Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԷԼ ՉԻ՞ ԼԻՆԻ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՐԿԻՐ

Դեկտեմբեր 09,2004 00:00

2005-ի
վերաբերյալ նման կանխատեսում հնչեց երեկ ԱԺ վերջին եռօրյայում բյուջեի քննարկման
ժամանակ, որը կշարունակվի արդեն արտահերթ նստաշրջանում: Մշտական հանձնաժողովներում
քննարկումների ժամանակ 2005-ի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը հետաքրքրում էր առավելագույնը
10-15 պատգամավորի՝ 131-ից: Երեկ էլ լիագումար նիստում բյուջեի քննարկմանը ներկա
էին հազիվ 30 պատգամավորներ: Մի-երկուսը ՀՅԴ-ից էին, եւս 2-3-ը՝ ՄԱԿ-ից եւ ամբողջ
կազմով բացակայում էր «Ժողպատգամավոր» խումբը (մի պահ դահլիճում հայտնվեց միայն խմբի
քարտուղար Վահրամ Բաղդասարյանը): Փոխարենը՝ պատգամավորներն արդեն իսկ 460 առաջարկ
են ներկայացրել բյուջեի վերաբերյալ: «Առավոտի» ենթադրությանը, թե դրանց մեծամասնությունը
հիմնականում իրենց ընտրատարածքներին առնչվող այս կամ այն խնդրի ֆինանսավորմանն է
վերաբերում՝ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը պատասխանեց հաստատաբար.
«Միանշանա՛կ»: Վարդան Խաչատրյանը երեկ ԱԺ-ում կրկնեց իր այն հավաստիացումը,
թե 2005-ին մեզ հաջողվելու է հասնել 1989-ի ՀՆԱ-ի աճի մակարդակին: Եվ արձագանքելով
մամուլի՝ այս առնչությամբ հեգնալից հարցադրումներին, թե արդյոք հաջորդ տարի նո՞ւյն
կերպ ենք ապրելու, ինչ 1989-ին՝ ասաց. «Նույն ձեւի՝ հավասար չենք ապրելու: Կա բեւեռացում,
որի արդյունքում տարբեր է եկամուտների բաշխումը: Ուստի 2005-ի ՀՆԱ-ի այդ աճի արդյունքներն,
իհարկե, այնպես հավասարաչափ չեն բաշխվի, ինչպես բաշխվում էր 1989-ին»: Սակայն
երեկ Վարդան Խաչատրյանն ավելի ուշագրավ պնդում արեց, քան 1989-ի աճին հասնելու եւ
անցնելու մասին հայտարարությունն էր: «2005-ի ավարտին գոնե տնտեսության մեջ իսպառ
կվերանա «անցումային տնտեսությամբ պետություն» հասկացությունը,- ԱԺ ամբիոնից խոստացավ
նախարարը:- Անցումը խնդիր ուներ սեփականության մի ձեւից ու կառավարման համակարգից
անցնելու մեկ այլ համակարգի: Իսկ մեր ՀՆԱ-ի 80 տոկոսից ավելին այժմ տալիս է մասնավոր
հատվածը, որից 35-38 տոկոսը՝ փոքր եւ միջին ձեռներեցները: Այսինքն՝ այս առումով անցումը
սեփականության մի ձեւից մյուսին ավարտված է»: Վարդան Խաչատրյանը նաեւ նշեց, որ երբ
«անցում» բառն այլեւս չի բնութագրի մեր երկրի զարգացման միտումները՝ «կարելի կլինի
փոխել անունը՝ զարգացող երկիր կամ աղքատ երկիր»: Անգամ ԱԺ պատգամավոր Վազգեն Խաչիկյանը
հրապարակավ տարակուսեց, թե այսինքն՝ մինչեւ հիմա մենք ի՞նչ պետություն էինք: Նույն
հարցը հետո մենք կրկնեցինք եւ պրն Խաչատրյանից ստացանք՝ «զարգացող պետություն» պատասխանը:
Ուշագրավ է, թե ինչ հարցադրումներ երեկ հասցրին ուղղել ֆինանսների եւ էկոնոմիկայի
նախարարին պատգամավորները: Վազգեն Խաչիկյանին, ասենք, հետաքրքրում էր, թե ինչո՞ւ
է 2 անգամ ավելացել սպորտի ֆինանսավորումը՝ արդյոք պայմանավորված է օլիմպիադայում
հաջողություններո՞վ: Պարզվեց, որ ավելացումը նպատակաուղղվելու է դպրոցներում ֆիզկուլտուրային:
Սուքիաս Ավետիսյանը դժգոհեց, թե ինչո՞ւ բյուջեում տող չկա երկրաշարժի գոտում բնակշինարարության
վերաբերյալ: Նախարարը վստահեցրեց, թե կառավարությունը շարունակելու է գումարներ հատկացնել
աղետի գոտուն. «Անկախ նրանից, թե ով է քաղաքապետը եւ ինչպես է մտածում (օրերս Գյումրիի
քաղաքապետը հեռուստատեսությամբ սաստիկ քննադատել էր ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարին.-
Ա. Ի.)՝ պետությունը Գյումրիի համար անելու է ամեն ինչ, ինչպես արել է մինչեւ հիմա»:
Ռաֆիկ Պետրոսյանը հիշեց, որ Մարդու իրավունքների պաշտպանը դժգոհում էր իր
աշխատակազմին հատկացված գումարներից եւ հետաքրքրվեց, թե հավելյալ գումարներ հատկացվելո՞ւ
են: Վարդան Խաչատրյանը պատասխանեց, թե լուծվել են հիմնական պահանջները: Եվ
վերջապես՝ ՕԵԿ խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանն էլ հետաքրքրվեց, թե քանի
որ բյուջեում 16 մլրդ դրամի ավելցուկ կա՝ հնարավո՞ր է դրա մի մասը, ասենք՝ 6 միլիոն
դոլարին համարժեք գումար հատկացնել ավանդների փոխհատուցմանը: Հետեւեց ավանդական «ո՛չ»
պատասխանը: «Մենք աշխատելու ենք ձեռնպահ մնալ այդպիսի գումարներ դնել բյուջեում,-
ասաց նախարարը՝ նշելով, թե բյուջեում առանց նախագծային հիմնավորման գումար սահմանելը
պարունակում է կոռուպցիոն ռիսկեր:- Ցանկություններով բյուջե չենք կարող կազմել: Բայց
եթե քաղաքական որոշում լինի, որոշվեն չափերը՝ կառավարությունը պարտավոր կլինի կատարել
օրենքը»: Մենք էլ հետաքրքրվեցինք, թե քանի որ ուժայինները դժգոհ էին իրենց
ֆինանսավորումից՝ ավելացվելո՞ւ են մասնավորապես պաշտպանությանը նպատակաուղղված հատկացումները:
Վարդան Խաչատրյանը վստահեցրեց, թե այդ համակարգին հատկացվելիք գումարներն ավելացվելու
են՝ կազմելով 2,6 տոկոսի փոխարեն ՀՆԱ-ի 2,7 տոկոսը, ինչպես անցյալ տարիներին էր:
Այսինքն՝ պարզվում է, որ այս ամբողջ աղմուկը 0,1 տոկոսի համար էր: ԱՆՆԱ
ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել