Լրահոս
Օրվա լրահոսը

Հյուսիսային պողոտան Թամանյանի նախագծածը չէ

Հուլիս 22,2004 00:00

Հյուսիսային պողոտան Թամանյանի նախագծածը չէ Վստահեցնում է Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը «Սա այն Հյուսիսային պողոտան չէ, որ նախագծել է Թամանյանը,- «Առավոտին» իր տեսակետը հայտնեց պրն Մինասյանը։- Տարօրինակ է, սակայն՝ փաստ, որ այդ պողոտայի համալիր ծրագիր չկա, այն առանձին ծրագրերի համադրում է միայն։ Նախագիծը, ըստ Թամանյանի, այնպիսին էր, որ պողոտան պետք է պատվիրված լիներ պետության կողմից։ Բնականաբար, պատկերը այդ դեպքում այլ կլիներ։ Բուլվարային փողոցի փոխարեն, ուր նախատեսված էր ճեմուղիներ, կանաչ գոտու գերակայություն, հանգստի անցկացումն ապահովող վայրեր, այժմ կունենանք կոմերցիոն նպատակներով կառույցներ՝ կառուցապատողի ճաշակի համաձայն։ Նախագծված էր, որ Աբովյան փողոցից պիտի բացվեր Օպերան եւ 4-5 հարկանի շենքերը դրան չէին խանգարի։ Սակայն դրանք հասել են մինչեւ 9 հարկի եւ հայտնի չէ, թե արդյունքում ինչ ենք ունենալու։ Բացի այդ, պողոտայի նախագծված լայնությունը մոտ 48 մետր պետք է լիներ, իսկ այժմ այն կկազմի 24-27 մետր։ Հասկանալի է, որ մասնավոր կառուցապատողը ցանկանում է օգտագործել տարածքի յուրաքանչյուր հատվածը։ Այդ դեպքում մենք ստանալու ենք բոլորովին ուրիշ Հյուսիսային պողոտա»։ ԾԻԳ-ի անընդհատ փոփոխվող տնօրենների մասին պարոն Մինասյանը պարզաբանեց, որ իրացման խնդիրներով զբաղվող կազմակերպությունները միշտ էլ վտանգի տակ են եղել։ Չնայած բնակիչների բողոքները հիմնականում իրավացի են, սակայն կան նաեւ բազմաթիվ դեպքեր, որոնք դժվար լուծելի են եւ առհասարակ տարողունակ աշխատանք են պահանջում։ Քաղաքի գլխավոր ճարտարապետի նոր նշանակման մասին մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ Նարեկ Սարգսյանը փաստացի ղեկավարում էր այդ ԾԻԳ-ը եւ անգամ փոքրիկ հարցերի մեջ նա այնքան էր ներգրավված, որ այդ նշանակումը անսպասելի չէր։ «Իսկ գլխավոր ճարտարապետի պաշտոնը, որպես քաղաքապետի տեղակալ, առաջացել է 90-ականներին,- պարզաբանեց նախկին գլխավոր ճարտարապետը,- քանի որ անցումային շրջան էր եւ անօրինականությունների դեմ պայքարն ավելի արդյունավետ կազմակերպելու համար Համբարձում Գալստյանը անհրաժեշտ համարեց այդ։ Սակայն դա չկանոնակարգվեց օրենքով, այլ թողնվեց քաղաքապետի հայեցողությանը։ Ես գտնում եմ, որ գլխավոր ճարտարապետի ու ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի պաշտոնը պետք է կենտրոնանա մեկ մարդու մեջ»։ Մկրտիչ Մինասյանի կարծիքով, այսօրվա իրականության մեջ թերեւս անհրաժեշտ է ՀՀ նախագահի կոշտ միջամտությունը, որպեսզի կանաչ տարածքները վերականգնվեն, քանի որ դրանց կորուստը լուրջ վտանգ է ներկայացնում։ Կառուցապատողներին պետք է հատկացնել քաղաքի շրջակայքի ոչ կանաչապատ հողերը։ Ճարտարապետը ցավով անդրադարձավ, որ մեզանում եթե մարդը փող ունի, մի քիչ էլ՝ ծանոթ, կարող է գալ, ասել՝ այս շենքը վատ վիճակում է, եկեք քանդենք, լավը շինենք։ Եթե այսկերպ շարժվենք, բոլորովին ուրիշ քաղաք կունենանք։ Ռ. ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել