Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԱՐԻՔՆԵՐԻՑ

Նոյեմբեր 12,2004 00:00

ՉԱՐԻՔՆԵՐԻՑ ԱՆՀՐԱԺԵՇՏԸ Ոչ պոպուլյար դիտարկումներ ազգային անվտանգության մասին Գնացողների հետեւից խոսելը սխալ է: Կառլոս Պետրոսյանին պետք էր քննադատել այն ժամանակ, երբ նա «ձիու վրա» էր, ինչը բազմիցս արել ենք: Ուստի սահմանափակվենք ընդհանուր դատողությամբ. Կ. Պետրոսյանի գլխավոր թերությունն այն էր, որ նա իր մտածողությամբ ոստիկան էր: Ոստիկանի հոգեբանությունը խիստ տարբերվում է չեկիստի հոգեբանությունից: Պատճառն այն է, որ տասնամյակների ընթացքում ՊԱԿ-ը եւ միլիցիան (ինչպես էլ դրանք կոչվեն) բացարձակապես տարբեր ֆունկցիաներ էին կատարում եւ դրանց կադրային կազմը դաստիարակվում եւ հղկվում էր այդ՝ իրարից խիստ տարբերվող նպատակները հաշվի առնելով: Ջրբաժանը սկսեց թուլանալ 88-90 թվականների հեղափոխությունից հետո, տեղի ունեցավ «կադրային դիֆուզիա» ոստիկանության, բանակի, դատախազության եւ բուն անվտանգության մարմինների միջեւ, իսկ Կառլոս Պետրոսյանի օրոք եւ այդ թվում նրա «ջանքերով» անվտանգության եւ ոստիկանության կառույցներն այլեւս ոչնչով չեն տարբերվում: Ազգային անվտանգության նախարարությունը (այնուհետեւ՝ ծառայությունը) զբաղվում է ոչ թե անվտանգությամբ, այլ կլանային շահերի սպասարկմամբ, արտոնյալ տնտեսական գործունեությամբ, «տանիք կանգնելով» եւ ռեկետով: Ճիշտ այնպես, ինչպես ոստիկանությունը: Բայց ոստիկանությունը նման ապօրինի գործունեության հարուստ ավանդույթներ ունի՝ առնվազն 60-ական թվականներից: Երբ այսօր պնդում են, որ այդ ամենը սկսվել է Վանոյի ժամանակ, դա սուտ է եւ ասվում է զուտ քաղաքական նպատակներով՝ «նախորդ ռեժիմին» եւս մեկ անգամ «քլնգելու» համար: Ոստիկանությունը ոտքից գլուխ կոռումպացված է դեռեւս Բրեժնեւի ժամանակներից, եւ (գիտեմ, որ ոչ պոպուլյար տեսակետ եմ արտահայտում) անկախության շրջանում այդ կոռուպցիան ավելի շուտ նվազել է, քան ավելացել: Պարզապես շուկայական հարաբերությունների պայմաններում, ասենք, «ռեգիոնալի 6-ի պետը» կարող է իրեն թույլ տալ 100 հազար դոլարանոց «Ջիպ» ունենալ (իհարկե, աներձագի անունով), իսկ 70-80-ականների «շրջանի բեխեսեսի պետն» իր հարստությունները թաքցնում էր: Բայց նրանք վերցնում էին համարժեք գումարներ՝ դոլարով կամ ռուբլով: Ազգային անվտանգությունն ունի իր սեփական ավանդույթները: Իհարկե, ասել, որ այդ ավանդույթները «բարի» են, սրբապղծություն կլինի: Խորհրդային ՊԱԿ-ը արյունոտ եւ մարդակեր համակարգի ամենադաժան կառույցն էր: Բայց խոսքն այն մասին է, որ մինչեւ 90-ականների կեսերը այդ կառույցը ոստիկանության նման կոռումպացված չէր: Այնուհետեւ անվտանգությունը սկսեց «փչանալ», ձեռք բերել իրեն ոչ հատուկ ֆունկցիաներ: Այսինքն՝ մի բան է, երբ, ասենք, գաղտնալսումներն ու «կոպրոմատներ» հավաքելը, որն ինքնին, իհարկե, զազրելի է, ծառայում է ազգային անվտանգությանը (մի կողմ թողնենք, թե ինչպես է դա հասկացվում՝ կախված քաղաքական ռեժիմից), այլ բան է, երբ նույն զազրելի բաներն օգտագործվում են հարստանալու, կաշառք վերցնելու, շանտաժելու տնտեսական մրցակիցներիդ խեղճացնելու կամ պարզապես անձնական հաշիվներ մաքրելու համար: Ինչպե՞ս հասկանալ, օրինակ, երբ անվտանգության մարմինները իբր զբաղվում են «տնտեսական հանցագործություններով»: Ի՞նչ է դա, եթե ոչ «փող ուտելու» եւս մի ձեւ: Շուկայի պայմաններում տնտեսական հանցագործությունը մաքսային կամ հարկային օրենքների խախտումն է: Բայց դրա համար կան հարկային եւ մաքսային մարմիններ: «Կագեբե» բառը ցանկացած մտավորականի, ցանկացած ազնիվ մարդու մեջ բացասական էմոցիաներ է արթնացնում: Դա օրինաչափ է: Բայց պետք է գիտակցել, որ ոչ մի պետություն առանց հատուկ ծառայության չի կարող գոյատեւել: Ի դեպ, «կագեբեի գործակալ» բառը նույն ազնիվ մարդկանց մեջ պարզապես զայրույթ է առաջացնում՝ նույնպես օրինաչափ: Բայց այստեղ էլ պիտի ոչ պոպուլյար դիտարկում անեմ. գործակալները նույնպես պետք են: Բացահայտել նրանց՝ կնշանակի զրկել հատուկ ծառայությանը՝ աշխատելու հնարավորությունից: Գուցե արժե հրապարակել այն գործակալների անունները, որոնք աշխատում էին «կագեբեի» վրա մինչեւ 1985 թվականը եւ ում մատնություններով հազարավոր անմեղ մարդիկ գնդակահարվել են, ազատազրկվել են կամ բռնի կերպով ուղարկվել են հոգեբուժարաններ: Եվ թող զոհերի թոռները ներեն մատնիչների թոռներին: Բայց դա չի կարող վերաբերել ժամանակակից գործակալական ցանցին: Ի՞նչ եք կարծում, պե՞տք է, որ, ասենք, Ատոմակայանում անվտանգության գործակալներ լինեն: Վստահ եմ, որ անհրաժեշտ է: Եվ վերջին՝ «ոչ ժողովրդահաճո» դիտարկումը: Ի հեճուկս պետերի հաճախակի փոփոխության, Հայաստանում (համակարգում կամ համակարգից դուրս) մնացել են անվտանգության պրոֆեսիոնալներ, որոնք աշխատում էին դեռեւս Մարիուս Յուզբաշյանի օրոք եւ սակայն քաղաքական հետապնդումների հետ որեւէ կապ չունեն: Նրանց մեջ շատ են պարկեշտ, հայրենասեր եւ մտավոր բարձր ունակություններ ունեցող մարդիկ: Նրանց հետ զրուցելիս այն տպավորությունը ստացա, որ այդ պրոֆեսիոնալները որոշակի հույսեր են կապում Գորիկ Հակոբյանի՝ ԱԱԾ տնօրեն նշանակվելու հետ, որովհետեւ պրն Հակոբյանը այդ հին կադրերից է: Այդ մարդիկ հույս ունեն, որ ԱԱԾ-ն վերջապես կսկսի զբաղվել ազգային անվտանգությամբ: Կապրենք՝ կտեսնենք: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել