Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր այգին կյանքի և նոր սկզբի, իր ժողովրդի ու հայրենիքի բարգավաճման գործում Ռուբեն Վարդանյանի ունեցած ավանդի խորհրդանիշ է»․ տեղի է ունեցել պտղատու նոր այգու բացման արարողություն

Մայիս 25,2024 17:58

Տաթևի վանք համահայկական ուխտագնացության շրջանակներում այսօր տեղի է ունեցել պտղատու նոր այգու բացման արարողություն, որը նախաձեռնել է «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը, ի շարունակություն Տաթևի վանքի հարևանությամբ կանաչ գոտի ստեղծելու Ռուբեն Վարդանյանի տեսլականի։

Այգում ծառ կարող էր տնկել յուրաքանչյուր ոք՝ կատարելով նվիրատվություն կամ աջակցելով նախագծին: Ֆինանսական մասնակցության արդյունքում հավաքված գումարը կուղղվի Տաթև համայնքի զարգացմանը: Այգին խնամելու համար նաև ոռոգման կաթիլային համակարգ է ստեղծվում:

«Նոր այգին կյանքի և նոր սկզբի, իր ժողովրդի ու հայրենիքի բարգավաճման գործում Ռուբեն Վարդանյանի ունեցած ավանդի խորհրդանիշ է: Մենք այս միջոցառումները որոշեցինք կազմակերպել հենց Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրը՝ նպատակ ունենալով  շարունակել Ռուբեն Վարդանյանի գործը և բարիք ստեղծել այս տարածաշրջանի բնակիչների համար, ինչպես նաև հանրությանը հիշեցնել, որ Վարդանյանն ու  մի քանի տասնյակ մեր հայրենակիցներ շարունակում են ապօրինի պահվել Բաքվի բանտում, և մենք չենք կարող մեզ լիարժեք զգալ, քանի դեռ նրանք այնտեղ են», – ասել է միջոցառումների կազմակերպիչ, «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության գործադիր տնօրեն Գրիգորի Մարտիրոսյանը:

Այգու բացմանը  կատարվել է նաև անդաստանի կարգ՝ Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ տեր Մակար վարդապետ Հակոբյանի և թեմի հոգևորականների կողմից:

Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Մենք ենք մեր սարերը» գործակալության նախաձեռնությամբ անցկացվող «Կենաց ծառ» ուխտագնացության շրջանակներում տեղի ունեցան նաև համատեղ աղոթք՝ հանուն Ռուբեն Վարդանյանի և Բաքվում ապօրինի պահվող մյուս հայ գերիների շուտափույթ ազատ արձակման, ինչպես նաև ազգագրական-մշակութային միջոցառումներ՝ Տաթևում և Հալիձորում:

Ուխտագնացության համակազմակերպիչներն են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Հայ օգնության միությունը, «Ազնավուր» հիմնադրամը, «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը, «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը, «Թուֆենկյան» հիմնադրամը, Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամը, «Օրրան» բարեգործական կազմակերպությունը, Տաթև համայնքը:

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031