«Ես երբեք դատից առաջ սպասելիքների մասին չեմ խոսում, որովհետև՝ ա) դա անիմաստ է, բ) ոչ մի օգուտ չի տալիս, այս պարագայում եւս, մանավանդ նախորդ դատից հետո»,- «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Հայկ Մամիջանյանը։
Նա ընդգծեց, որ Հայաստանում դատարանների անկախություն չկա, քանի որ իշխանությունն ուզուրպացված է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Մամիջանյանը նշեց, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործը «փուչ է» և օգտագործվում է ԲՀԿ առաջնորդի վրա ճնշում գործադրելու համար։
ՀՀԿ գործադիր մարմնի անդամի խոսքով՝ այս և մյուս բոլոր քաղաքական գործերը կառավարվում են մեկ կետից, և եթե նույնիսկ որևէ փուլում այս գործը կարճվի, իշխանությունները նոր մեղադրանքներ ու շինծու գործեր կհորինեն։
Կարդացեք նաև
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի նկատմամբ հնարավոր նոր մեղադրանքներին՝ Մամիջանյանը նշեց, որ նման շինծու գործերի թիվն արդեն հասնում է տասնյակների, սակայն մանրամասներին չանդրադարձավ՝ թողնելով դա պաշտպանական թիմի հայեցողությանը։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































