Լրահոս
Օրվա լրահոսը

ՋՆՋԵՔ՝

Հոկտեմբեր 26,2004 00:00

ՋՆՋԵՔ՝ ՆՈՐ ՕՐԵՆՔ ԳՐԵՔ ԵԽԽՎ հոկտեմբերի 7-ին ընդունված բանաձեւով Հայաստանի համար պարտավորություն սահմանվեց. Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ համագործակցությամբ՝ մինչեւ 2005-ի մարտը պետք է վերանայվի «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքը: Նպատակը 1405 բանաձեւում հստակ է նշված՝ հավաքների ազատությունը գործնականում երաշխավորելու նկատառումով, օրենքն ամբողջովին պետք է համապատասխանեցվի եվրոպական չափանիշներին։ Ասել է, թե 2004-ի ապրիլի 28-ին ընդունված այս օրենքն այժմ չի համապատասխանում այդ չափանիշներին՝ ինչքան էլ մեր պաշտոնատարները պնդեն հակառակը: Միջազգային կառույցները դեռ ապրիլից էին քննադատում այս օրենքը: Արդեն իսկ հրապարակված են ԵԱՀԿ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի երկուական եզրակացություններ, շուտով հայտնի կդառնան նաեւ հինգերորդի մանրամասները: Մեջբերենք որոշ գնահատականներ այդ ծավալուն փաստաթղթերից: Ապրիլի 9-ին հրապարակված իր մեկնաբանություններում Վենետիկի հանձնաժողովի փորձագետ Ֆինոլա Ֆլանագանը հիշեցնում է. «Ժողովների եւ խոսքի ազատության (որը սերտ կապված է ժողովների անցկացման ազատության հետ) իրավունքները ժողովրդավարության հիմնարար իրավունքներից են, այդ իսկ պատճառով այդ իրավունքները չպետք է իրականացվեն սահմանափակ ձեւով: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարզել է, որ խաղաղ ժողովներին մասնակցելու իրավունքն այնքան կարեւոր է, որ այն չի կարող որեւէ կերպ սահմանափակվել այնքան ժամանակ, մինչեւ մարդիկ չկատարեն որեւէ դատապարտելի արարք»: Իսկ հետո անդրադառնալով մեր օրենքին՝ Վենետիկի հանձնաժողովի փորձագետը նշում է, թե այն «ամբողջությամբ խստորեն սահմանափակում եւ պետական իշխանությունների կարգավորմանն է ենթարկում այս դասական ազատությունները»: Հավելում է՝ «Ավելին, օրենքի նախագծի խճճվածությունը եւ հիմնական գաղափարների ոչ հստակ ձեւակերպումները շատ դժվար հասկանալի են դարձնում, թե հատկապես ում եւ ինչ միջոցառմանն են վերաբերում սահմանափակումները»: Անդրադառնալով օրենքի այն հոդվածին, որում թվարկվում են ցույցերի համար արգելված վայրերը՝ փորձագետը եզրակացրել է, թե բացարձակապես արգելվում է ցանկացած չափի հրապարակային միջոցառումների անցկացումը եւ կազմակերպումը «սահմանված վայրերի ցուցակում, որն այնքան ընդարձակ է, որքան հավաքվելու իրավունքի սահմանափակումը»: Բազմաթիվ են քննադատված հոդվածները՝ ե՛ւ, որ օրենքով չափազանց մեծ պատասխանատվություն է դրվել «կազմակերպիչների» վրա, ե՛ւ, որ ընթացակարգային «ծանր պահանջները եւ պարտադիր ժամանակային սահմանափակումները», նաեւ նախատեսված «մանրակրկիտ պահանջներն այնքան են, որ շատ մարդկանց գրեթե թույլ չեն տա կազմակերպել հրապարակային միջոցառում»: Այս ամենից ելնելով՝ Ֆինոլա Ֆլանագանը նշում է, թե օրինագիծը «կարիք ունի լուրջ վերանայման՝ հատուկ ուշադրություն դարձնելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հոդված 11-ում ամրագրված ժողովների կազմակերպման եւ անցկացման ազատության պահպանմանը»: Վենետիկի հանձնաժողովի մեկ այլ փորձագետ՝ Ջորջիո Մալինվերին ապրիլի 8-ին հրապարակած իր նկատառումներում նշում է, թե օրինագծի հեղինակները կարծես ցանկացել են «ավելի դժվար կամ անհնարին դարձնել ցույցեր անելը եւ հնարավորին չափ շատ հուսալքել քաղաքացիներին ցույցեր կազմակերպելու առումով»: Նրան այս համոզմանն է բերել մասնավորապես օրենքի 11 հոդվածը, որով սահմանվում է ցույց անցկացնելու համար իրազեկման բովանդակությունը եւ ներկայացնելու կարգը. «Սկսում ենք կասկածել, թե արդյոք օրինագիծը համապատասխանո՞ւմ է ցույցերի ազատությունը երաշխավորող ՀՀ Սահմանադրությանը, ինչպես նաեւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային»: Եվ օրենքի առանձին դրույթներ քննադատելուց հետո փորձագետը եզրակացնում է, թե «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրինագիծը պետք է պարունակեր «միայն անհրաժեշտ եւ բավական ընդհանուր բնույթի դրույթներ եւ ոչ մի դեպքում չպետք է նախատեսեր ծայրահեղ ձեւակերպումներ»: Նա եւս անհրաժեշտ է համարել էականորեն վերանայել օրինագիծը: Ուշագրավ են նաեւ ԵԱՀԿ փորձագետների եզրակացությունները: Ջերեմի Մաքբրայթն ապրիլի 4-ին նշել է, թե «օրենքի նախագծից պարզ է դառնում, որ որոշակի՝ ոչ այնքան բարենպաստ վերաբերմունք կա ցույցերի նկատմամբ, եւ օրենքի նախագիծն ընթերցողի մոտ տպավորություն է առաջանում, թե ցույցեր անցկացնելու համար պահանջվում է դրանք հիմնավորել»: ԵԱՀԿ փորձագետն անհրաժեշտ է համարել, որ օրենքում արտացոլված լինի այն մոտեցումը, «որ ցույցերն իրավաչափ գործողություններ են, որոնք իսկապես առողջ ժողովրդավարության անբաժանելի տարրեր են»: Նույն փորձագետն ապրիլի 18-ին մեկ այլ եզրակացություն հրապարակեց՝ օրինագծի արդեն վերանայված տարբերակի վերաբերյալ, որում դարձյալ նշված էր, թե այն շարունակում է խնդրահարույց մնալ իրազեկման հարցում իշխանությունների որդեգրած դիրքորոշման մասով: Այն է, քանի որ օրենքը պահանջում է առնվազն 3 օր առաջ նախապես գրավոր իրազեկում ներկայացնել, ըստ փորձագետի՝ դրա բացարձակ բնույթը «կհամարվի անհամաչափ միջամտություն հավաքներ անցկացնելու ազատությանը», եւ մասնավորապես՝ այս պահանջի դեպքում «անհնար կլինի բողոքի ակցիա կազմակերպել այնպիսի հարցի կապակցությամբ, որը հանկարծակի է ծագել, եւ որի առնչությամբ 3 օր անցնելն անխուսափելիորեն անիմաստ կդարձնի բողոքի ողջ ակցիան»: Ըստ Ջերեմի Մաքբրայթի՝ անգամ վերանայված տեսքով օրենքը շարունակում է պահպանել այն կառուցվածքը, թե հավաք անցկացնելու համար անհրաժեշտ է հիմնավորել դրա անհրաժեշտությունը. «Եվ չի գործում այն մոտեցումը, որի դեպքում հակառակ կողմը ստիպված կլիներ ապացուցել, թե ինչու չի կարելի անցկացնել հավաք»: Փորձագետների այս բոլոր եզրակացությունները բերում են մի համոզման՝ կարկատելով, տեղ-տեղ փոփոխություններ անելով՝ չի փոխվի այս օրենքի հիմնական առանցքը, որ հավաքների արգելման գաղափարն է: Եվ ավելի ճիշտ կլիներ ուղղակի նոր օրենք մշակելը: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել