Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ ԴԱՏԱՐԱՆԸ ԱՋԱԿՑԵՑ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ

Հունիս 23,2004 00:00

ԻՆՉՈ՞Ւ ԴԱՏԱՐԱՆԸ ԱՋԱԿՑԵՑ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ Հունիսի 9-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում սկսվել էր «Հետաքննող լրագրողներն ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի» գործի քննությունը: Կազմակերպության նախագահ Էդիկ Բաղդասարյանը 2003թ. հոկտեմբերին դիմել էր քաղաքապետարան՝ խնդրելով թույլ տալ ծանոթանալ Ազգային օպերայի եւ բալետի պետական թատրոնի տարածքի հանրային այգում սրճարաններ կառուցելու համար 1997-2003 թթ. կատարված հողհատկացումների մասին որոշումներին: «Ձեզ անհրաժեշտ է ճշտել՝ ի՞նչ կոնկրետ տեղեկություններ եք ակնկալում ստանալ Երեւանի քաղաքապետարանից»,- եղել էր քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սուրեն Կոշեցյանի պատասխանը: Դատական առաջին նիստն ընդմիջվեց, որովհետեւ քաղաքապետարանի ներկայացուցիչ Կարինե Դանիելյանը մեկ շաբաթ ժամանակ խնդրեց Է. Բաղդասարյանի հարցին պատասխանելու հնարավորությունն ուսումնասիրելու համար: Դատական նիստից անմիջապես հետո կազմակերպությունը Երեւանի քաղաքապետարան ուղարկեց տեղեկություն ստանալու հարցման լրացումը. «Խնդրում ենք դատարանի սահմանած մեկշաբաթյա ժամկետում տրամադրել Ազգային օպերայի եւ բալետի պետական թատրոնի՝ Մաշտոցի պողոտայի եւ Թումանյան փողոցի, Մաշտոցի պողոտայի եւ Սայաթ172Նովայի փողոցի, Սայաթ172Նովայի եւ Տերյան փողոցների, Տերյան եւ Թումանյան փողոցների խաչմերուկներով սահմանափակված տարածքների ներսի հատվածում գտնվող սուբյեկտների ցանկը, դրանց հողհատկացման վերաբերյալ որոշումները եւ հիմքերը»: Թեեւ մինչեւ դատական հաջորդ նիստը՝ հունիսի 21-ը, լրացել էր քաղաքապետարանի ներկայացուցչի խնդրած եւ դատարանի նշանակած մեկշաբաթյա ժամկետը, քաղաքապետարանն այդպես էլ չտրամադրեց պահանջված տեղեկությունները, ոչ էլ որոշում կայացրեց դրանց «տրամադրման հնարավորության» մասին: Հունիսի 21-ին դատական երկրորդ նիստի ժամանակ քաղաքապետարանի ներկայացուցիչ Կ. Դանիելյանը հետին թվով` 16.06.04 թվագրված մի գրություն ներկայացրեց քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ա. Սարգսյանի ստորագրությամբ, որտեղ նշված էր. «Ձեր կողմից ներկայացված դիմումից պարզ չէ, թե կոնկրետ որ սուբյեկտների մասին եք ակնկալում տեղեկություններ ստանալ: Նշված պայմաններում Երեւանի քաղաքապետարանը չի կարող Ձեզ որեւէ տեղեկատվություն տրամադրել»: Ինչպես դատական առաջին, այնպես էլ երկրորդ դատական նիստի ժամանակ քաղաքապետարանի ներկայացուցիչը պնդեց, թե «կոնկրետ սուբյեկտների անունները նշելու դեպքում տեղեկատվությունը կտրամադրվի»: «Հետաքննող լրագրողներ»-ի փաստաբան Արա Զոհրաբյանն առարկեց` ասելով, թե կազմակերպության հարցումը առավել քան հստակ է, հարցման մեջ անգամ նշված են այն փողոցները, որոնց ներսում գտնվում են այդ տարածքները եւ դրանցում կառուցված սրճարանները: Բացի այդ, կազմակերպությունն իրավունք ունի հարցումը կատարել ինչպես ըստ սուբյեկտների, այնպես էլ ըստ տարածքների: Քաղաքապետարանի չհիմնավորված համառությունը կոտրելու համար Արա Զոհրաբյանը դատարանում հարցրեց. «Ինչպե՞ս եւ ու՞մից կարող էր դիմող կողմը այդ տարածքի սուբյեկտների վերաբերյալ տեղեկություններ ստանալ, եթե ոչ քաղաքապետարանից, այն է` այդ հողամասերի ճակատագիրը տնօրինող պետական մարմնից»: «Հարցրեք կոնկրետ տնտեսվարող սուբյեկտներից»,- ասաց քաղաքապետարանի իրավաբանը: Քաղաքապետարանի ներկայացուցչին «օգնության հասավ» դատավոր Գայանե Կարախանյանը. «Ինչո՞ւ չեք դիմում անշարժ գույքի պետական կադաստր: Դիմեք, անունները ճշտեք, հետո կոնկրետ անուններով դիմեք քաղաքապետարան»: Իր ավարտական խոսքում փաստաբանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ «պատասխանող կողմը չկարողացավ ապացուցել իր անգործության հիմքում ընկած հանգամանքները, չապացուցեց նաեւ, որ դիմող կողմի նմանօրինակ պահանջը հնարավոր չէ կատարել այդ տեղեկատվության բացակայության պատճառով»: «Քաղաքապետարանը ուղղակիորեն խուսափում է տեղեկություններ տրամադրել, ընդ որում` չի նշում որեւէ իրավական ակտ, որի հիման վրա մերժում է տեղեկության տրամադրումը»,- դատավորին դիմեց Արա Զոհրաբյանը: Դուրս գալով խորհրդակցական սենյակից` դատավոր Գայանե Կարախանյանը հրապարակեց իր վճիռը. ««Հետաքնող լրագրողների ընկերակցություն» ՀԿ դիմումը ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնատար անձի անգործությունը վիճարկելու մասին` մերժել»: ԼԻԱՆԱ ՍԱՅԱԴՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել