Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր սկանդալներ Գյումրիում

Հունիս 22,2004 00:00

Նոր սկանդալներ Գյումրիում Գյումրիի Տիգրան Մեծի 5ա շենքի բնակիչները վտարման վտանգի տակ են. այստեղ բնակբաշխման հետեւանքով օրումեջ արտառոց պատմություններ են տեղի ունենում: Ինչպես տեղեկացրել էինք մեր հրապարակումներից մեկում, Գյումրիում քիչ չեն այն դեպքերը, երբ մեկ բնակարանի համար հայտնվել են երկու հավակնորդներ՝ օրինական եւ անօրեն: Հիշեցնենք, որ քաղաքապետարանից նախնական հատկացումներ ստացածներից շատերը մերժվել են մարզպետարանի կողմից, սակայն տվյալ դեպքում անօրեն ճանաչված բնակիչները չեն պատրաստվում բնակարանները զիջել օրինական տերերին: «Լինսի» հիմնադրամի միջոցներով վերանորոգված Տիգրան Մեծի 5ա շենքի պատմությունը փոքր-ինչ այլ է: Այս դեպքում «հազար տարվա» բնակիչներին մարզպետարանի պաշտոնյաները պարտադրում են ազատել իրենց տները: Բանն այն է, որ հիշյալ շենքը նախքան վերանորոգվելը բնակեցված է եղել կոմունալ կարգով, այսինքն մեկ բնակարանի տարբեր սենյակներ զբաղեցրել են տարբեր ընտանիքներ: Վերջիններս 1937-ից բնակվում են այստեղ եւ եղել են Գուլպայի ֆաբրիկայի աշխատակիցներ: Նրանցից շատերը հաշվառված են հիշյալ հասցեում: Բնակիչների ներկայացնելով, շենքի վերանորոգումից հետո պաշտոնական բացում են արել, իրենց էլ կանչել ու շնորհավորել են: Սակայն պատճառաբանելով, որ կան որոշակի տեխնիկական թերություններ, բնակեցում չի կատարվել: Հենց այդ ժամանակ էլ բնակբաշխումն անցել է մարզպետարանի «ձեռքը»: Այստեղ էլ օրումեջ փոփոխվող «տեսուչները» հակասական պատասխաններ են տվել. մեկը վստահեցրել է, որ բնակարանն իրենցն է, մյուսն էլ փոշմանել ու վտարման պահանջ է ներկայացրել: Սակայն սա չի խանգարել բնակիչներին իրենց նախկին տները «լցվելուն»: Չորս ընտանիքներից 3-ը, նկատի ունենալով, որ իրենց հետ նույն հասցեում բնակվող միայնակ ծերերը մահացել են, զբաղեցրել են նույն բնակարանի բոլոր սենյակները, ինչը եւ զայրացրել է մարզպետարանի աշխատակիցներին: Նրանց մեկնաբանությամբ, ՀՀ կառավարության 1995թ. թիվ 116 որոշումը, որը աղետի գոտում երկրաշարժի հետեւանքով վթարային դարձած եւ պետական միջոցների հաշվին ամրացված շենքերի բնակարանների բնակեցման մասին է, նման շռայլություն թույլ չի տալիս: Նրանք մասնավորապես վկայակոչում են հիշյալ որոշման 2-րդ կետը, որում ամրագրված է. «Սահմանել, որ ամրացված պետական եւ հանրային բնակելի ֆոնդի շենքերի բնակարանները հատկացվում են այդ բնակավայրում մշտապես բնակվող տվյալ շենքի նախկին վարձակալներին, եթե նրանց այլ բնակարաններ չեն հատկացվել կամ եթե ամրացման ընթացքում շենքի բնակարանների բնակելի սենյակների քանակը չի ավելացել կամ պակասել: Այն բնակարանները, որոնց բնակելի սենյակների քանակը ամրացման ընթացքում ավելացել է կամ պակասել, բաշխվում են՝ ելնելով վարձակալների կողմից նախկինում զբաղեցված սենյակների քանակից»: Բնակբաշխման մարզային հանձնաժողովի նախկին անդամ Հասմիկ Մելքոնյանն այս հարցում ուղղակիորեն մեղադրում է քաղաքապետարանին՝ բնակիչներին թյուրիմացության մեջ գցելու եւ «պետության հաշվին նրանց լավություն անելու մեջ»: Բնակիչների ասելով էլ, զայրանալու իրավունք միայն իրենք ունեն. ի՞նչ է նշանակում, օրինակ, 10 հոգանոց ընտանիքին երկու սենյականոց բնակարան հատկացնել կամ էլ՝ ինչպես առաջարկել է մարզպետարանի «իմաստուն» պաշտոնյաներից մեկը՝ դարձյալ կոմունալ ձեւով հարեւանների հետ համատեղ ապրել: «Սա Եվրախորհուրդ մտած պետությու՞ն է»,- հարց են տալիս բնակիչները, միաժամանակ հիշեցնելով մարզպետարանի աշխատակիցներին, որ կառավարությունը չի նախատեսել միայն մեծահարուստներին ու պաշտոնյաների՛ն բնակարաններ հատկացնել, ինչը եւ նկատվում է իրենց պարագայում: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել