Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՍԿԱԾՆԵՐԸ

Նոյեմբեր 11,2004 00:00

ԿԱՍԿԱԾՆԵՐԸ ՄՆՈՒՄ ԵՆ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը երեկ լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ինչպես «27»-ի գործից անջատված մասը կարճելու մտադրությանը, այնպես էլ ՀՅԴ-ի ու Սադոյանի հայտարարություններին: Եւ ինչպես դեռ նախաքննական իր ցուցմունքում էր Անդրանիկ Մարգարյանը վկայել, որ 1999-ի հոկտեմբերի 27-ին ԱԺ նիստերի դահլիճ ներխուժած հնգյակը կարծես ինչ-որ բանի էր սպասում՝ այնպես էլ երեկ հավաստեց. «Իմ կասկածները հայտնել էի եւ հույս ունեի, որ դրանք ինչ-որ ձեւով կարող են փարատվել «27»-ից անջատված մասով: Բայց դրանք մնում են»: Հստակեցրեց. «Որպես տուժող՝ վկայություն տալու ժամանակ ասել եմ, որ այդ ամենին ներկա գտնվելիս տպավորություն եմ ստացել, թե նրանք ինչ-որ մեկին սպասում էին եւ դրսի օգնության ինչ-որ ակնկալիքներ ունեին: Ես դա ասել եմ ե՛ւ դատարանում, ե՛ւ նախաքննության ժամանակ: Եվ նորից մնում եմ նույն կարծիքին: Ընդունում եմ, կարող է՝ սխալ տպավորություն եմ ստացել այն հոգեվիճակի պատճառով, որում գտնվում էի: Բայց գործի նյութերը կարդալուց եւ ապրումներս ավելի սառը գնահատելուց հետո էլ մնացին այդ կասկածանքները: Հույս ունեմ, որ եթե ոչ այսօր կամ վաղը, ապա ապագայում անպայման գոնե պիտի բերվեն ինչ-որ փաստեր՝ իմ կասկածները փարատելու համար: Եվ դրանք ոչ միայն ես ունեմ, այլեւ ուրիշներն էլ»: Անջատված մասը կարճելու անհրաժեշտության՝ դատախազության կոլեգիայի որոշման մասին վարչապետն ասաց. «Ես ոչ մի փաստ չունեմ, ծանոթ չեմ, թե ինչ վարկածներ են իրենք քննարկել, որ մերժվել են, կամ ինչպիսի միջնորդություններ են եղել, որ արդյունք չեն տվել»: Անդրանիկ Մարգարյանը եւս հիշեցրեց ՔԴՕ նորմը, ըստ որի՝ ցանկացած կարճված գործ կարող է վերաբացվել՝ նոր ի հայտ եկած հանգամանքների դեպքում. «Ես ուղղակի կոչ կանեի այն բոլոր մարդկանց, ովքեր այս ամբողջ ընթացքում անընդհատ դեմքի շատ խորհրդավոր արտահայտությամբ ասել են, թե իրենք տեղեկություններ ունեն, որոնք կարող են լույս սփռել «27»-ի գործի վրա՝ թող ներկայացնեին այդ տեղեկությունները կամ թող ասեն՝ եթե ներկայացրել են, ապա դրանք հաշվի առնվե՞լ են, թե՞ ոչ: Դատախազությունն իրավունք չունի հաշվի չառնել այդ տեղեկությունները եւ չշարունակել գործի քննությունը»: Հարցին, թե որպես տուժող կբողոքարկի՞ անջատված մասը կարճելու որոշումը՝ վարչապետը պատասխանեց. «Ես պետք է հիմք ունենամ բողոքարկելու: Եթե հնարավորություն ունենամ անջատված մասի նյութերին ծանոթանալու, որին, ճիշտն ասած, կասկածում եմ, քանի որ քաղաքացիներն այդ իրավունքը չունեն, կփորձեմ պաշտպանել իմ իրավունքները»: «Առավոտը» նրա մեկնաբանությունը խնդրեց այլ կասկածների շուրջ, թե «ԱրմենՏելի» գործարքի վրա կառավարության լիազոր ներկայացուցիչն, այսպես ասած՝ ձեռքերն է տաքացրել: Սակայն Անդրանիկ Մարգարյանն ի պատասխան ասաց. «Արշակ Սադոյանի ասածներին լուրջ չեմ վերաբերվում եւ պարտավոր չեմ պատասխանել զառանցանքներին»: Նշենք նաեւ, որ վարչապետը «Ղարաբաղ-տելեկոմի» ընտրության գիշերային մրցույթի առնչությամբ էլ վստահեցրեց, թե ամեն ինչ եղել է օրենքի սահմաններում: Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում Արշակ Սադոյանը հարցադրման մեջ նշել էր, թե «ԱրմենՏելին» մենաշնորհից զրկելու վերաբերյալ ՍԴ-ի որոշումից հետո կառավարության որոշումը ձայնային հաղորդագրությունների ոլորտում այդ ընկերությանը մենաշնորհ տալու վերաբերյալ չունի իրավական ուժ: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ի պատասխան ասաց, թե «ԱրմենՏելին» զրկելով իր բացառիկ իրավունքներից՝ ստիպված պիտի լինեին վճարել այդ զրկման գինը. «Սա նշանակում է, որ համաձայն «ԱրմենՏելին» տրված արտոնագրի 6 «դ» կետի՝ ընկերությունն անմիջապես իրավունք է ստանում ինքնուրույն սահմանելու մատուցված ցանկացա՛ծ ծառայության սակագինը՝ առանց որեւէ պետական մարմնում հաստատելու: Առանձնապես շատ խելք կամ վառ երեւակայություն պետք չէ ունենալ հասկանալու համար, որ այդ դեպքում «ԱրմենՏելն» անմիջապե՛ս, հաջորդ իսկ օրվանից կգործադրի առնվազն 8 դրամ սակագինը տեղական զանգերի համար»: Կարելի է եզրակացնել, թե IP ծառայություններ մատուցողները զոհ են գնացել բնակչության ավելի լայն շերտերի շահերի պաշտպանությանը: Սակայն Սադոյանը հիշեցրեց, թե ՍԴ-ի որոշումը վերջնական է եւ ենթակա չէ վերանայման: Եվ էլի պնդեց, թե կասկածներ կան, որ մենաշնորհը պահպանելու որոշումը 7 մլն դոլար կաշառքի հետեւանք է: ՀՀԿ խմբակցության ղեկավարն ի պատասխան տեղից սկսեց գոռալ. «Էս էլ հո փողո՞ց չի»: Վարչապետին խնդրել էինք նաեւ անդրադառնալ իր կոալիցիոն գործընկերոջ՝ ՀՅԴ-ի գերագույն ժողովից հետո արված հայտարարություններին, թե հուշագրով նախանշված առաջնահերթությունների զգալի մասը չի կատարվել, եւ այսպես շարունակվելու դեպքում կվերանայեն իրենց մասնակցությունը կառավարությանը: «2007-ին»,- ի պատասխան՝ հեգնեց պրն Մարգարյանը: Նաեւ ասաց, թե կառավարության ծրագրի կատարման համար պատասխանատու են 3 կուսակցություններն էլ՝ ոչ միայն ՀՀԿ-ն: Խոստացավ, թե կառավարությունը տեղեկանք է պատրաստելու հուշագրից բխող քայլերի վերաբերյալ, բայց արդեն իսկ ասաց, թե այդ փաստաթղթով սահմանված առաջնահերթությունների ուղղությամբ կառավարությունը կատարել է քայլեր: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել