Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Գեղեցկությունը

Հոկտեմբեր 27,2004 00:00

Գեղեցկությունը զոհեր է պահանջում Հայ կանայք սկսել են ավելի հաճախ դիմել պլաստիկ վիրաբույժի օգնությանը Պլաստիկ վիրաբուժությունը որքան հին, այնքան էլ նոր մասնագիտություն է՝ հատկապես Հայաստանում: Այս մասին պատմում է 2-րդ բուժմիավորման վիրաբուժության գծով փոխտնօրեն, գիտությունների թեկնածու Արթուր Սոխակյանը. «Մեզ դիմում են 20-30 տարեկան այն աղջիկները (անկախ մասնագիտությունից), որոնք կարճահասակության նկատմամբ բարդույթ ունեն: Նրանք ցանկանում են բարձրացնել հասակը, ինչը արվում է ոտքերը երկարացնելու միջոցով»: Նույն բուժմիավորման պլաստիկ վիրահատության ծառայության ղեկավար Տաթեւիկ Հարությունյանը կատարում է նաեւ էսթետիկ վիրահատություններ: «Դրանք մեզ մոտ կատարվում են տասը կլինիկաներում: Հայաստանում առաջնայինը քթի վիրահատությունն է, որը, եթե հաշվի առնենք, որ նաեւ շնչառությունը չվնասելու խնդիր ունի, կատարում են երեք տարբեր մասնագետներ: Մնացած բոլոր՝ կոպերի, դեմքի, փորի ճարպային գոյացությունների, տարիքային փոփոխությունների, կնճիռների, կրծքի եւ այլ վիրահատությունների հիմնական մասը պատվիրվում է ոչ հայաստանաբնակների կողմից: Մեզ մոտ վիրահատությունը մոտ 10 անգամ էժան է եւ որակով ոչնչով չի զիջում արտասահմանյան թանկարժեք վիրահատություններին»,- ասում է Տ. Հարությունյանը: Ծառայության ղեկավարը գտնում է, որ պլաստիկ վիրաբուժությունը տեխնիկական մեծ հնարավորություններ չպահանջող ճյուղ է: Սուր մկրատ, սուր դանակ եւ լավ ձեռք, ու ամեն անգամ զարմանալի նոր արդյունք: Այսինքն՝ մեր բժիշկները չե՞ն զգում նորագույն տեխնիկայի կարիք: Տաթեւիկը ժպտաց. «Միայն քթի վիրահատության գործիքների ամենաէժան հավաքածուն արժե 7000 դոլար: Պատկերացրեք, ինչքան քթեր են պետք՝ այդ ծախսը փակելու համար: Այդքան քիթ որտեղի՞ց»: Մինչեւ այս տարվա վերջ, բուժմիավորումում կկատարվի քթի մոտ 200 վիրահատություն: Բացի էսթետիկ վիրահատություններից, պետպատվերով կատարվում է նաեւ բնածին արատների շտկում՝ գայլի երախ, նապաստակի շրթունք, կտրած մատներ, ծուռ եւ ավելորդ մատներ, չզարգացած ականջ եւ այլն: Ինչ վերաբերում է կրծքի վիրահատությանը, պարզաբանվեց, որ մեծ կամ չզարգացած կուրծքը նույնպես արատ է, որ առաջանում է հորմոնալ խանգարման հետեւանքով: Չզարգացած կրծքի վիրահատությունը անհրաժեշտ է կատարել սեռական հասունացումից հետո միայն, իսկ մեծի դեպքում, եթե ծանրությունը կորացնում է մեջքը՝ միայն խորհրդակցելով էնդոկրինոլոգի եւ գինեկոլոգի հետ: Վերջերս Մոսկվայում կայացած սեմինարին, որին մասնակցել է նաեւ Տաթեւիկը, խոսվել է ոչ վիրահատական, ժամանակակից մեթոդների մասին, որոնք թույլ կտան ստանալ գոհացուցիչ արդյունք: «30-ից սկսած՝ մարդը սկսում է ծերանալ,- ասում է նա,- կան պրեպարատներ, որոնք կարող են օգնել մարդուն՝ մնալ երիտասարդ, միայն թե նա պետք է ունենա ներքին կուլտուրա, ինչը մեզանում իսպառ բացակայում է: Գումարներ են ծախսվում ճոխ սննդի, գեղեցկության սրահների եւ այլ զվարճանքների վրա, ու մարդիկ փող ունեն, իսկ մարզվելու, արտաքինին հետեւելու համար փող չունեն: Չնայած այժմ համեմատաբար շատացել են էսթետիկ վիրահատության դիմողները, իհարկե, գերակշռողները կանայք են, պատճառը հավանաբար այն է, որ շատ ընտանիքներում կանայք հայտնվել են սոցիալական հարցեր լուծողի դերում: Իսկ աշխատանք գտնելու համար գեղեցիկ արտաքին է պետք»: Պլաստիկ վիրաբուժության մի առանձին ճյուղ զբաղված է սեռը փոխելու խնդրով: Այն մեզ մոտ օրենքով արգելվում է, ինչը, սակայն, հաջողությամբ իրականացնում է մեր հայրենակից Ռուբեն Ադամյանը՝ Մոսկվայում: ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել