Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև այսօր ուղևորների և բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին համաձայնագիր է ստորագրվել։
ՀՀ կառավարության անունից համաձայնագիրը ստորագրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը։
Համաձայնագրով կանոնակարգվում է երկու երկրների միջև արտաքին առևտրային կապերի զարգացման համար հուսալի և բարձրարդյունավետ միջազգային ճանապարհային փոխադրմները։
Կարդացեք նաև
Քրիստինե Ղալեչյանն ընդգծել է, որ ՀՀ-ի և ՉԺՀ-ի միջև ստորագրված ուղևորների և բեռների միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին համաձայնագիրը ևս մեկ կարևոր քայլ է երկու երկրների միջև տրանսպորտի ոլորտում համագործակցության խորացման և փոխկապակցվածության ամրապնդման ուղղությամբ։
Համաձայնագրի ստորագրումը կարեւոր քայլ է՝ ուղղված Հայաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերության գործնական իրագործմանը։
***
ՀՀ տարածքային կառավարման և ենթկառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում մասնակցել է «Կայուն տրանսպորտի գլոբալ համաժողով 2026»-ին և դրա շրջանակներում անցկացվող Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքի վերաբերյալ բարձրաստիճան հանդիպմանը։
Հայաստանյան պատվիրակության կազմում են նաև ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը և ՉԺՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գևորգյանը։
Քրիստինե Ղալեչյանը հանդես է եկել ելույթով՝ ընդգծելով, որ Հայաստանը, գտնվելով Եվրոպան, Մերձավոր Արևելքը և Կենտրոնական Ասիան կապող խաչմերուկում, ունի կարևոր աշխարհագրական դիրք և զգալի ներուժ՝ դառնալու տարածաշրջանային տարանցիկ և լոգիստիկ հանգույց՝ կապելով Չինաստանը Եվրոպայի հետ․ «Մենք շահագրգռված ենք Հայաստանի ճանապարհային և երկաթուղային ցանցի ինտեգրմամբ առավել լայն տարածաշրջանային և միջտարածաշրջանային կապակցվածության ծրագրերում, այդ թվում՝ Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքում»,-ասել է տիկին Ղալեչյանը՝ հավելելով, որ այս տեսլականի հիմքում Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունն է, որի նպատակն է ստեղծել բաց, անվտանգ և արդյունավետ հաղորդակցային միջավայր՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների վրա։
ՏԿԵ փոխնախարարը նշել է, որ «Խաղաղության խաչմերուկի» կարևոր բաղադրիչներից է ԹՐԻՓՓ (TRIPP) երթուղին, որի իրականացումը կարող է նպաստել տարածաշրջանային երկաթուղային ցանցի վերամիավորմանը, միջազգային բեռնափոխադրումների ծավալների ավելացմանը և Հայաստանի առավել ակտիվ ներգրավմանը միջազգային տարանցիկ երթուղիներում։
Ամփոփելով ելույթը՝ Քրիստինե Ղալեչյանը վստահություն է հայտնել, որ բաց համագործակցության և ընդհանուր շահերի վրա հիմնված նախաձեռնությունները կարող են նշանակալի ներդրում ունենալ Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքի արդյունավետության բարձրացման գործում, և Հայաստանը պատրաստ է շարունակել ակտիվ համագործակցությունը բոլոր գործընկերների հետ՝ ձևավորելու առավել փոխկապակցված, արդյունավետ և կայուն տարածաշրջանային տրանսպորտային համակարգ։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն



















































