Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆՏՐՎԵՑ

Հոկտեմբեր 16,2004 00:00

ԸՆՏՐՎԵՑ ԵՐԵՎԱՆԻ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆ Ժյուրիին ամենաշատը նրա պորտապարն էր դուր եկել Հոկտեմբերի 14-ին կայացավ «Միսս Երեւան-2004» գեղեցկության եւ նրբագեղության մրցույթ-փառատոնը: Թեեւ մամուլի ասուլիսի ժամանակ «Միսս Հայաստան» գործակալության նախագահ Կարեն Արիստակեսյանը խոստացել էր, որ բոլոր ԶԼՄ-ներին թույլ կտան նկարահանումներ անել ու շփվել գեղեցկուհիների հետ, բայց դեռ միջոցառումը չսկսած՝ հայտարարեցին, որ այդ իրավունքները պատկանում են միայն Հանրային հեռուստաընկերությանը: Պրն Կ. Արիստակեսյանը մինչեւ մրցույթը հույս էր հայտնել նաեւ, որ մասնակիցներից յուրաքանչյուրը կարող է ընդարձակել ժյուրիի պատկերացումները գեղեցկության եւ նրբագեղության մասին: Թե ինչքանով ընդարձակվեցին դրանք մրցույթից հետո, դժվար է ասել, բայց մասնակիցների քայլվածքից ու շարժուձեւից դժգոհ էին հանդիսատեսն ու դեֆիլեի մասնագետները: Ժյուրիի կազմում էին նաեւ Երեւանի փոխքաղաքապետ Արման Սահակյանը, երգչուհի Քրիստինե Պեպելյանը, Պարարվեստի ուսումնարանի տնօրեն Վիլեն Գալստյանը, «Միսս Անդրկովկաս-2003» եւ «Միսս Թբիլիսի-2002»-ի հաղթողները եւ այլք: Ժյուրիի անդամների մեծ մասը միջոցառման ընթացքում ավելի շատ խոսում էր բջջայիններով, քան հետեւում գեղեցկուհիների պահվածքին: Կ. Արիստակեսյանը նշեց, որ մասնակցության հայտ է ներկայացրել 70 աղջիկ, որից ընտրվել է 12-ը: Երկու մասնակից էլ՝ Իզաբելլա Ղանթարջյանն ու Լիլիթ Թագեսյանը ընտրվել են արտամրցութային կարգով: Սկզբում աղջիկները բեմ դուրս եկան գիշերազգեստով, հետո՝ լողազգեստով, տարազով ու երեկոյան զգեստով: Ողջ միջոցառման ընթաքում ցուցադրվեցին «մասնակիցների կյանքից դրվագներ», բայց դրանք ավելի շուտ նկարահանումներ էին «Արարատ» հյուրանոցի լողավազանում: Կարելի է ենթադրել, որ լողը բոլոր աղջիկների կենսակերպի ամենակարեւոր մասն է: Չնայած միջոցառման ժամանակ երգեցին հայկական էստրադայի ներկայացուցիչներ Ֆորշը, Անդրեն, Արսեն Սաֆարյանն ու Արսեն Գրիգորյանը, բայց ընդհանուր առմամբ, հավանաբար «Կլոն» ֆիլմի ազդեցությամբ, գերիշխում էր արաբական երաժշտությունը: Ուստի անգամ տարազով ներկայանալիս աղջիկները ստիպված եղան «պորտապարային» շարժումներ անել: Կ. Արիստակեսյանը հավաստիացրեց, որ գնահատելիս հաշվի են առել աղջիկների ոչ միայն արտաքին տվյալները, այլեւ ինտելեկտը: Իրոք, նման մրցույթներում ամենակարեւորը ինտելեկտն է: Օրինակ, «Միսս հմայք» տիտղոսին արժանացած Քրիստինե Գուլյանին, չգիտես ինչու, ստիպում էին ռուսերեն խոսել, թեեւ նա շատ լավ հասկանում եւ խոսում էր հայերեն: Իսկ «Միսս Երեւան-2004» Ռիմա Եղիշյանը հաղորդավարների հարցին՝ ինչպիսի՞ն պետք է լինի իսկական տղամարդը, երկար ժամանակ պատասխան փնտրելուց հետո ասաց՝ «դե, անկեղծ լինի, բարի, գեղեցիկ», քիչ հետո կարեւորեց նաեւ փողը. «էդ էլ ա կարեւոր, բա ո՞նց»: «Միսս Հայաստան-2001»-ի հաղթող Իրինա Թովմասյանի կարծիքով, միշտ էլ նման մրցույթներում ընդգրկվում են այնպիսի մասնակիցներ, որոնք ոչ մի տվյալով չեն համապատասխանում ընդունված չափանիշներին. «Մասնակիցների մոտ շատ թերություններ նկատեցի ու հասկացա, որ պետք է քայլվածքի դասընթացներ անցնեին ու փորձ ձեռք բերեին: Ամեն դեպքում, եթե նրանց սկզբում տեսնեիք ու հիմա՝ մեծ տարբերություն կզգայիք»: Ի դեպ, մասնակիցներին շուրջ կես ամիս քայլվածքի ու պարի դասընթացներ էին տվել մոդելային բիզնեսի ներկայացուցիչ Վիկա Պողոսյանն ու «Միսս Հայաստան-1997»-ի Անգելինա Բաբաջանյանը: «Միսս մամուլ» տիտղոսին արժանացավ Ինեսա Թադեւոսյանը, «Միսս պատանեկություն» եւ «Միսս Նոր ալիք» դարձան Ի. Ղանթարջյանն ու Լ. Թագեսյանը, վերջինիս նաեւ մրցանակ շնորհեց «Եվրոմոթորս» ընկերության ներկայացուցիչը: Ըստ Կարեն Արիստակեսյանի՝ մրցույթի արդյունքները որոշելիս ժյուրին ոչ մի տարաձայնություն չի ունեցել. «տարաձայնություններ լինում են այնտեղ, որտեղ բաժանելու բան կա, մենք բաժանելու ոչինչ չունեինք»: Բայց Ք. Պեպելյանն ասաց, որ իր ընտրած մասնակիցը տեղ չգրավեց, թեեւ խոստովանեց, որ այս ամենին ոչ պրոֆեսիոնալ է վերաբերվել՝ «ես գնահատում էի միայն ժպիտն ու աչքերը»: Այսպիսով, 4-րդ տեղը գրավեց Աննա Աբրահամյանը, 3-րդ տեղը՝ Մերի Եսայանը, 2-րդ եւ 1-ին տեղերը գրավեցին Ի. Թադեւոսյանն ու Կարինե Գայամյանը: Հաղթողին՝ Ռ. Եղիշյանին 1000 դոլարին համարժեք դրամ շնորհեց մրցույթի համակազմակերպիչ Երեւանի քաղաքապետարանը, նույնքան էլ՝ «Կոնվերս» բանկը: Պարոն Արիստակեսյանը նշեց, որ հաղթողը բոլոր տվյալներն ունի՝ միջազգային մրցույթներին մասնակցելու համար: Դահլիճն ակնհայտորեն այս կարծիքը չէր կիսում: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել