Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոկտեմբեր 28,2004 00:00

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՌՔԻՑ ԲԱՑ ԹՈՂԵՑԻՆ Իսպանիայում եզրագծին մոտեցող շախմատի համաշխարհային 36-րդ օլիմպիադայի 11-րդ տուրում Հայաստանի հավաքականը երկրորդ տեղում ընթացող Ռուսաստանի թիմին շրջանցելու ռեալ հնարավորությունը ձեռքից բաց թողեց: Այս օլիմպիադայում համեմատաբար համեստ հանդես եկող շվեյցարացիներին մեր Վլադիմիր Հակոբյան-Լեւոն Արոնյան-Ռաֆայել Վահանյան-Գաբրիել Սարգսյան քառյակը հաղթեց նվազագույն՝ 2,5:1,5 հաշվով ու ռուսների հետ կես միավորի տարբերությունը պահպանվեց, քանի որ նույնպիսի հաշիվ գրանցվեց նաեւ Ռուսաստան-ԱՄՆ մրցապայքարում: Կալվիայում պարզապես հիացնում է Ռաֆայել Վահանյանը: Մեր վետերանը, եթե նրան կարելի է այդպես անվանել, կարծես մոռացել է տարիքը: Ավելին, նա հանդես է գալիս երիտասարդական եռանդով ու ամենեւին էլ պատահական չէ, որ մասնագետների ու վիճակագիրների պնդմամբ այս օլիմպիադան լավագույնն է Ռաֆայելի կյանքում: Նա իր անվան դիմաց արդեն գրանցել է 7,5 միավոր՝ 9 հնարավորից եւ հավակնում է լավագույն մասնակցի կոչմանը: Առայժմ 6-ական միավոր են վաստակել նաեւ Լեւոն Արոնյանն ու Սմբատ Լպուտյանը: Սակայն Լեւոնը խաղատախտակի առջեւ նստել է ութ անգամ, իսկ նրա ավագ գործընկերը՝ մեկով ավելի: Ութ հնարավորից 5,5 միավոր ունի երիտասարդ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը: Հաշվի առնելով նրա տարիքը եւ այն, որ Գաբրիելն իրեն վստահ է զգում համաշխարհային օլիմպիադայի նման բարձրակարգ մրցաշարում, նրա այս ցուցանիշն ավելի քան ուրախացնող պիտի համարել: Հայաստանի ներկայիս լավագույն շախմատիստ Վլադիմիր Հակոբյանի 2,5 միավորն առաջին հայացքից տարօրինակ կարող է թվալ: Սակայն չմոռանանք, որ նա Կալվիայում պայքարի մեջ ներգրավվել է 7-րդ տուրից, այն էլ՝ Բրիսսագոյում աշխարհի չեմպիոնության համար կայացած Վլադիմիր Կրամնիկ-Պետեր Լեկո ծանրագույն մրցամարտում հունգարացու՝ մարզչի ու մարտավկայի պարտականությունները կատարելուց անմիջապես հետո: Եվ վերջում Արտաշես Մինասյանի մասին: Լինելով Հայաստանի լավագույն շախմատիստներից մեկը, նա, այնուամենայնիվ, աշխարհի մասշտաբով եղանակ ստեղծող չէ եւ խաղացած չորս պարտիաներում 1,5 միավոր վաստակելը վատ արդյունք չէ: Տղամարդկանց մրցաշարում առաջատարը շարունակում է մնալ Ուկրաինան՝ 32 միավոր: Նրան հաջորդում է Ռուսաստանը՝ 29,5 միավոր, Հայաստանը պահպանում է 3-րդ տեղը՝ 29 միավորով: Երեկ մեր տղաների մրցակիցը ԱՄՆ-ի թիմն էր: Անդրադառնալով կանանց պայքարին՝ նշենք, որ 11-րդ տուրում մեր աղջիկները 1:2 նվազագույն հաշվով տանուլ տվեցին Ռուսաստանին, որից հետո 19,5 միավորով նահանջեցին 15-րդ հորիզոնական: Սակայն նույնքան միավոր ունեն միանգամից վեց թիմեր: Այնպես որ, 12-րդ տուրում սլովակուհիների հետ երեկ կայացած մրցամարտը կարեւոր նշանակություն ուներ վերջնական արդյունքի համար: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել