Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ քաղաքացին հայտնվել է մեկուսարանում

Դեկտեմբեր 09,2004 00:00

Իրավապահները
գտնում են, որ նա ՀՀ քաղաքացի է եւ խուսափում է բանակից Նոյեմբերի 6-ին Հայաստան
եկավ Գեորգի Պարույրի Ոսկանյանը: Վերջինս Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, Ուլյանովսկի
մարզի Դիմիտրովգրադ քաղաքի բնակիչ: Գեորգին Հայաստան էր եկել մոր՝ Անահիտ Ոսկանյանի
առողջության հետ կապված, ինչպես մայրն է ասում՝ «բուժման հարցերը կարգավորելու նպատակով»:
Նոյեմբերի 22-ին, ժամը 24.30-ին տիկին Անահիտի բնակարան են ներխուժում Էրեբունի եւ
Նուբարաշեն համայնքների ոստիկանության աշխատակիցները եւ Գեորգիին տանում ոստիկանության
բաժին: Ոստիկանությունում Գեորգին տեղեկանում է, որ «գտնվում է հետախուզման մեջ»,
ավելին՝ հարուցված է քրեական գործ՝ բանակից խուսափելու կապակցությամբ: Անահիտ Ոսկանյանը
հաջորդ օրն իմանում է, որ տղայի նկատմամբ ընտրվել է խափանման միջոց կալանքը, եւ Գեորգիին
տեղափոխել են ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Հիշեցնենք, որ ամիսներ
առաջ նույն մեղադրանքով անազատության մեջ հայտնվեց ՌԴ մեկ այլ քաղաքացի՝ Արտաշես
Քրաջյանը: Նրա նկատմամբ հարուցված քրեական գործը այս օրերին լսվել է ՀՀ քրեական եւ
զինվորական գործերով վերաքննիչ դատարանում: Քրաջյանն արդարացվել է: Ոսկանյանի
գործը գտնվում է Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների դատախազության վարույթում: Դատախազության
աշխատակիցները Անահիտ Ոսկանյանին հայտնել էին, որ պետք է կատարի դրամական մուծում
1 մլն 800 հազար դրամի չափով: «Որպես ծնող մենք շվարել ենք,- մարդու իրավունքների
պաշտպան Լարիսա Ալավերդյանին ուղղված դիմում-բողոքում գրում է տիկին Անահիտը,- ինչո՞ւ
պետք է դրամական մուծում կամ փոխհատուցում կատարվի չեղած բանի համար, չէ՞ որ տղաս
հանդիսանում է այլ երկրի քաղաքացի, որտեղից ստացել է անձնագիր, զինգրքույկ»: Ոսկանյանների
ընտանիքը 1994-ից է գտնվում Դիմիտրովգրադում: 1994-ին էլ Գեորգին դառնալով չափահաս՝
ձեռք է բերել ՌԴ քաղաքացիություն, հաշվառված է ՌԴ զինված ուժերում, ունի զինվորական
գրքույկ (AE 1601901): «Այն տանը, ուր բնակվում եմ ես, ոչ մի անգամ ինձ չեն
անհանգստացրել, ոչ ոստիկանության աշխատակիցները, ոչ զինվորական կոմիսարիատը,- պատմում
է կալանավորվածի մայրը,- ոչ ոք չի զգուշացրել, թե տղաս փնտրվում է իրավապահների կողմից»:
Խմբագրությանը տրամադրված ՌԴ ներքին գործերի նախարարության կողմից տրված տեղեկանքից
էլ չի երեւում, թե երբեւիցե 27-ամյա Գեորգին գտնվում է հայաստանյան կամ որեւէ այլ
պետության իրավապահների ուշադրության կենտրոնում: Անահիտ Ոսկանյանը երեկ «Առավոտին»
տեղեկացրեց նաեւ, որ իրենց չի տրամադրվել որեւէ փաստաթուղթ, նախաքննությունն իրականացնող
մարմնի որեւէ որոշում, անգամ տղային որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում:
Դա թույլ է տալիս ծնողին կասկածել, որ իր տղային Ամանորի նախօրեին պարզապես որպես
պատանդ են պահում: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել