Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊՈՒՏԻՆԻ ՕՁԻՔԻՑ ԲՌՆԵԼ ԿՏԱՆՔ»

Հուլիս 21,2004 00:00

«ՊՈՒՏԻՆԻ ՕՁԻՔԻՑ ԲՌՆԵԼ ԿՏԱՆՔ» «Կուշտը սովածին մանր է բրդում»՝ խնայբանկում բնակչության ավանդների հազար ռուբլու դիմաց՝ 30 դոլարին համարժեք գումար վերադարձնելու ԱԺ-ում հնչած առաջարկին երեկ այսպես արձագանքեցին «Հայկական ժողովրդական ճակատ», «Հայկանդուխտ» եւ մի շարք այլ հ/կ-ների ղեկավարները: Ասուլիսում նրանք նաեւ սեփական առաջարկը հնչեցրին: Ըստ այդմ՝ մինչեւ 3000 ռուբլի ավանդի դիմաց վերադարձնել նույնքան ԱՄՆ դոլար, մինչեւ 10.000-ի դեպքում՝ 3000-ից ավելի, յուրաքանչյուր 1000 ռուբլու դիմաց՝ 200-ական դոլարի չափ: 10.000 ռուբլու դիմաց վերադարձման ենթակա գումարը կազմում է 4400 դոլար: 10 հազար ռուբլուց ավելի ավանդներն առաջարկվում է փոխհատուցել 25-ից մինչեւ 3 տոկոս հարաբերությամբ: Նման «խտրականությունը», ըստ նախաձեռնության հեղինակների, այսպես է բացատրվում՝ «Փոքր գումարները մարդիկ քրտինքով են վաստակել», մնացածը դասվում է այն ժամանակ «գռփածների» շարքին: Այժմ նախաձեռնողներն ընդամենը 1200 դիմում-բողոք ունեն խնայբանկերում ավանդներ պահ տված անձանցից: Մինչեւ աշուն ակնկալում են դիմումների հնգապատկում, որից հետո առաջարկը կներկայացվի պատկան մարմիններին: Անտեսելու դեպքում սպառնում են հարցը լուծել միջազգային մակարդակով: «Պարսկաստանի շահը Ռուսաստանի քթից հանեց 5 մլրդ ոսկին: Խրուշչովին տարան Եվրադատարան ու իրենց փողը ձեռքից առան: Մենք էլ կգնանք ու Պուտինի օձիքից բռնել կտանք: Թե որ Ռուսաստանն էդ փողերը տվել է, թող գտնեն՝ որտեղ է շան գլուխը թաղված»,- բարկությունը պարպեց «Հայկական ժողովրդական ճակատի» ղեկավար Անդրանիկ Զեյթունցյանը: Նրան բարկացրել է նաեւ գյումրեցի եւ ՕԵԿ-ցի Սամվել Բալասանյանի՝ Գյումրիի 58 թաղամասում արած հայտարարությունը, թե՝ չեք ուզում՝ 3 տոկոսն էլ չենք տա: «Դու ժողովրդի ծառան էիր, հիմա ժողովրդի՞ն ես ծառա սարքել»,- հռետորական քար նետվեց Ս. Բալասանյանի բոստանը: Իսկ ինչպե՞ս են հասարակական պահանջատերերը Հայաստանի աղքատիկ բյուջեի պայմաններում պատկերացնում հարցի լուծումը՝ «Մեր գործը չի, թե որտեղից պետք է տան: Փողը գրպանելու համար ռեֆորմ արեցին, չէի՞ն մտածում՝ որտեղից են տալու: Իրենց գրպանած փողերը գրպաններից թող հանեն տան»: Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել