Լրահոս
Օրվա լրահոսը

96-ի սեպտեմբերը…

Հունիս 22,2004 00:00

96-ի սեպտեմբերը… Սեպտեմբերը գալիս է ամեն տարի, որին սովորաբար հաջորդում են մյուս ամիսները։ Այդպիսին է կարգը երկիր-մոլորակի վրա, ու մոտ ապագայում փոփոխությունների հավանորեն չի ենթարկվի։ 96-ի սեպտեմբերը Հայաստանում ուրիշ էր եւ ոչ միայն այն պատճառով, որ լարված էր։ Երեւանում բացվեց շախմատի 32-րդ համաշխարհային օլիմպիադան, կազմակերպված էր փայլուն՝ մի շարք կանխատեսումներին հակառակ։ Մարզահամերգային համալիրի դահլիճը մասնակիցներին ու այցելուներին «մեկուսացնում էր» փողոցից ու հրապարակներից, որտեղ տեղի էր ունենում սեպտեմբերի մյուս կարեւոր իրադարձությունը՝ ընտրությունները։ Հանրապետությունը նախապատրաստվում էր նախագահական ընտրությունների։ «Հանրապետությունը» իր մեթոդներով ու ոճով, ընդդիմությունը՝ իր։ Եվ ամենակարեւոր հաղթանակն արդեն ակնհայտ էր օրեր առաջ՝ հաղթահարվեց ժողովրդին համակած զանգվածային անտարբերության համախտանիշը։ Իսկ դա նշանակում է, որ այսուհետ նա չպիտի հանդուրժի իշխանությունների կամայականությունը՝ որ օղակներից էլ այն լինի։ Այս ընտրարշավը առանձին հետազոտության նյութ կհանդիսանա, որով հավանորեն կզբաղվեն գիտնականները։ Սակայն պետք է արձանագրել, որ քարոզչությունը պրոֆեսիոնալ մակարդակով չկատարվեց։ Քարոզչությունը երբեք գովեստի խոսք չէ։ Այն պարտադրվող հանրահավաքներ չէ եւ կամ անձնական վիրավորանք։ Բուհերում ուսանողներին հեռացման սպառնալիքով պարտադրում էին մասնակցել նախագահի կամ «Շամիրամի» հանրահավաքին, դպրոցներում դադարեցնում էին դասերը՝ նույն նպատակով։ «Կոմունիստական» պրոֆեսորառեկտորական ապարատը հանկարծ դարձել էր ազգային-անկախական գաղափարների պաշտպան։ Հանրահավաքները ոչ հազվադեպ թողնում էին հակառակ ազդեցությունը։ Միամտություն կլիներ կարծել, թե դեկանները, ռեկտորները դա չեն հասկանում. նրանք պարզապես «թքած ունեին», ձեւ է՝ ցույց տալու համար պետք է անեին։ Նույնը՝ անհրաժեշտության դեպքում կանեն ուրիշի համար։ Այդ նույն ամսին Երեւան ժամանեց Շառլ Ազնավուրը, որի համերգներին սպասում էինք 88-ից սկսած։ Շառլը երգեց 96-ի սեպտեմբերին, ու մենք իմացանք, որ տոմսի գինը լինելու է 75-150 դոլար ու չպիտի կարողանանք ներկա լինել համերգին։ Այս ամսին եղան նաեւ այլ քիչ կարեւորության միջոցառումներ, որոնք մնացին ստվերում։ Այդպիսին է կյանքի օրինաչափությունը՝ իրադարձությունները դասակարգվում են ըստ կարեւորության։ 96-ի սեպտեմբերը հագեցած էր։ Ցավոք, շատերը այս լարված սեպտեմբերը համարեցին վերջին ամիսը՝ ընդհանրապես… ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ «Առավոտ», 24 սեպտեմբեր, 1996 թ. (Երիտասարդական ներդիր)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել