Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 11,2004 00:00

ՆԱԽԱ ԲԱՆ Լավ սերունդ է գալիս: Առողջ, խիզախ, բարդույթներից զերծ, ազատ՝ մտածելակերպով, պատասխանատու՝ գործունեությամբ, կարող, եւ, ամենակարեւորը, նորի զգացողությամբ ու նախանձախնդիր: Համոզված եմ՝ ոչ միայն լրագրության ոլորտ: …Ինչպե՞ս են արվում հայտնագործությունները. գալիս է մեկը, որը չգիտե, որ էսինչ բանը չի կարելի, էնինչ բանը՝ հնարավոր չէ, էն մյուսն էլ՝ չի ստացվելու: Չգիտի: Անում է եւ… ստացվում է, հնարավոր է դառնում, կարելի… Հենց էդպիսի սերունդ է գալիս: Հուրախություն նորմալ մարդկանց: Ի հեճուկս՝ մյուսների: Ու նաեւ՝ լրագրության ոլորտ: Ապացույցներից մեկը՝ Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի միջազգային լրագրության բաժնի երրորդ կուրսի ուսանողների ազատ եւ ինքնատիպ մտածողությունն է, գրելու անուրանալի ձիրքը, որոնք հանուրին հանձնելու համար մեր շնորհակալությունն ենք հայտնում «Առավոտ» թերթին եւ նրա գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանին: ԱՅԴԻՆ ՄՈՐԻԿՅԱՆ ԳՐԻՉԸ Ինչպես միշտ՝ ես ուղիղ կանգնած տուփի մեջ, սպասում եմ, թե երբ կարժանանամ որեւէ մեկի ուշադրությանը: Արդեն մեկ ամիս է՝ սպասում եմ այս ձանձրալի տուփից դուրս գալուն:8230 Եվ ահա եկավ այդ բաղձալի պահը: Ներս մտավ բավական հաճելի արտաքինով մի աղջնակ: Սրտատրոփ սպասում էի, թե ում կընտրեր: Եվ8230 ինչ ուրախություն.8230 այդ երջանիկը ես էի: Վերջապես դուրս պրծա այդ միօրինակությունից, դուրս ելա լույս աշխարհ՝ մաքուր օդ, թարմություն. պատկերացնում եք, ինչ լավ է: Հետո շուրջս հանկարծ միանգամից մթնեց, ընկա մի խավար տեղ: Երկար ժամանակ փորձում էի կռահել, թե ուր եմ ընկել. պարզվեց՝ պայուսակի մեջ է: Բայց որոշ ժամանակ անց նորից շուրջս լուսավորվեց: Նոր տիրուհիս ինձ անփութորեն նետեց գրադարակի մեջ. երեւի բարկացած էր ու զայրույթն այդ պահին ինձ վրա թափեց: Քիչ անց դրսում ինչ-որ աղմուկ լսեցի: Դարակը բացեց ու ինձ հանեց այնտեղից: Սկսեց գրել: Այնքա՜ն տխուր պատմություն էր. սիրտս հազար կտոր եղավ: Խեղճը սիրո կորստից տառապում էր: Մի քանի վայրկյան անց սկսեց անձրեւ գալ: Նա էր լաց լինում: Ավելի լավ էր մնայի ընկերներիս մոտ, գոնե ուրիշների տառապանքների ականատեսը չէի դառնա: Այնքան էլ երկար էր գրում, արդեն երկու թերթը լրացել էր… ու հանկարծ հեռախոսազանգ: Դանդաղ մոտեցավ հեռախոսին, մի պահ լռություն տիրեց, որին հետեւեց ուրախության մի ճիչ: Հաշտվեց: Այլեւս տխրելու հարկ չկար: Վերցրեց ինձ ու սկսեց գրել, հիմա արդեն մի երջանիկ պատմություն: Ինչ հաճելի էր, որ պատմությունն այսպիսի ավարտ ունեցավ: Հաջորդ առավոտյան հայտնվեցի մի պատանու գրպանում: Դասի ժամանակ նա որոշեց ընկերոջ հետ գրավոր զրույց վարել: Սկսվեց ոչ այնքան հաճելի բառերով, որը շուտով վերածվեց անպարկեշտ բառերի ու արտահայտությունների տարափի: Խայտառակությո՜ւն.8230 կապույտ էի, դարձա կարմիր: Երանի թանաքս շուտ վերջանար ու ինձ նետեին աղբանոցը, պրծնեի այս անպիտանից… ԱՆՆԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ԼԻՆԵԼ ՈՒՍԱՆՈՂ, ԹԵ ՉԼԻՆԵԼ. Ա՞ՅՍ Է ԽՆԴԻՐԸ Ուսանողական կյանք-կարճ, բայց, ենթադրվում է, բովանդակալից կյանք: Համալսարանական հինգ տարիներ-«երջանիկ, անհոգ, ուսման ծարավ երիտասարդներ, որոնք ուղղակի իրար հերթ չեն տալիս գերազանց սովորելու համար»: Յուրաքանչյուրս, դեռ դպրոցը չավարտած, երազում է ընդունվել որեւէ բուհ եւ շարունակել ուսումը: Թվում է՝ անմեղ եւ իրականալի մի երազանք: Սակայն, արդեն լինելով ուսանող, կամա թե ակամա զղջում ես երբեւէ քո կյանքում կատարած այդ ճակատագրական սխալի համար: Ծիծաղո՞ւմ եք: Ես էլ եմ ծիծաղում, բայց ես, ի տարբերություն ձեզ, ծիծաղում եմ ինքս ինձ վրա, մեր կրթական համակարգի վրա: Շատ կուզեի իմանալ, թե ինչ են մտածում մեր պետական այրերը ուսանող ասելով, որ բառի հետ են համեմատում այդ մոդայիկ դարձած եւ աղավաղված տերմինը՝ պատվի, համբավի թե փեշակի: Պետական համակարգում չեն ուզում հասկանալ, որ ուսանողը աշակերտի հերթական «պաշտոնը» չէ, այլ երկրի զարգացմանը նպաստ բերող սերունդ: Ով է այդ ուսանող կոչվածը: Ինչ է իրենից ներկայացնում բախտի քմահաճույքին հանձնված այդ փոքրիկ մակույկը… Երեւանի կենտրոնական փողոցներից մեկում է գտնվում մայրաքաղաքում իրեն հավասարը չունեցող Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը, որը տասնամյակներ շարունակ հպարտացել է իր շրջանավարտներով: Եկեք ներս մտնենք: Միանգամից ձեզ դիմավորում է այս կյանքից չարացած եւ արական սեռից ուղղակի փշաքաղվող պահակը: Եթե դու ուսանող չես եւ հաղթահարում ես այդ արգելքը, ուրեմն դու հերոս ես: Նորություն չէ, որ Բրյուսովի համալսարանում ուսանողների իննսունինը տոկոսը աղջիկներ են: Ինչպիսի առասպելներ են տարածված այդ գեղեցկադեմ եւ ոտքից գլուխ շպարված էակների մասին: Եթե որեւէ անտեղյակ մարդ լսի նրանց մասին, օր ու գիշեր հանգիստ չի ունենա, մինչեւ սեփական աչքերով չտեսնի բրյուսովյան այդ Նաոմի Քեմբլներին եւ Կլաուդիա Շիֆերներին: Ակամայից թվում է, թե այստեղ է գտնվում Հայաստանում գործող միակ վաստակավոր կուսանոցը: Ինչպիսի՜ անհեթեթություն: …Հարգելի դասախոսներ, երբ համալսարանում որեւէ փոփոխություն է կատարվում, ինչու չեք հարցնում մեր կարծիքը: Ինչ է, մեզ միայն պետք է նախատել եւ մեղադրել դասերը չսովորելու եւ դասերից փախչելու մե՞ջ: Իսկ պաշտոնից հեռացնում են մարդու, որի առաջ խոնարհվում է ամբողջ ուսանողությունը, եւ որը պաշտոնից զրկվել է ուսանողին օգնելու համար: Եվ այսքանից հետո դուք մեզանից հարգա՞նք եք պահանջում: Ուզում եք անվճար խորհուրդ. հավաքեք ուսանողներին, ժողով գումարեք, չգիտեմ էլի ինչ արեք, բայց մոռացության մի մատնեք մեզ: Ցավոք, առայժմ գոնե, ձեզ չի հետաքրքրում ուսանողը որպես անհատականություն: Դուք բարոյապես ճնշում եք մեզ: Իսկ գուցե մեր մեջ կան այնպիսիները, որոնք որեւէ հարցին ավելի ճիշտ մոտեցում կառաջարկեն: Ժամանակը եկել է, որ դուք ընդունեք այն դառն իրականությունը, որ դուք եւս մահկանացու եք եւ վաղ թե ուշ դուք էլ եք անցնելու պատմության գիրկը: ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԵՍ՝ ՕՃԱՌ Վճռել եմ այսօր ես լինել օճառ. Գիտեմ, զարմացրեց ասածս ձեզ շատ, Սակայն որոշումն իմ այս խելագար Մի կնիք արժե նախարարական: Սա որպես սկիզբ, իսկ որպես շարունակություն կասեմ հետեւյալը: Կցանկանայի լինել օճառ ոչ թե «սապոնվելու» համար (խիզախորեն եմ այս բառը ասում), այլ «սապոնվողին» իր ճամփան ցույց տալու համար, ճամփա, որը լեցուն է բազմաթիվ խարդավանքներով: Ու թե լինեի ես օճառ, կմաքրեի մեզ շրջապատող անմաքուրներին, բոլոր այն մարդկանց, ովքեր ջանում են վատին ասել լավ, սեւին էլ՝ սպիտակ: Այ թե կարողանայի ես լինել օճառ: Պատկերացնում եք, մարդ-գազանը պատրաստվում է իր հերթական զոհը մատուցել, օրինակ մարդ սպանել, իսկ ես լվանում եմ նրա մտքերը, մաքրում, ջնջում նրա բոլոր պլանները, եւ նա կորցնում է այդ պահին իր համար ամենակարեւորը՝ ստոր միտքը, մտահղացումը: Կամ էլ ոմն մեկը որոշել է կռիվ սարքել փողոցում եւ շրջապատին հրամցնել իր «արտակարգ» բառապաշարը: Եվ ինչ. նա բերանը բացում է հայհոյելու համար, իսկ իրականում անում ճիշտ հակառակը՝ հաճոյախոսում է, բարին ցանկանում: Վատ չէ, իսկապես: Եվ, ի վերջո, թե մարդիկ օճառ լինելու կարողություն ունենային, այս աշխարհը լցված չէր լինի անմաքուրներով, ու այս կամ այն պատի տակ պպզած «ախպեր8211տղեքն» էլ վատ աչքով չէին նայի «քուչով» անցնող սիրունիկ աղջկան, կամ էլ սրա-նրա տանը հավաքված բամբասկոտ կանայք ուրիշի աչքի «փուշը» տեսնելու փոխարեն կտեսնեին իրենց աչքի «գերանը»: ԳՈՀԱՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԻՆՉՈՒ ԵՆ ԾՆՈՂՆԵՐԸ ՇՏԱՊՈՒՄ Ծնողը կյանքի բոլոր դեպքերում պիտի ճիշտ հասկանա իր երեխային: Ծնողները պիտի պատրաստ լինեն ճիշտ բացատրելու ամեն ինչը եւ երեխային իրենցից չվանելու: Շատ կարեւոր է, որ ծնողը հասկանա իր երեխային եւ ընդունի նրան այնպիսին, ինչպիսին որ նա կա: Ինքը ուրախ է, դու պետք է ընդունես նրան հենց այդպես. միայն ուրախ: Ինքը սիրահարված է, դու պետք է ընդունես՝ սիրահարված: Ծնողները պարտավոր են կյանքում երեխային ցույց տալ արժեքները եւ լինել նրանց ընկերը: Կա ճիշտ եւ սխալ դաստիարակություն, որը երեխային մատնում է ինքնահոսի. «Արա, ինչ ուզում ես: Գնա, ուր ուզում ես»: Նա ասում է. «չգիտեմ՝ ինչ անեմ, այս, թե այն»: Տես, որի մեջ արժեք կա, դա էլ խորհուրդ տուր: Չպետք է երեխային դրդես անել իր ուժերից վերը: Որոշ ծնողներ էգոիզմից դրդված երեխային ստիպում են երեք տարեկանում տառերը սովորել, հինգ տարեկանում՝ դաշնամուր նվագել, իսկ վեց տարեկանում՝ պարել: Իհարկե, այս ամենի հիմքում ընկած է ցուցամոլությունը: Ծնողը ուզում է ցույց տալ, թե իր երեխան որքան լավն է եւ, ինքը եւս, որքան լավն է: Դա գողություն է: Ծնողը գողանում է երեխայի մանկությունը: Ինչու են ծնողները շտապում: Այնքան ցավալի է տեսնել երեք8211 չորս տարեկան երեխաներին, որոնք տանջվում են քոլեջում տառեր սովորելով, մինչդեռ այդ երեխան թռչկոտել է ուզում: Սիրելիներս, հասկացեք մի բան, երեխայի երեք8211չորս տարեկանը այլեւս չեք վերադարձնելու: Դժբախտություն է, երբ երեխան կորցնում է իր մանկությունը: Մեկն ասում է. «Դե, իմ երեխան հրաշամանուկ է: Նա բոլորովին չի սիրում խաղալիքներով խաղալ: Նա ուզում է վարժություններ լուծել»: Նրան այդ աստիճանի հասցրել են: Այդ երեխան, ուշ, թե շուտ, միեւնույն է խաղալու է, բայց դա լինելու է երեսուն տարեկան հասակում: Նա խաղալիք ատրճանակի փոխարեն, խաղալու է իսկական ատրճանակով, եւ այդպես տարբեր բաներ: Շատ անգամ ծնողները երեխաներին զրկում են երեխայական հաճույքներից՝ մի8217 գոռա, մի8217 վազիր, մի8217 թռչկոտիր: Մտնում է տուն՝ հանգիստ մնա, ձայնդ, չգոռաս, չթռչես: Գնում է մանկապարտեզ, դաստիարակները՝ մի8217 թռչկոտեք, կընկնեք, չգոռաք: Գալիս է տատիկի տուն՝ մի գոռա, մի8217 թռիր: Մի հարց՝ իսկ երբ թռչկոտի, երբ գոռա… ԱՐԵՎԻԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ8230 Գալակտիկա կոչվող մի ահռելի անվերջություն: Մի մեծ Երկիր մոլորակ: Քարտեզի վրա տարբեր գույներով ներկված երկրներ, օվկիանոսներ, ծովեր, լճեր, գետեր, կղզիներ եւ այդ ամենի մեջ՝ աննշան մի կետ Հայաստան կոչվող մի անտեսանելի վայր: Է՜… Հայաստան: Հայաստան. ունիկալ, բացառիկ եւ նույնիսկ աբսուրդային իր որոշ գաղափարներով եւ երեւույթներով մի երկիր: Միայն Հայաստանում ես ժամերով «կախվում» հեռախոսից եւ բողոքում, որ ժամանակ չունես հանդիպելու: Միայն Հայաստանում ես ծնունդիդ մի քանի մտերիմների հրավիրում եւ մի 300 հոգի հայտնվում են տանդ շեմին: Եվ միայն Հայաստանում են կես ժամ դռան առջեւ ցտեսություն ասում իրար եւ հետո կրկին ներս մտնում սրճելու: Միայն Հայաստանում է, որ իրավունք չունես «ոչ» ասել ուտելիքին: Միայն Հայաստանում են պայմանավորվում հանդիպել ուղիղ ժամը 6-ին եւ երկուսն էլ գալիս են 8-ին: Միայն Հայաստանում են մարդիկ լքում իրենց երկիրը, հետո սարսափելի կարոտում, բայց երբեք ետ չեն վերադառնում: Միայն Հայաստանում ես 2 ժամ բացատրում անծանոթներին, թե ինչու ցանկություն չունես իրենց հետ սրճարան գնալու: Միայն Հայաստանում ես նայում քո պատուհանից Արարատ լեռանը, որը ի դեպ գտնվում է Թուրքիայի տարածքում, եւ ասում՝ «ինչքա՜ն գեղեցիկ է մեր սարը»: Միայն Հայաստանում ես հանդիպում մեկի հետ կյանքիդ մեջ առաջին անգամ եւ կարող ես համոզված լինել, որ մի 5 ընդհանուր ծանոթ կգտնեք: Միայն Հայաստանում են ասում՝ «Կարող ես գնալ Փարիզ, Հռոմ կամ Լոնդոն, բայց մեր Համալիրից գեղեցիկ շենք չես գտնի»: Միայն Հայաստանում են սկսում կազմել ամուսնական պլաններ՝ արդեն 2-րդ հանդիպումից հետո: Միայն Հայաստանում կտեսնես 30 հոգի 12 հոգու համար նախատեսված երթուղային տաքսում: Միայն Հայաստանում են հավատում, որ հայերն են ստեղծել վրացական այբուբենը (վրացիները իհարկե դրան չեն հավատում): Միայն Հայաստանում են կարծում, որ հայերն են ստեղծել ամեն ինչը: Միայն Հայաստանում են կարծում, որ աշխարհի ամենահայտնի մարդիկ ՊԵՏՔ է ունենան հայի արյուն: Միայն Հայաստանում ունես մոտ 5-6 բարեկամ Նահանգներում եւ միայն Հայաստանում են ստեղծում «Մ» տառով սկսվող բառեր: Ինչպես՝ «ուշ-մուշ», «սիրուն-միրուն»: Միթե՞ այս երկիրը յուրահատուկ եւ բացառիկ չէ: ՄԱՐԻԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ ԵՍ… Ահա ինձ է մոտենում մի քնքուշ ձեռք: Նա իր կողքից հեռացնում է ինձ այնպիսի քնքշությամբ, ինչպես աշունն է հեռացնում ամռան շունչն ու անուրջները: Ահա ես արդեն ինչ-որ մեկի գրկում եմ, տաք, մկրատաձեւ ոտքերի վրա: Նրա ձեռքն ինձ մեղմորեն շուռումուռ է տալիս, ասես զննում է մարմինս, ցանկանում խորամուխ լինել հոգուս ու սրտիս մեջ: Ես այլեւս ես չեմ: Ես արդեն նա եմ, նրա սիրտն ու հոգին, նրա բանականությունն ու միտքը: Մենք երկուսս մեկ ենք. նա՝ թախծոտ ու մշուշոտ, ես՝ հուշիկ ու փաղաքուշ: Օ, որքան դժվար է այդքան տխրությու~ն, այդքա~ն գաղտնիք պահել ու չգժվել: Գժվե՞լ, իսկ մի՞թե ես կարող եմ գժվել, չէ՞ որ ես ընդամենը թղթերի միացում եմ, ընդամենը մի օրագիր: ԱՆԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԳԱՌՆ Ի՞ՆՉ ԳՈՐԾ ՈՒՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ… Անցնում էի մեր գյուղի փողոցներից մեկով եւ հանկարծ ձայներ լսեցի. – Էս տարվա հողի ու ջրի հարկը չես մուծել: Էլ ջուր չեմ տա, որ հողդ ջրես: – Չե՛մ կարա, փող չկա: – Է՛, չկա, մի հարյուր կիլո սոխ տուր կամ էլ մի գառ: Ներս նայեցի: Բակերից մեկում տեսա մեր հարեւանին եւ գյուղի հարկահավաքներից մեկին: Առաջ անցա: Ծիծաղելի է, բայց մի պահ ինձ թվաց, թե գտնվում եմ այն ժամանակաշրջանում, երբ պետական հարկերը գանձվում էին գյուղատնտեսական ապրանքների տեսքով: Ամենից ավելի ինձ վշտացրեց այն փաստը, որ գյուղացին կամ չունի փող, կամ չի ուզում մուծել պետական հարկերը: Վերջինը միգուցե հնարավոր է, բայց առաջինը կասկածից դուրս է: Եվ կրկին իմ մեջ ծագեց. «Եթե ես լինեի… »: Լինեի ի՞նչ… Օրինակ, եթե ես լինեի հանրապետության նախագահ, գուցե եւ ազատեի հարկերից ու տուրքերից բոլոր այն գյուղերին, որոնք անընդհատ ենթարկվում են բնության աղետներին: Մեկ կարկուտն է խփում, մեկ էլ ցուրտն է վրա տալիս եւ տանում ամբողջ բերքը: Ես փոքրիկ գումարներ չէի տրամադրի աղետներից առավել տուժած գյուղացիներին, քանի որ դրանք չեն բավականացնում ո՛չ ձմռան վառելիքին, ո՛չ ուտելիքին եւ ո՛չ էլ, մանավանդ, այլ կարիքներին: Եվ գյուղացիների բոլոր այն դիմում-բողոքներին թե գումարները անբավարար են, չէի պատասխանի, թե բյուջեում փող չկա: Լավ, այս հարցի մասին արդեն բավական շատ է խոսվել եւ քննարկվել: Եվ պետությունն էլ արդեն «բավական» շատ որոշումներ է կայացրել: Իսկ գյուղացին ինչո՞ւ չի ուզում մուծել հարկերը: Նա արդեն վաղուց կորցրել է վստահությունը թե՛ պետության վարչական եւ թե՛ գյուղի ինքնակառավարման մարմինների հանդեպ: Եվ եթե ես լինեի մեր գյուղապետը, ամենից առաջ կաշխատեի ետ բերել այդ կորցրած վստահությունը: Ես, որպես պետական հարկ, չէի գանձի ո՛չ սոխ, ո՛չ գառ, ո՛չ էլ այլ ապրանք, որովհետեւ բոլորն էլ գիտեն, թե դրանք ուղիղ որտեղ են գնում: Գառն ի՞նչ գործ ունի պետական բյուջեում: Հարկեր կգանձեի բոլորից եւ չէի առաջնորդվի «բարեկամ-բարեկամ» սկզբունքով: Նա, ով գյուղապետի բարեկամն է, չի մուծում, նա, ով գյուղապարատում աշխատող ունի, չի մուծում, եւ դա անդրադառնում է մնացյալի վրա: Եթե ես լինեի մեր գյուղապետը, ամենից ավելի կաշխատեի արդարություն հաստատել ընտրական կարգում եւ, ասենք, 2003թ մայիսի խորհրդարանական ընտրությունների ժամանակ 200-ից ավելի ձայն չէի ուղարկի, օրինակ, «Օրինաց երկիր» կուսակցությանը, որին գյուղում ոչ մի գյուղացի կարգին չգիտի, ուր մնաց թե ձայն տա: Եվ ոչ միայն այս ընտրություններում, այլ ընդհանրապես: Եվ վերջապես՝ կբարեկարգեի իմ գյուղը՝ իմ ծննդավայրը, կաշխատեի հոգալ նրա բոլոր կարիքները, ի վերջո, գյուղ հասցնել գազի խողովակները, որոնք անցյալ տարի հասել են գյուղի սահմաններին եւ կանգ առել անորոշ ժամանակով, կաշխատեի ստեղծել նորմալ գործող հեռախոսացանց … Եվ ինչպես ասում են՝ ինչե՜ր ասես չէի անի, եթե լինեի … ՆԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍՈԻՏԸ ՈՐՊԵՍ ՊԱՀԱ՞ՆՋ Դու երբեւիցե մտածե՞լ ես, սիրելի՜ ընթերցող, այն մասին, թե օրվա ընթացքում քանի անգամ ես ստում: Իհարկե՝ ոչ: Իսկ ինչո՞ւ: Միգուցե այն պարզ պատճառով, որ այն քեզ համար դարձել է բնականոն երեւո՞ւյթ: Առավոտյան դեռ լույսը չբացված, դու սկսում ես ստել ամենաչնչին առիթներով: Պետք է գնաս աշխատանքի, բայց մտածում ես. «Ուֆ, էլի պիտի դրան տեսնեմ» կամ «Է, հավես չկա»: Զանգահարում ես տնօրենին եւ ստում թե, օրինակ, հանկարծամահ է եղել բարեկամներից մեկը: Դու ստում ես առանց կաշկանդվելու, քանի որ ճիշտն ասելը քո մտքով էլ չի անցել. «Ինչի՞ տնօրենիս հետ պրոբլեմներ ունենամ, եթե կարամ մի փոքր ստեմ»: Այստեղ գործում է վախը: Ստում ես անգիտակցաբար եւ այն դառնում է քեզ համար բնազդ, անհրաժեշտություն: Դա կարելի է կոչել անվնաս սուտ, ինչու անվնա՞ս, որովհետեւ բացահայտվելու հավանականությունը փոքր է: Բայց այսպես կոչված «կեղծավորությունը» զգալը դժվար չէ: Օրինակ, այն մարդը, որի հետ աշխատում ես կամ սովորում, քեզ անչափ դուր չի գալիս (շատ անգամ այդ հակակրանքը ծնվում է նախանձից. վերջապես հայ ենք, չէ՞): Խոսում ես նրա հետ, փորձում ժպտալ նրա երեսին, մեկ էլ չես դիմանում եւ «զգույշ կծում ես»: «Վախենում եմ, որ մաման չթողնի դիսկատեկա գնամ, ավելի լավ ա մի բան հորինեմ»,- մտածում է մի երիտասարդ աղջիկ: Սա՞ է «սուտ ի փրկություն» կոչեցյալը: Միգուցե: Բայց տենդենց կա մտածելու, որ «սուտ ի փրկության» կարող են ասել միայն բժիշկները, իսկ մեր հայ բժիշկները, ըստ սովորության, ստում են տեղի-անտեղի. հիվանդը լավ է, կեղծ հիվանդություններ են հայտնաբերում, հիվանդն անհույս է, նույնպես ստում են՝ ասելով. «Դե լավ, խեղճը մի քանի օր էլ թող հանգիստ ապրի, ավելի լավ է մի փոքր ստեմ, չէ՞ որ երդում եմ տվել փրկել մարդկանց»: Միգուցե սա միակ սուտն է իմ թվարկածներից, որ կարելի է մարդկային կոչել եւ արդարացնել: Մենք ստում ենք շատ հաճախ, որպեսզի մեզ հանկարծ նեղություն չտան: Օրինակ, մեկը զանգում, խնդրում է, որ քո մեքենան մեկ օրով իրեն տաս, դու էլ, իհարկե, ասում ես. «Վայ, ախր ավտոս անսարք ա, էս մի շաբաթ ա չեմ քշում» եւ այլն: Այս ամենից մեզ ազատելու համար մենք ընտրում ենք չարիքի փոքրագույնը եւ ստում. դա մեզ համար դարձել է հոգեկան անհրաժեշտություն: «Դե լավ հիմա, ես ո՛չ առաջինն եմ, ո՛չ էլ վերջինը»,- մտածում են մեզանից շատերը: Փաստորեն առօրյա բնականոն գործողությունների շարքում կարելի է ասել, որ մենք արթնանում ենք, հաց ուտում,քայլում,խոսում եւ ստում: Իսկ ի՞նչ կլինի, եթե մենք փորձենք մի օր ասել միայն ճշմարտությունը: Արդյոք սա խնդի՞ր է, այս դեպքու՞մ էլ վախ կա, որ մեզ կարող են սխալ հասկանալ,չընդունել,արդյոք մեզ անկիրթ, լպիրշ չե՞ն անվանի,եթե մենք ասենք այն, ինչ կա: Տնօրենին ասես,որ այդքան էլ չես հարգում նրան, գործընկերոջդ՝ այն ինչ մտածում ես նրա մասին՝ միգուցե նրանց մեջ փոփոխություններ կլինեն,մայրիկին ասես, որ ախր շատ ես ուզում դիսկոտեկա գնալ, միգուցե նա կհասկանա քեզ:Սա,իհարկե,չափազանց դժվար է,եւ մեզանից շատերը,չկամենալով նույնիսկ փորձել,դիմակավորված շարունակում են ստել:Ճիշտ է մի բան. կյանքն իսկապես թատրոն է,եւ մեզ հատկացված դերը մենք պիտի խաղանք, այո՛, հենց խաղանք հնարավորինս բնական կերպով: ԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՌԱԲԻՍ… ՄՏՈՐՈՒՄՆԵՐ Ցանկացած հայի հայտնի է «ռաբիս» երեւույթը. նա կամ գոնե տեղյակ է այդ մասին, կամ էլ իր էությամբ հենց այդ երեւույթն է, որ կա: Շատ հաճախ ռաբիս երաժշտությունը եւ ռաբիս անձը նույնացվում են եւ, իհարկե, երբեմն համընկնում են: Համաձայնեք, որ նույնիսկ ամենադասական երաժշտության սիրահար հայը իր հարսանիքի, ծննդյան կամ որեւէ այլ տոնի ժամանակ չի կարող չպարել ռաբիսի «տաշ-տուշի» տակ: Սա դեռ այն դեպքում, երբ չեն համընկնում: Իսկ երբ համընկնո՞ւմ են: Այդ համընկածներին փնտրելու կարիք չկա: Նրանք ամենուր են՝ փողոցում, սրճարանում, համալսարանում, հատկապես շենքերի տաղավարների եւ շքամուտքերի մոտ: Գնում ես դասի՝ շքամուտքի մոտ են, գալիս ես՝ այնտեղ են, գնում ես աշխատանքի՝ այնտեղ են, գալիս ես՝ դարձյալ այնտեղ են: Ոչինչ չի փոխվում, բացի արեւածաղկի կճեպների դեզի ծավալից: Մի քանի տասնյակ տարիների պատմություն ունեցող «պպզողները» ունեն իրենց ավանդական հագուկապը, պպզելու կամ կանգնելու ձեւը, թզբեհը պտտացնելու վարպետությունը եւ այլն: Եվ ամենակարեւորը, ոչ մի իրեն հարգող «ապեր» չի կարող գեղեցիկ աղջկա հետեւից «ռեպլիկ չթողնել»: Չէ՞ որ կողքի «լոշտը» կասի. «Կարող ա՞ տղերքն են քո դուրը գալի»: Բայց կան նաեւ ավելի հետաքրքիր արտահայտություններ. – Տես՝ ինչ էգ ա գալի: – Ես սրա հետ բժիշկ-բժիշկ կխաղայի: – Քուր ջան, արի ցավդ յուղեմ: – Լավ ա ուշ, քան լոքշ: – 3 անգամ 7 հավասար ա «աչկո»: Ցավոք, այս ապրելակերպը մեր օրերում դարձել է կիսաազգային, որովհետեւ երիտասարդը վերածվել է ջահելի, տարեցը դարձել է բիձա, եռակցողը՝ սվարչիկ, պարապությունը՝ լոքշ, աղջիկն էլ դարձել ծիտ, որը չի թռչում: Այս չթռչող ծտերի երկրում ռաբիսները ամենուր են՝ կան այսպիսի պատգամավորներ, գործարարներ, «օբյեկտների» տերեր, թաղապետեր, ուղղակի տերեր եւ այլն: Ու նորից ու նորից, ամեն Աստծո օր, երբ պատշգամբից հիանում ես մթնշաղի տեսարաններով ու ինչ-որ գեղեցիկ բան երազում, ներքեւից, շքամուտքի մթության միջից լսվում է մեկի ծխախեղդ եղած բասը. – Ապե, հըլը զաժիգալկա վառեք, ոնց-որ նանար ա անցնում… ՄԻՔԱՅԵԼ ԱՍԼԱՆՅԱՆ ՀԱՃԵԼԻ+ՕԳՏԱԿԱՐ=ՀԱՄԲՈՒՅՐ Համբույր: Չկա մարդ, որ չիմանա՝ ինչ բան է դա, բայց եկեք եւս մեկ անգամ անդրադառնանք դրան: Եթե «համբույր» բառը ենթարկենք բառակազմական վերլուծության, ապա կստացվի, որ համբուրվելիս մենք առնում ենք մեկս մյուսի համը, կամ ավելի ճիշտ՝ զգում ենք միմյանց համերը, հոտը, բույրը: Ճակատին դրոշմված համբույրներին սովորաբար անվանում են եղբայրական, այտերին դրոշմվածներին՝ ընկերական, դե իսկ շուրթերին դրոշմված համբույրը բոլորիս հայտնի սիրային համբույրն է: Տարբեր ժամանակներում, տարբեր երկրներում մարդիկ համբույրին տարբեր կերպ են վերաբերվել: Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում Վերածննդի դարաշրջանում անգլիական թագավորի արքունիքում ընդունված էր համբուրվել՝ որպես ողջույնի ձեւ: Մինչդեռ Հյուսիսային Ամերիկայի ցեղերի մոտ դա կտրականապես արգելվում էր՝ համարվելով սրբապղծություն: Համբույրը, մանավանդ առաջին համբույրը մարդուն գերագույն հաճույք է պատճառում: Տղամարդկանց 60%-ը գտնում է, որ երբեմն, երբ իսկապես սիրում ես, համբույրը կարող է ավելի մեծ հաճույք պատճառել, քան սեքսը: Սակայն ինչ-որ մեկին համբուրելու համար անպայման չեն զգացմունքները, տվյալ դեպքում համբույրը կարող է լինել ֆիզիոլոգիական պահանջի հետեւանք: Հայտնի է, որ կան մարդկանց չորս հոգեբանական տիպեր: Ինչպես շատ ուրիշ ոլորտներում, համբուրվելու ոլորտում էլ այս չորս մարդկային տիպերն ունեն իրենց նախապատվություններն ու նախասիրությունները: Սակայն ինչքան էլ տարբերվեն նրանց տիպական նախասիրությունները, չպետք է մոռանալ, որ համբուրվելն արվեստ է: Իսկ ինչպես են գործում մարդու զգայարանները համբուրվելու ժամանակ: Համբուրվելիս գրգռվում են նյարդային վերջույթները, բերանի եւ շրթունքների ռեցեպտորներից աֆֆերենտ իմպուլսացիա է գնում դեպի ուղեղ՝ փալամիթ կենտրոն՝ կեղեւ: Ապա արտադրվում են էնդոգեն օպիատներ՝ հաճույքի հորմոններ՝ էնդորֆինը, էնկեֆալինը եւ այլն: Արտադրված հորմոնները թափանցում են արյան մեջ, եւ շրջանառության մեջ գտնվելով՝ բավարարվածության եւ երջանկության զգացում բերում մարդուն: Այդ զգացումները կարող են մարդուն հանել ստրեսային վիճակից: Համբուրվելը տարիքով մարդկանց համար օգտակար է նաեւ նրանով, որ այն հարթում է կնճիռները: Համբուրվելիս դեմքի մկաններն ապրում են խոր ռելաքսացիա: Մկանները չեն լարվում, գործում են միայն բերանի եւ այտերի որոշ մկաններ, որոնց ակտիվ գործադրումն ապահովում է արյան լավ շրջանառություն: Արյան լավ շրջանառության դեպքում մեռած կամ ծերացող բջիջները վերակենդանանում են՝ այսպիսով նրանց երիտասարդացնելով: ՄԱՐԳԱՐԻՏ ԹՈՒՆՅԱՆ ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ Ասեմ միշտ նոր մի հնություն. – Կյանքը պայքար է: Որպես սկիզբ վերցնենք սիրային բուռն պայքարը, որի ընթացքում բազմաթիվ սերմնաբջիջներից եւ ձվաբջիջներից ընտրվում են ամենաառողջները ու ամենաուժեղները: Միայն նրանք են «իրավունք նվաճում» կազմելու ապագա մարդուկի սաղմը: Լավ, բայց ոչ նորածին մանուկը, ոչ էլ մանկապարտեզ հաճախող երեխան, այսպիսի մանրամասների դեռ տեղյակ չլինելով, պայքարի մասին գաղափար էլ չունի: Ու այստեղ է, որ առաջին անգամ մանկապարտեզում (եթե մինչ այդ ապրել է ընտանիքում, որտեղ «պայքար» բառի իմաստը իրեն պետք չի եղել որոնել), հանդիպելով անձանց, ինչպիսիք են Արմինե ծյոծյան, Սեդա ծյոծյան, եւ այլոց, սկսում է մտածել, թե ինչու իր մայրն էլ չի գալիս հաճախ, չէ որ իրեն դա այնքան «պատիվ կբերեր»: Վերոհիշյալ հարգաժան տիկնայք իրենց պարտքն են համարում ամեն օր գալ մանկապարտեզ, հանդեսներին դայակների համար նվերների փող հավաքել: Եվ ակամայից դառնում են դայակների աջ ձեռքը: Ինչքան էլ որ անկողմնակալ լինի դայակը, սկսում է գործել հայկական «ԽԾԲ»-ն: Փառք ու պատիվ այս ուշադիր ծնողներին, բայց խնդիրն այն է, որ երեխան չի կարողանում հասկանալ, թե այդ ինչու Հակոբիկին թույլատրվում է ցերեկները չքնել, իրեն՝ ոչ: Ինչու հանկարծ փորձերի ընթացքում որոշվում է դերերը փոխել եւ իր դերը տալ Հոռոմսիմ «տայի» տղային, որը, ի դեպ, ընդհանրապես չի էլ ուզում այդ հանդեսին մասնակցել: Իսկ հանդեսի օրն էլ իր մայրիկից «հոգով քեզ հետ կլինեմ» նախաճաշը ստանալով՝ գալիս է դահլիճ, փորձերին՝ տխրում, սկսելուց առաջ՝ հուզվում: Իսկ բեմ դուրս գալուց եւ դերը պատվով կատարելուց հետո դեռ մի քիչ կանգնում, աչքերով փնտրում, իհարկե հույսով, որ միգուցե հանկարծ մաման կամ պապան գործից փախել են ու եկել, կանգնել, իրեն են նայում եւ հիանում: Հետո էլ իջնում է, աչքերը սրբում ու մտքում ասում. «Ոչինչ, մյուս անգամ անպայման կգան» ու չի վհատվում: Մարդուն շնորհված հույս ու հավատն է, թե կյանքի օրենքը, մեկ բառով՝ պայքարը, որ որդուկից որդ է սարքում, մարդուկից՝ մեծ մարդ, իսկ ոչինչից էլ՝ ինչ՞. ոչի՞նչ: ՇՈՒՇԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել