղթակցի ասուլիսում տված հարցի՝ պրն Դեւիսը հայտնեց, թե արդեն ավարտել է իր զեկույցը Ղարաբաղի վերաբերյալ, սակայն ժամանակ չի ունեցել հանձնելու ԵԽԽՎ քարտուղարությանը: Ըստ նրա՝ փարիզյան հանդիպման ժամանակ շատ քիչ ժամանակ է եղել այդ հարցը մանրամասն քննարկելու համար, ավելի շատ ուրիշ խնդիրների վրա է ժամանակ ծախսվել, ուստի այդ զեկույցը կփորձեն քննարկել այս շաբաթվա ընթացքում՝ հունիսի 24-ին, քաղաքական հարցերով հանձնաժողովի նիստի ժամանակ: «Ազատություն» ռ/կ-ի հարցին՝ չէ՞ որ կարող է այնպես պատահել, որ մինչ հինգշաբթի տեղի ունենալիք այդ նիստն ինքն ընտրված լինի ԵԽ գլխավոր քարտուղար՝ պրն Դեւիսը պատասխանեց. «Ես քարտուղարությանն արդեն ասել եմ, որ շատ հնարավոր է՝ Լեռնային Ղարաբաղի մասին իմ զեկույցը ներկայացնեմ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում: Այդ դեպքում՝ քաղաքական հարցերի հանձնաժողովի նախագահը մինչ հոկտեմբեր կարող է Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչներին փոխանցել զեկույցի տեքստը: Եվ ինքս էլ կմասնակցեմ նախնական քննարկումներին: Ես այդ զեկույցի պատրաստման վրա շատ ժամանակ եմ ծախսել, շատ ջանքեր թափել, շատ մտածել զեկույցի բովանդակության մասին՝ ուստի շատ կուզենայի անձամբ ամփոփ տեսքի բերել եզրակացությունները: Բայց եթե նույնիսկ ընտրվեմ գլխավոր քարտուղար՝ դարձյալ շատ մեծ հետաքրքրություն եմ ունենալու Ղարաբաղի խնդրի նկատմամբ ու չեմ դադարեցնելու աշխատանքս այդ ուղղությամբ»: Թերի Դեւիսը հայտարարեց, թե հարկավոր է ընդհանրապես ուշադիր լինել Հարավային Կովկասի յուրաքանչյուր պետությունում կատարվող իրադարձությունների նկատմամբ՝ «օգտակար կլինի»: Ըստ https://home.a1plus.am-ի եւ «Ազատություն» ռ/կ-ի հաղորդումների՝ պատրաստեց Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ Հ. Գ. Նշենք, որ վաղը հայտարարված է Ռոբերտ Քոչարյանի, Վարդան Օսկանյանի եւ Եվրախորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանի ասուլիսը Ստրասբուրգում: Ռոբերտ Քոչարյանը նաեւ հանդիպումներ է ունենալու Փիթեր Շիդերի, Վալտեր Շվիմերի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Լուցիուս Վիլդհաբերի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել